Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի /Թելլի/ Միրզայանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսի տունը այժմ կիսավեր վիճակում է: Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908—1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան:
Տեսածի, ապրածի ու զգացածի յուրահատուկ արտահայտությունը հետագայում դարձավ բանաստեղծի «Դանթեական առասպել» պոեմը, որը 1914-1918 թվականների համաշխարհային պատերազմի առաջին և ամենացնցող արձագանքն է հայ գրականության մեջ: Այս պոեմը առաջին գրավոր հիշատակություններից է Հայոց եղեռնի մասին[8]:
Գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։ Հայրենիքին պիտանի լինելու մղումով 1919 թվականի աշնանը նա ուսուցչություն է անում Կարսի մարզի Բաշքյադիկլար գյուղի դպրոցում։
1932 թվականին լրանում է Չարենցի գրական գործունեության 20 տարին։ Գրողների միությունը որոշում է նշել այդ հոբելյանը, ինչն այդպես էլ չի նշվում։ 1935 թվականից սկսած՝ Չարենցի դեմ ուղղված հալածանքներն ավելի են խորանում։ Նրան հեռացնում են հրատարակչությունից և գրողների միությունից։ 1936 թվականի սեպտեմբերի 24-ից Չարենցը ենթարկվում է տնային կալանքի, նույնը վերջնականապես պարտադրվում է նոյեմբերի 9-ին։ Հայտնի է նաև, որ այդ օրերին գրազի համար մի գիշերում Չարենցը գրել և հաջորդ օրը պատռել է վեց տասնյակից ավելի քառյակ։ 1936 թվականից ավելի ուժգնացած հալածանքների օրերին Չարենցը մեկուսացած կյանք է վարում։ Նա սպասումների մեջ էր։
1936 թվականի հունիսի 20-ին Անդրերկրկոմի ղեկավարության հետ Խանջյանը սկսում է բանակցություններ վարել, որպեսզի Չարենցին թույլատրեն մեկնել արտասահման՝ բուժման նպատակով։ Սակայն Խանջյանի դավադիր սպանությունը ձախողում է Չարենցի մեկնումը։ 1937 թվականի նոյեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 7։00-ին, Կենտրոնական բանտի հիվանդանոցում, օրեր շարունակ տևած անգիտակից վիճակից հետո, բոլորից լքված ու անօգնական՝ իր մահկանացուն է կնքում Եղիշե Չարենցը՝ ժամանակի մեծագույն բանաստեղծը։ Մարտի 13-ին լրացել էր նրա 40 տարին։ Տարիներ շարունակ տևած այս դաժան ողբերգության գլխավոր դեմքը արյունաքամ և ուժասպառ հեռացավ աշխարհից։ Նույն օրը՝ նոյեմբերի 28-ին, կատարեցին դիահերձում։ Արձանագրության մեջ ասված է. «Քննության է դրված տղամարդու դիակ, միջինից ցածր հասակով, խիստ նիհարած։ Ձախ նախաբազկի արտաքին մակերեսին եղել է դաջված. «1927 թվականի հունվար, Ա.Չ»։ Անջինջ գրերով բանաստեղծը մարմնի վրա արձանագրել է իր մեծ սիրո՝ Արփենիկ Չարենցի մահվան թվականը։
Չարենցը տառապել է խորացած մորֆինիզմով, որից և հյուծվել է օրգանիզմը, իսկ վերջին օրերին մորֆիի բացակայությունը հասցրել է աղեստամոքսային ուղու քայքայման։ Գլուխ են բարձրացրել նաև նախկին հիվանդությունները՝ շարունակական պլևրիտը, լյարդի էխինակոկը, երիկամի բորբոքումը։ Այդ ամենը հասցրել է թոքերի կատառային բորբոքման, որից էլ վրա է հասել մահը։ Նրա վիճակը ծանրացել էր նոյեմբերի 17-ից, այդ պատճառով տեղափոխվել էր բանտի հիվանդանոց, ուր և վախճանվել է նոյեմբերի 27-ին։ Մարգարեանալով մի քանի ամիս առաջ՝ 1936 թվականի դեկտեմբերի 15-ին, նա գրել էր։
Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած։
Անձնական կյանք
Արտաքուստ բարեկիրթ, անգամ սառը, բայց ներքուստ վարար ու կրքոտ սեր է նա տածել բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանի (Մենուհի, 1888—1962) հանդեպ, որը նրանից մեծ էր տասը տարով։ Ա. Տիգրանյանին ձոնած գալանտ երգերը՝ «Էմալե պրոֆիլը Ձեր» խորագրով, տպագրվել են մամուլում 1921 թվականին և երկերի ժողովածուի առաջին հատորում՝ 1922 թվականին։ Չարենցի սերն ամենևին անպատասխան չի եղել։ Այդ մասին են վկայում 1964 թվականին տպագրված բանաստեղծությունների ձեռագիր թերթիկները, որոնք նախկինում պահվել են Ա. Տիգրանյանի մոտ։ Այդ թերթիկների հակառակ երեսին ոչ Չարենցի ձեռքով գրված է երկու բանաստեղծություն։ Ամենայն հավանականությամբ դրանց հեղինակը Արմենուհի Տիգրանյանն է։
Հայտնի է Չարենցի սերը բանաստեղծուհի Լեյլիի (Փառանձեմ Սահակյան Տեր-Մկրտչյան, 1884—1951) հանդեպ, որը նրանից մեծ էր տասներեք տարով։ Նրան ևս Չարենցը նվիրեց բանաստեղծությունների առանձին մի շարք՝ «Փողոցային պչրուհուն», որը ևս տպագրվեց երկերի ժողովածուի առաջին հատորում 1922 թվականին։ Ի դեպ, այդ շարքը Չարենցը գրել է Լեյլիի ալբոմում, որը սկսվում է Արմենուհի Տիգրանյանի ձեռքով գրված «Նորը լավ է, քան թե հինը…» եռատուն բանաստեղծությամբ՝ թվագրված 1919, ապրիլի 13, Թիֆլիս։ Սա նշանակում է, որ Արմենուհին և Լեյլին մտերիմներ են եղել, որոնց ընդհանուր մտերմությունը վայելել է և Չարենցը։ Նշենք նաև, որ Արմենուհին կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի քույրն է։
Աստղիկ Ղոնդախչյանը եղել է Չարենցի առաջին սերը, ում էլ նվիրել է «Երեք երգ տխրադալուկ աղջկան» ժողովածուն։ Աստղիկը եղել է երաժիշտ և սովորել է Կարսի, Թիֆլիսի երաժշտանոցներում։ Չարենցը շատ մտերիմ էր նաև Աստղիկի հորեղբոր տղաների հետ։
Կարինե Քոթանջյանի հետ մտերմությունը եղել է ոչ միայն անձնական, այլ նաև ստեղծագործական։ Նրան է նվիրել «Ծիածան» շարքը։ 1917 թվականի մարտին Չարենցը հեռանում է Մոսկվայից՝ կայարանում կարդալով Կարինեի համար գիշերը գրված բանաստեղծությունը՝ «Հեռացումի խոսքեր»։
Լյուսի Թառայանի նկատմամբ Չարենցը նույնպես անտարբեր չի եղել։ Նա եղել է դերասանուհի, ապրել է Բաքվում։ Չարենցը և Լյուսի Թառայանը հանդիպել են 1918 թվականին՝ շատ կարճ ժամանակ։ Չարենցն իր «Չարենցնամե» պոեմում գրել է. «Ես երբեք չեմ մոռանա, Թառայա՛ն»։ Նրա «Բրոնզե քույր իմ, բրոնզե հարս» բանաստեղծությունը նույնպես նվիրված էր Լյուսիին։ 1930-ական թվականներին՝ կնոջ մահից հետո, Չարենցը մտադրվում է ամուսնանալ։ Թեկնածուների մեջ էր նաև այն տարիների Երևանի գեղեցկատես կանանցից մեկը՝ Արաքսյա Մանուկյանը, որով հետագայում գերվել է նաև Ավետիք Իսահակյանը։ Այդ կինը 1930 թվականի սկզբին կորցրել էր ամուսնուն՝ Ստեփան Մանուկյանին, որի աճյունը հիմա հանգչում է Կոմիտասի անվան պանթեոնում՝ Հովհաննես Հովհաննիսյանի կողքին։
