Որ ենթակա թագավորությունն էր ամենահզորը:
Գագիկ Ա-ն Հայոց տերության վերջին հզոր թագավորն էր: Նրա մահից հետո անջատողական ձգտումներն իրենց զգալ տվեցին անգամ Անիի թագավորությունում:Արքայական իշխանության համար պայքարը Գագիկ Ա-ի որդիների միջև վերաճեց զինված ընդհարման, որին միջամտեցին հարևան պետությունները: Ի վերջո հայոց սպարապետ Վահրամ Պահլավունու և վրաց թագավորի միջամտությամբ եղբայրները հաշտվեցին: Ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, որին պաշտպանում էր պալատական վերնախավը, ժառանգեց գահը՝ ստանալով Անի քաղաքը, Շիրակը և հարևան գավառները: Կրտսեր եղբայր Աշոտ Դ-ին բաժին ընկան Անիի թագավորության հարավային և արևելյան շրջանները: Հովհաննես-Սմբատի մահվանից հետո Աշոտը ժառանգելու էր նրա տիրույթները: Փաստորեն Անիի թագավորությունը մասնատվեց, իսկ նրա ենթակա թագավորությունները գործնականում անկախ դարձան: Բագրատունիների տերությունը դադարեց գոյություն ունենալուց: Ստեղծված դրությունից չհապաղեց օգտվել Բյուզանդիան՝ միացնելով իրեն Տայքը: Վրացիների և հայերի կողմից Տայքը հետ գրավելու փորձը ձախողվեց, և բյուզանդական զորքերը ավերեցին վրացական թագավորությունները՝ հաշվեհարդար տեսնելով բնակչության հետ: 1022թ. վրաց թագավորություններն ստիպված էին Տրապիզոնում հաշտության բանակցություններ սկսել բյուզանդացիների հետ: Քանի որ Հովհաննես-Սմբատը մասնակցել էր Տայքի համար մղվող պայքարին, բանակցություններին Անիի թագավորության կողմից մասնակցեց հայոց Պետրոս Գետադարձ կաթողիկոսը: Նա պատկանում էր բյուզանդամետ հոսանքին: Եվ երբ Վասիլ Բ կայսրը պահանջեց, որ Անիի թագավորությունը հանձնվի կայսրությանը, Հովհաննես-Սմբատը, կաթողիկոսի ճնշման ներքո, ստորագրեց մի խայտառակ կտակ, որով իր տիրույթներն իր մահից հետո պետք է անցնեին Բյուզանդիային: Դրանով Հովհաննես-Սմբատի թագավորությունը հայտնվեց կործանման եզրին: Բյուզանդիան մինչ այդ Հայաստանում հասել էր նշանակալից հաջողությունների: 966թ. կայսրությունը իրեն էր միացրել Տարոնը, շատ չանցած նաև Մանազկերտը՝ ավերելով այն և վերջ տալով կայսիկների արաբական ամիրայությանը, 1001թ.՝ Տայքը, իսկ 1021թ.՝ Վասպուրականի թագավորությունը: Վասպուրականի Հովհաննես-Սենեքերիմ թագավորը, նեղվելով թուրք քոչվորներից, ստիպված համաձայնել էր իր տիրույթների փոխարեն հողեր ստանալ Սեբաստիա քաղաքի շրջակայքում: Թագավորի հետ Սեբաստիա գաղթեցին նրա 14 հազար զինվորներն իրենց ընտանիքների հետ: Բյուզանդացիները չկարողացան ընկճել միայն Սասունի իշխանությունը: Դիվանագիտական ճանապարհով հաջողության չհասնելու դեպքում կայսրությունը դիմում էր զենքի:
Աղբյուր` http://www.lib.armedu.am
. Վերլուծե′ք Անիի թագավորության թուլացման ու անկման պատմությունը:
Անիի թագավորության թուլացման պատճառները մի քանիսն էին: Նախ Բյուզանդիայի հարձակումներն էիր, որոնք խանգարում էին պայքարել Չինաստանի արևմուտքից եկած սելջուկ-թուրքերի դեմ, ինչպես նաև Գագիկ Ա-ի երկու որդիների՝ Հովհաննես-Սմբատի և Աշոտ Դ-ի միջև տեղի ունեցած ընդհարումը՝ տարածքների համար։
Կայսրը, իբր թե կնճռոտ հարցերը լուծելու համար, Գագիկ Բ-ին հրավիրեց Կոստանդնուպոլիս: Սպարապետ Վահրամ Պահլավունին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և նրանց կողմնակիցները դեմ էին Հայոց թագավորի Կոստանդնուպոլիս գնալուն: Սկզբում նրանց հորդորով Գագիկը հրաժարվեց հրավերից՝ հասկանալով որ դրանից խարդախություն է բուրում: Սակայն, շատ չանցած, նա տեղի տվեց կաթողիկոսի և Վեստ Սարգսի համառ հորդորներին և 1044թ. մեկնեց Բյուզանդիայի մայրաքաղաք: Բանակցությունների փոխարեն նրանից պահանջեցին Անին իր շրջակայքով, ինչը Գագիկ Բ-ն խիզախորեն մերժեց: Նա կայսրին ամոթանք տվեց հետևյալ խոսքերով. «Հայոց տան տերն ու թագավորն ես եմ և ես քեզ չեմ տալիս հայոց երկիրը, որովհետև դու ինձ խաբեությամբ ես բերել Կոստանդնուպոլիս»: Դրանից հետո կայսրը նրան կալանավորեց և թույլ չտվեց երկիր վերադառնալ: Կրկին Անի ուղարկված բյուզանդական զորքերը դարձյալ պարտություն կրեցին: Սակայն հաղթանակն անարդյունք եղավ, քանի որ բյուզանդամետ ուժերը կաթողիկոսի գլխավորությամբ քաղաքն առանց կռվի հանձնեցին բյուզանդացիներին: Հայաստանի Բագրատունյաց կենտրոնական թագավորությունն ընկավ: Այն մեծ հարված էր հայոց պետականությանը, քանի որ երկար դարեր հայ ժողովուրդը չկարողացավ բուն Հայաստանում վերականգնել իր անկախ պետականությունը:
Շարունակեցին իրենց գոյությունը պահպանել Կարսի, Տաշիր-Ձորագետի և Սյունիքի թագավորությունները: Սակայն դրանք թույլ էին և ի վիճակի չէին համահայկական պետություն ստեղծելու շարժումը գլխավորել:


