Рубрика: Без рубрики, Գրականություն

Թումանյան, «Ձևն ու հոգին» (հատված)

1. Ի՞նչ եք կարծում, այսօր գերակշռողը ձևն է, թե՞ բովանդակությունը: Ինչո՞ւ ես այդպես կարծում, փորձիր կարծիքդ հիմնավորել:

Կարծում եմ, ցավոք սրտի, գերակշռում է ձևը… Այդպես եմ կարծում , քանի որ ձևին հետևելը ավելի հեշտ է քան բովանդակությանը: Եթե օրինակ մարդիկ եկեղեցի գնալու ու մոմ վառելու փոխարեն ընդամենը կատարեին Աստծո 10 պատվիրանները, աշխարհը շատ ավելի բարի ու անվտանգ կլիներ: Բայց ավելի հեշտ է պատվիրաններին չհետևել, փոխարենը օրը մի քանի անգամ գնալ եկեղեցի, մոմ վառել, թողություն խնդրել մեղքերի համար, դուրս գալ եկեղեցուն , նորից մեղք գործել և այդպես շարունակ…

Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը— ձևը և ներքին իմաստը–հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին․ իսկ հեշտը ձևն է։ Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում։

Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը— եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։

Նույնիսկ էն մոմերն էլ որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց էսօր օրը ցերեկով վառելով պահում են միայն ձևը անմիտ ու անխորհուրդ։

Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանամ ու երկար միրուք։ Եվ եթե նա ավետարանը փչացնի— ոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրարանցում կձգի հավատացյալների մեջ։ Քրիստոնեություն ասելով մկրտություն, պատարագ, պսակի ու թաղման, տնօրհնեքի ու գերեզմանօրհնեքի և այլ արտաքին ծեսեր ու արարողություններ են հասկանամ։

Էդպես է պատահում և նոր գաղափարների հետ։

Ուսումնարան ասելով ավելի շատ շենքն են հասկանում, քան թե ուսուցիչ ու աշակերտ։ Իմ էդ հասկացողությունն է խոր պատճառը, որ ուսուցիչը մեզանում էնքան հաճախ ու հեշտ ենթարկվում է զրկանքի, հալածանքի ու արհամարհանքի։ Ուսումնարանի գաղափարը նրա հետ չի կապված, այլ շենքի։

Մի խոսքով գլխավորը պատերն են։

Գրականություն ասելով էլ երբեք կենդանի մարդիկ չեն հասկանամ, այլ տպած գրքեր, և մինչև անգամ դրանից ավելի վատը՝ անուններ․․․

Թատրոնն էլ մի մեծ շենք է, որ բեմ ունի, մեջը տոմսակներ են ծախվում ու դերասաններ են խաղում.

Իսկ դերասան կնշանակի― բեխերը վեր արած մարդ․․․

Ձևն ու ձևապաշտությունը ամեն տեղ, և վա՛յ էն մարդուն, որ էս տեսակ միջավայրում հասկանում ու սիրում է իրերի ու երևույթների ներքին իմաստը և մանավանդ նրանց առողջ ամբողջությունը։

Оставьте комментарий