Ամբողջ կյանքի ընթացքում, սակայն, Չարենցը չի մոռանում իր առաջին կնոջը՝ Արփենիկ Տեր-Աստվածատրյանին, ով ծնվել էր 1888 թվականին Նախիջևանում։ Նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի Գայանյան ուսումնարանում, ապա ուսումը շարունակել է Մոսկվայի ուսուցչական համալսարանում։ 1920 թվականին գալիս է Երևան և աշխատանքի անցնում հատուկ խնդիրներ ունեցող երեխաների ամերիկյան որբանոցում։ Այստեղ էլ կայանում է Չարենցի հետ նրանց հանդիպումը, և մեկ տարի անց նրանք ամուսնանում են:
1931 թվականի սեպտեմբերի 29-ին Չարենցը պաշտոնապես գրանցում է ամուսնությունը Իզաբելլա Կոդաբաշյանի հետ։ Իզաբելլան Չարենցին պարգևում է երկու դուստր՝ Արփենիկը և Անահիտը։ 1932 թվականին ծնվում է Արփենիկը, 1935 թվականին՝ Անահիտը: Արփենիկին ասել է Բոժիկ՝ փոքրիկ աստվածուհի, իսկ Անահիտին՝ Ադոկ՝ ասորափռյուգիական մեռնող ու հարություն առնող Ադոնիս աստծո անունով։
Տաղ անձնական
Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգեմ հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…
1919թ.
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Այս բանաստեղծության մեջ Չարենցը գրում է որ ստիպված թողում է իր իր ծննդավայր Կարսը, թողում է իր հայրենի տունը, և նույնիսկ չի հասցնում հաջողություն մաղթել իր սիրած աղջկան և հիմա թափառում է օտարության մեջ: Նրան ոչ ոք չի հասկանում, ու մարդիկ այնքան սառնասիրտ են, որ բանաստեղծը նրանց բնութագրելով ասում է որ մարդկանց դեմքերը կարծես շինված լինեն տապարով: Չարենցը իր կյանքն նկարագրում է տխրությամբ, ասում է որ գորշ, տաղտկալի ու խելագար է իր կյանքը: Բանաստեղծության վերջին տան մեջ Չարենցը հիշատակում է իր սիրած աղջկան`Կարինե Քոթանճյանին, և դիմում է մարդկանց ասելով , որ եթե Կարսի փողոցներում տեսնեն իր սիրած աղջկան, թող փոխանցեն որ Չարենցն ասել է նրան «մնաս բարով»:
1920 — «ԷՄԱԼԵ ՊՐՈՖԻԼԸ ՁԵՐ» ՇԱՐՔԻՑ
(Գալանտ երգեր)
Արմենուհի Տիգրանյանին
ՍՈՆԵՏ1
Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։
Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։
Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին —
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ2 են երգում
Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։
Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի —
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։
——————————-
1 սոնետ — տասնչորս տողանի բանաստեղծություն, որ բաղկացած է երկու քառատող և երկու եռատող տներից:
2 տրիոլետ — բանաստեղծության կառուցման կայուն ձև, որ բաղկացած ութ տողից. տ-ի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տող, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող:
Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ աչքերը բիլ
Ես այսօր կուզեմ երգել,
Որպես մի անհայտ դը Լիլ։
Արդյոք ո՞ր վարպետը մեծ
Հորինել է դեմքը Ձեր.
