Рубрика: Պատմություն

Հայաստանը 7-րդ դարում, Հայ արաբական պայմանագիր

Պարսկա-բյուզանդական պատերազմի վերսկսումը:

Հայաստանը 7-րդ դարի առաջին տասնամյակներում կրկին հայտնվեց պարսկա-բյուզանդական պատերազմների ոլորտում։

Պատերազմի առաջին տարիներին նախաձեռնությունը Պարսկաստանի (Իրանի) կողմն էր։ Խոսրով 2-րդի զորքերը ներխուժում են Արևմտյան Հայաստան, որտեղ հայ ժողովրդի պայքարը գլխավորում է Վահան իշխանը Տարոնում։

Պատերազմի շրջանում՝ 607-608 թվականներին, Բյուզանդիայի գործուն աջակցությամբ Վրաց եկեղեցին ընդունում է քաղկեդոնականությունը և անջատվում Հայ եկեղեցուց։

Սասանյանների զորքերը գրավում են Բյուզանդական կայսրությանը ենթակա տարածքները ԱսորիքումՓոքր Ասիայում և Եգիպտոսում։ 614 թվականի նրանք տիրում են նաև Երուսաղեմին, որտեղից, որպես ավար, ոսկու և արծաթի հետ տանում են նաև Խաչափայտը, որի վրա խաչել էին Քրիստոսին։

615 թվականին Խոսրով 2-րդը գումարում է Տիզբոնի ժողովը, որին մասնակցում էին պարսից տիրապետության տակ հայտնված երկրներից հոգևոր և աշխարհիկ ներկայացուցիչներ։ Հայերից ներկա էին Կոմիտաս Մամիկոնյան և Մաթեոս Ամատունի եպիսկոպոսներն ու Սմբատ Վագրատունին։ Վիճաբանություններից հետո ընդունվում են տիեզերական առաջին երեք ժողովների վճիռները, և մերժվում են 451 թվականի Քաղկեդոնի ժողովի որոշումները։ Խոսրովը հրամայում է․ «Ամեն քրիստոնյա, որ իմ իշխանության տակ է, հայոց հավատին թող հարի»։ Տիզբոնի ժողովից հետո Կոմիտաս Մամիկոնյանը պաշտոնապես օծվում է հայոց կաթողիկոս (615-628 թվականներին)։ Նրա ջանքերով կառուցվում է հոյակերտ Ս․ Հռիփսիմեի տաճարը (618 թվականին)։

7-րդ դարի 20-ական թվականներին Հերակլ կայսրը մի քանի արշավանք է ձեռնարկում դեպի Պարսկաստան։ Բյուզանդացիները լուրջ հաջողություններ են ունենում։ 631 թվականի սեպտեմբերի 14-ին Հերակլը Խաչափայտը վերադարձնում է Երուսաղեմ։ Հենց այդ օրն էլ քրիստոնյաները սկսում են նշել Խաչվերացի եկեղեցական տոնը։

Արևելյան Հայաստանում սկսվել էր անկախացման գործընթաց՝ մարզպան Վարազտիրոց Բագրատունու գլխավորությամբ։ Դրանից անհանգստացած՝ ախոյան երկրները մոռանում են իրենց միջև առկա թշնամությունը և կրկին հայերի դեմ գործում միասնաբար։

Կայսրը Վարազտիրոցին ուղարկում է Կոստանդնուպոլիս։ Չհաշտվելով «պատվավոր աքսորյալի» վիճակի հետ՝ նա մասնակցում է Հերակլի դեմ կազմակերպած դավադրությանը։ Դավադրության բացահայտումից հետո Հերակլը բոլորին դաժանորեն պատժում է, իսկ Վարազտիրոցին աքսորում մի կղզի։

Արևմտյան Հայաստանում հայրենասիրական ուժերը համախմբվում են իշխան Դավիթ Սահառունու շուրջ, որը ստանձնում է երկրի զորավարությունը։ Հերակլը նրան տալիս է «պատրիկ-կյուրապաղատի» աստիճան և ճանաչում հայոց իշխան։ Հերակլի այդպիսի վերաբերմունքը թելադրված էր թե՛ Բյուզանդիային համակած ճգնաժամով և թե՛արաբների հարձակումներով։ Դավիթ Սահառունին մինչև 7-րդ դարի 30-ական թվականների վերջը գլխավորում է երկրի միավորման գործը։ Նրան փոխարինում է Թեոդորոս Ռշտունին։

640 թվականին սկսվեցին արաբական զորքերի ներխուժումները Հայաստան։ Հաջորդ տարի արաբները հարձակվում են Դվինի վրա։ Չնայած բնակիչների համառ դիմադրությանը՝ նրանք գրավում, ավերում ու թալանում են քաղաքը, բնակիչներից շատերին կոտորում, իսկ 35000 մարդ գերեվարում և տանում են խալիֆայության խորքերը։ Արաբական արշավանքները հետագա տարիներին կրկնվում են։

Բյուզանդական կայսր Կոստանդին (Կոստաս) 2-րդը, չհաշտվելով Թեոդորոս Ռշտունու ինքնուրույն քաղաքականության հետ, նրան մեղադրում է Հայաստանում գտնվող բյուզանդական մի ջոկատի՝ արաբներից 643 թվականին կրած պարտության մեջ և ձերբակալում։ Այդ նույն ժամանակ գերությունից փախչում և հայրենիք է վերադառնում Վարազտիրոցը։ Կայսրությունն արաբների դեմ հայերի աջակցությունը ստանալու համար նրան շնորհում է կյուրապաղատի կոչում և հանձնում հայոց իշխանի պաշտոնը։ Սակայն Վարազտիրոցը շուտով մահանում է։ Հայաստանը կայսրության ոլորտում պահելու ձգտումով Կոստասն ազատ է արձակում Թեոդորոսին և ճանաչում նրա իշխանությունը։

Հայ-արաբական պայմանագիրը

Խալիֆայությունը չէր հրաժարվել Հայաստանը նվաճելու ծրագրից։ Նման պայմաններում հայ հոգևոր ու աշխարհիկ իշխանների մի խմբավորում՝ Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի ղեկավարությամբ, շարունակում էր հույսեր կապել քրիստոնյա Բյուզանդիայի օգնության հետ։ Սակայն մյուս թևը՝ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ, փորձում էր քաղաքական հարաբերություններ հաստատել Արաբական խալիֆայության հետ։ Ռշտունին Հայաստանի անվտանգությունն ապահովելու նպատակով 652 թվականին մեծ ընծաներով ուղղվեց Ասորիքի (Սիրիա) և Վերին Միջագետքի՝ այդ ժամանակվա կառավարիչ Մուավիայի մոտ։ Արաբները, ձեռնտու համարելով հայերի հետ դաշինքը, Դամասկոսում կնքում են հայ-արաբական դաշնագիր։

Ըստ պայմանագրի՝ խալիֆայությունն առնվազն 3 տարի հարկ չէր գանձելու, իսկ դրանից հետո հայերն այնքան էին վճարելու, որքան կամենային։ Ի հաշիվ գանձվող հարկի՝ հայերը 15-հազարանոց այրուձի էին պահելու, որը պետք է պատրաստ լիներ գործելու այլ տեղերում։ Հայաստանում արաբական զորք չէր լինելու։ Բյուզանդացիների ներխուժման դեպքում խալիֆայությունն այնքան զորք էր ուղարկելու, որքան հայերը կամենային։

Պայմանագրի կնքումը սրում է հայ-բյուզանդական հարաբերությունները։ 653 թվականին Կոստանդին 2-րդը 100-հազարանոց բանակով ներխուժում է Հայաստան։ Այդ իրավիճակում, «պայմանագրի» համաձայն արաբները չեն հապաղում ներխուժել Հայաստան։ Նրանք հետապնդում են բյուզանդական զորքին, որը նախ փախչում է Տայք, իսկ այնտեղից՝ Տրապիզոն, որտեղ էլ պարտություն է կրում հետապնդող արաբական զորքից։

Թեոդորոս Ռշտունին գնում է Դամասկոս՝ Մուավիայի մոտ, և որպես հայոց իշխան՝ Հայաստանի հետ միաժամանակ իշխանություն ստանում նաև Վիրքի ու Աղվանքի վրա՝ մինչև Ճորա պահակն ընկած տարածքները։