Արդյոք ո՞ր Ոգին տվեց
Ձեր դեմքին լուսե գծեր։
Կուզեի երգեր կապել
Եվ գովել երգով անծիր
Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ1 աչքերը բիլ։
* * *
Երբ ես տեսնում եմ Ձեզ —
Անդարձ անցած մի սեր
Սկսում է իր հեզ
Հեքիաթները հյուսել։
Հիշում եմ ես հանկարծ
Կապույտ լապտեր գազի,
Որոնք վաղո՜ւց հանգած՝
Սպասում են լույսի։
Հիշում եմ ջինջ, մաքուր
Ապակիներ կորած,
Կապույտ ծովի փրփուր՝
Փխրուն գիպսից փորած։
Ինչ-որ մի տեղ գնած
Ֆոլիանտի2 թերթեր —
Ու թիթեղից շինած
Դիակառքի վարդեր։
——————————
1 հակինթ — կապույտ կամ կանաչ գույնի թանկագին քար, շափյուղա. փխբ. հակինթի փայլը:
2 ֆոլիանտ — մեծ չափսի ստվարածավալ գիրք:
* * *
Հստակ հոսում են իմ
Երգերը Ձեր մասին.
Տրվե՜լ եմ Ձեր բույրին,
Ձեր մեղմախոս լույսին։
Հստա՜կ, հստակ է այս
Տխրությունը իմ նոր,
Որպես մանկան երազ,
Որպես մանկան օրոր։
Սրտիս վրա մի հեզ
Քնքշություն է իջել —
Թեթև՜, թեթև՜, որպես
Կապույտ վուալը1 Ձեր։
* * *
Երբ ես տեսնում եմ դեմքը Ձեր
Եվ Ձեր մատները ապակի,
Եվ Ձեր դեմքին — լուսե գծեր
Ինչ-որ հեռու արեգակի —
Սիրտս զգում է ցավը նուրբ
Ձեր ուսերին նիրհող շալի,
Մետաքսի վիշտը անսփոփ,
Անբառ թախիծը ռոյալի,
Ու բաժակում նիրհող թեյի
Անմահ ձանձրույթը հորանջող—
Ու ջահազարդ սենյակների
Մարմանդ մորմոքը մեզ տանջող։
—————————-
1 վուալ — քող, շղարշ (բարակ, թափանցիկ ու նուրբ գործվածք, որ կանայք գցում են երեսներին):
* * *
Թղթից շինած ծաղիկների պես հիվանդոտ,
Թոքախտավոր ստեղների պես ռոյալի,
Փոշուց կերած նկարների նման անթով1,
Որպես մեռած գեղեցկուհու մի հայելի —
Հոգիս տխրել է անբարբառ ու չգիտե
Ինչո՞ւ է օրն իրիկնանում ու լուսանում—
Երբ ոչ մի լույս դրսից ընկած ճառագայթի
Չի՜ ամոքում նրա կարոտը անանուն։
——————————
1 անթով — բնստ. թովչանքից` հմայքից զուրկ. փխբ. մռայլ, անհրապույր:
Աղբյուր՝«Լույս» հրատարակչություն, Երևան 1985
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը
1920-1921 — ՏԱՂԱՐԱՆ
[ էջ 49 ]
Արփիկին
Հդըս խոսի՛, մի՛ կենա խըռովի պես,
Տալղա1 տըվիր, գեմիս2 տարար ծովի պես.
Կու մեռնիմ,— չիս տեսնի Սայաթ-Նովի պես…
Սայաթ–Նովա
* * *
Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…
* * *
Ամռան անուշ, հուրհրատող տո՛թ ես, ջան,—
Նախշուն՝ նռան ու նարնջի հո՛տ ես, ջան,
Երբ խստադեմ ի՛նձ ես նայում դու հանկարծ —
Ասես սրտիս մահվան դաժան բո՛թ ես, ջան…
* * *
Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին։
————————
1 տալղա — ալիք, հորձանք:
2 գեմի — նավակ:
[ էջ 50 ]
Ու էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի1, ատլաս2 ու խաս3,
Երազիս մեջ գոզալն էկավ՝ ինքն էլ վառման քաղցր երազ.
Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ, Կանգնեց-մնաց՝ դեմքից քաշած օսկեկարած խասը ձեռին:
Նայեց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց,
Ասավ՝ Չարենց, էս գոզալից սրտիս մե հին մրմուռ մնաց.