Արաբների հաջորդ ասպատակությունը և բյուզանդական ներխուժումը մեծ ավերածություններ են պատճառում երկրին։ Արաբները Հայաստանից հեռանում են մեծ ավարով և բազում գերիներով։ Ռշտունին, կամովին միանալով գերիներին, 656 թվականին մահանում է օտարության մեջ։ Նրա մարմինը թաղում են հայրենի կալվածքում՝ Ռշտունիքում։

ՀԱՅ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԱՐԱԲԱԿԱՆ ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅԱՆ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

IX դ. սկզբներին հայ իշխանական տները, օգտվելով արաբական իշխանության թուլացումից, աստիճանաբար ընդլայնեցին իրենց տիրույթներն ու ամրապնդեցին սեփական իշխանությունը:Դրանց մեջ հատկապես առանձնանում էին Բագրատունիները: Տեր դառնալով երկրի քաղաքական կյանքից հեռացած տոհմերի տիրույթներին՝ արաբ եկվոր ամիրաների դեմ համառ պայքարում նրանք տիրացան երկրի գրեթե մեկ երրորդին: Այդ հաղթանակների կազմակերպիչն ու ոգեշնչողն Աշոտ Բագրատունին էր՝ Մսակեր մականունով: 804թ. արաբները նրան ճանաչեցին Հայոց իշխան, որն իր եղբորը նշանակեց սպարապետ: Նրանց տիրույթներն ընդգրկում էին Տարոնը, Արշարունիքը, Շիրակը, Աշոցքը, Բագրևանդը և Տայքը: Աշոտն իր իշխանության կենտրոն էր դարձրել Բագարան բերդաքաղաքը՝ Ախուրյանի ափին: Բագրատունիները ոչ միայն իրենց ձեռքում կենտրոնացրին քաղաքական իշխանությունը, այլև հսկողության տակ վերցրին եկեղեցին: Նրանց ազդեցությունը տարածվում էր անգամ Վերին Միջագետքում: Բագրատունիների մի ճյուղը հաստատվել էր Վիրքում և համագործակցում էր Հայաստանի իրենց տոհմակիցների հետ: Բագրատունիներից բացի աչքի էին ընկնում Վասպուրականի տեր Արծրունիները, Սյունյաց և Արցախի իշխանական տոհմերը: Նրանք ևս զենքի ուժով ընդարձակեցին իրենց տիրույթները՝ բազմիցս հաղթելով արաբ ամիրաներին: IX դարում կրճատվել էր Հայաստանից խալիֆայության գանձարան մուծվող հարկի ծավալը: Նվազել էր ոչ միայն նրա չափը, այլև վճարումը դարձել էր անկանոն, դեպքից դեպք: Մինչդեռ հարկատվությունն արաբական տիրապետության ճանաչման հիմնական պայմանն էր: Աշոտ Մսակերին հաջորդեց որդին՝ Բագարատը, որն ստացել էր Հայոց իշխանաց իշխանի պաշտոնը: Վերջինիս իրավունքները Հայոց իշխանի համեմատ շատ ավելի մեծ էին: Նա փաստորեն դարձել էր Արմինիայի ոստիկանի տեղապահ՝ փորձելով անգամ դառնալ ոստիկան: Բագարատ Բագրատունու օրոք Հայաստանը վերականգնեց իր ինքնավարությունը:

850-855թթ. ապստամբությունը և Հայաստանի փաստական անկախության հաստատումը

Հայաստանի ինքնավարությունը վերացնելու և հարկային լուծը վերականգնելու հանձնարարությամբ 849թ. երկիր ուղարկվեց Աբուսեթ ոստիկանը: Բագարատ Բագրատունին, հակառակ ընդունված կարգի, չներկայացավ ոստիկանին, այլ մեծարժեք ընծաների հետ նրան ուղարկեց հավաքված հարկերը:

Արաբ ոստիկանն ստիպված եղավ դրանով բավարարվել և հետ դառնալ: Պատճառն այն էր, որ Հայաստանի հարավային նահանգների նախարարները ռազմական դաշինք էին ստեղծել միմյանց հետ և դարձել խիստ վտանգավոր: Հեռանալով երկրից՝ Աբուսեթն իր հետ տանում էր հայ իշխանների վերաբերյալ տեղի մահմեդական բնակչության բողոքագրերը: Այնուամենայնիվ, նա արաբական զորքը տրամադրեց երկու զորավարների՝ կարգադրելով ասպատակել Տարոնն ու Վասպուրականը և բռնությամբ հավաքել հարկերը: Բագարատ Բագրատունու և Վասպուրականի իշխան Աշոտ Արծրունու գլխավորությամբ հայկական միացյալ զորքը ջախջախեց արաբներին: Արաբներն այլևս չէին կարող անտարբեր լինել: 850թ. նրանց հերթական արշավանքը գլխավորեց ճանապարհին մահացած Աբուսեթի որդի Յուսուփը: Վերջինս, մտնելով Հայաստան, ասպատակ սփռեց Վասպուրականում, ապա իր մոտ կանչեց Բագարատ Բագրատունուն՝ նրան խոստանալով տալ Արմինիայի կառավարչի պաշտոնը: Սակայն Յուսուփը Խլաթում խաբեությամբ ձերբակալեց Բագարատ Բագրատունուն և շղթայակապ ուղարկեց Բաղդադ: Յուսուփն ավերածություններ գործեց Տարոնում, նրա բնակչությանը գերության քշեց կամ դաժան կտտանքների ենթարկեց: Այդ վայրագությունները, սակայն, անպատասխան չմնացին: Իրենց քաջությամբ հռչակված Խութ ու Սասուն գավառների լեռնականները Բագարատ Բագրատունու որդիների և Հովհան Խութեցու գլխավորությամբ հարձակվեցին արաբների վրա ու Մուշում նրանց գլխովին ջախջախեցին: Յուսուփը, որ պատսպարվել էր քաղաքի եկեղեցու գմբեթում, սպանվեց մի սասունցի երիտասարդի կողմից: Լեռնականների հաղթանակն այնքան փառավոր ու տպավորիչ էր, որ այն կազմեց «Սասնա ծռեր» ժողովրդական դյուցազնավեպի հիմքը: Արաբների դեմ սկսված ազատագրական պայքարը տարածվեց նաև Արմինիայի մյուս երկրներում:Արաբական խալիֆայությունն ապստամբությունը ճնշելու համար մեծ բանակով 851թ. գարնանն ուղարկեց իր դաժանությամբ հայտնի, ազգությամբ թուրք Բուղային: Նրան կարգադրվել էր Հայաստանի բոլոր իշխաններին շղթայակապ արքունիք ուղարկել ու տիրել նրանց ունեցվածքին: Բուղան սկզբում ներխուժեց Տարոն: Այնուհետև ձերբակալեց ապստամբության ղեկավար խշխաններին, սրատել տվեց բնակչության մի մասին, իսկ շատերին գերեվարեց: Նույն կերպ նա վարվեց ապստամբած Վասպուրականի տերերի հետ: Սակայն նա անկարող եղավ ճնշելու ապստամբությունը, որովհետև հայ իշխանները շարունակում էին համառ դիմադրել: 853թ. գարնանը Բուղան ավերեց Սյունիքը, այնուհետև Արևելյան Վրաստանը: Այստեղ, սակայն, նա լեռնականներից պարտվեց: Բուղան նույն ճակատագրին արժանացավ Արցախում, որտեղ Եսայի իշխանի գլխավորությամբ Քթիշ ամրոցի պաշտպանները մեկ տարի շարունակ հերոսական մարտեր էին մղում նրա դեմ: 855թ. Բուղան հետ կանչվեց: Նա հատկապես ձախողվել էր Վասպուրականում և հարկադրված ճանաչել Արծրունիների իշխանությունը:850-855թթ. ապստամբությունը Արաբական խալիֆայության դեմ հայ ժողովրդի ամենահուժկու ու ամենամեծ ելույթն էր: Ապստամբությունը խորապես ցնցեց Հայաստանում արաբական տիրապետության հիմքերը և ուղի հարթեց հայկական պետականության վերականգնման համար:

Оставьте комментарий