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ՝ ինքը կրակ ու հուր մնաց.—
Դո՛ւ էլ նրա գովքը արա, որ գա՝ օսկե մազը ձեռին։
Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
Գնաց նորից տխուր ու լուռ՝ սիրտը հազար մուրազ ու սեր,
Երազն անցավ — դո՛ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,
Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց՝ Սայաթ-Նովի սազը ձեռին:
* * *
Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ — ու սրտի խաղ պիտի ասեմ,
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր—
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ։
Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր — Վարդստանի, Շիրազի պես,—
Ինչ էլ ըլի էշխդ4, գոզալ5,— երգս ուրախ պիտի ասեմ։
———————————
1 հուրի — մահմեդականների հավատալիքների համաձայն` երկնային գեղեցկուհի, որ այն աշխարհում պետք է ծառայի հավատացյալի քմահաճույքներին. փխբ. գեղեցկուհի:
2 ատլաս, կերպաս — բամբակե կամ մետաքսե նուրբ կտավ, մետաքսե նուրբ գործվածք. հնց. մետաքս:
3 խաս — ընտիր տեսակի, լավորակ. գվռ. մետաքս:
4 էշխ — գվռ. եռանդ, ավյուն, ոգևորություն, սեր:
5 գոզալ, գյոզալ — գեղեցկուհի, չնխարհիկ, սիրուն:
[ էջ 51 ]
Աշխարհը մե բաղ է, գոզալ,— նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հ.ավլաբարի թաղի մեջը—
Սրտիս անուշ արտասուքին երկնային շա՛ղ պիտի ասե՛մ։
Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էս փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ,
Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո՛ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ,—
Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ։
* * *
Ես մե անգին գոզալ տեսա — Գյուրջստանի1 քաղաքումը,—
Վզին՝ վարդեր ու խալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։
Կանգնել էր լեն քուչի մեջը, հագին ատլաս ու խաս ուներ,
Գլխին ոսկի ու շալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։
Արեգակի շողքն էր ընկել վրեն ոսկե չիքիլի2 պես՝
Շրթերը խաս ու ա՛լ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։
Անցա, կամաց աչքով արի, ուզի ասեմ՝ ջա՛ն ես, էլի՛,—
Դեմս կեցած մե սա՛ր տեսա — Գյուրջստանի քաղաքումը։
Հիմի տխուր երգ եմ ասում, էշխս կրակ ըլի ասես՝
Անմահական մե յա՛ր տեսա — Գյուրջստանի քաղաքումը։
* * *
Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ — ու բաց ըլիմ մինչև էգուց։
Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի — ու լաց ըլիմ մինչև էգուց։
——————————
1 Գյուրջստան — Վրաստան
2 չիքիլա — շղարշ, երեսի քող:
[ էջ 52 ]
Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
ընկերների սուփրին1 գինի ու հաց ըլիմ մինչև էգուց։
Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։
* * *
Ես մե հարբած դուքանդար2 եմ — դուքանիս մեջ բան չմնաց,
Ամենքի հետ սեղան նստա՝ սուլթան, վեզիր, խան չմնաց,
Ամենայն տեղ գովքդ արի, տաղեր ասի՛ դրախտային—
Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին՝ գոզալ, հոգի, ջա՛ն չմնաց։
Թողի ամենն, ինչ ունեի՝ կյանքս դարձավ հովի նման,
Էշխդ ելավ, ճամփես կտրեց՝ Հնդստանի ծովի նման,
Հարբած՝ խալխի նոքար3 դարձա աշուղ Սայաթ-Նովի նման,
Կարոտ կեցա հրամանիդ՝ ուրիշ հրաման չմնաց։
Ես մե հարբած դուքանդար եմ — դուքանիս մեջ բան չմնաց,
Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին — գոզալ, հոգի, ջա՛ն չմնաց։
* * *
Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա։
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։
Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։
——————————
1 սուփրա — ժղ. սփռոց, փխբ. հացի սեղան, հացկերույթ:
2 դուքանդար — պրսկ. խանութպան (դուքան — խանութ):
3 նոքար, նոքյար — գվռ. ծառա:
[ էջ 53 ]
Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հ.ազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա։
Ուրիշ սրտի համար կթալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
Գերեզմանիս մարմար քարին կմնա։
* * *
Ամեն տեսակ երգ երգեցի — ամենից լավ տաղն է էլի,
Սայաթ-Նովի դրախտային, անմահական խա՛ղն է էլի։
Ինչքան էլ լեն դուքաններում ռանգ-ռանգ1 մրգեր ըլին շարած
Անմահական մրգերի տեղ — շահնշահի բաղն է էլի։
Բախչի միջի, ծաղիկները ինչքան էլ լավ ջրով անես՝
Ծաղիկների ջուրը ուզած— առավոտվա շաղն է էլի։
Գնա՛ կուզես Ֆռանգստան, ամենամեծ քուչեքը տես՝
Սրտիդ ուզած տեղը միակ — սիրեկանի թաղն է էլի։
Վա՜մ քեզ, Չարենց, լա՛վ իմացի, ականջ արա սիրեկանին
Սմեն բանից լավ ու անուշ սիրեկանի դաղն է էլի։
* * *
Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով՛
Ի՞նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին։
Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝
Ամառվա մրգերի նման անո՛ւշ է քո բառը, ասին։
————————
1 ռանգ — գվռ. երանգ, գույն. ռանգ-ռանգ — այստեղ` տեսակ-տեսակ:
[ էջ 54 ]
Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,
Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին:
Եվ սրտիս ցավից հուսահատ ես մե թաս օղի խմեցի,—
Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է, ասին։
Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկ ու մերկ մնացի.
Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին:
Ասի թե՝ մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.
Չարենցի հոգին տաղերում աննկուն1, համառ է, ասին։
Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես մնացել եմ մերկ,—
Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին։
* * *
Աշխարհիս մեջ ես էլ մե օր կանցնեմ անդարձ ու կերթամ,
Ես չեմ նայի, չեմ պահանջի ես փառք ու վարձ— ու կերթամ։
Աշուղ Սայաթ-Նովի նման ես էն գլխեն իմացա,
Որ աշխարհում փուչ է ամեն երազ ու լաց — ու կերթամ։
Էն էլ, որ ես իմ վառ սրտով ու կարոտով սիրեցի —
Քամուն կտամ, կմոռանամ ամեն մի հարց — ու կերթամ։
Ու գոզալի պատկերքը վառ, դեմքը մախմուր2 ու անուշ
Կմոռանամ… կառնեմ խոնավ, հողե մե բարձ ու կերթամ։
Կյանքիս նման հեռու մարդիկ, անանուն ու անծանոթ,
Ձե՛զ կթողնեմ երգերս այս՝ կյանքս երազ — ու կերթամ։
————————————
1 աննկուն — ոչ նկուն, չընկճվող, դիմացկուն, անպարտելի:
2 մախմուր, մախմուռ, մախմար — թավիշ. փխբ. խումար, գինով, թեթև հարբած:
[ էջ 55 ]* * *
(ՀԱՅԱՍՏԱՆԻՆ)
Հազար ու մե վերք ես տեսել — էլի՛ կտեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել — էլի՛ կտեսնես։
Աշնան քաղած արտի նման՝ հազա՜ր զոհերի
Չհավաքած բե՛րք ես տեսել — էլի՛ կտեսնես։
Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման
Հազա՛ր տարվա հերք1 ես տեսել— էլի՛ կտեսնես։
Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան—
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել— էլի՛ կտեսնես:
Քո Չարենցին լեզու տվող երկի՛ր Հայաստան,
Հազա*ր ու մե ե՛րգ ես տեսել — էլի՛ կտեսնես։
* * *
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛ւյրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խդճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։
—————————-
1 հերք — գրբ. հոգն. մազեր:
[ էջ 55 ]
Ուր է՛լ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր—
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հ.այաստան–յարն եմ սիրում։
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա.
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։
Եղիշե Չարենց. Մահվան տեսիլ
փաստավավերագրական ֆիլմ
1937թ-ին Չարենցը ընտանիքին՝ կնոջն ու երկու դստերը, տանում է ԾԱՂԿԱՁՈՐ, ինքը վերադառնում Երևան ։ Նրանք այնտեղ մնում են մոտ մեկ ամիս, հետո նրանց վռնդում են այտեղից՝ պարզաբանելով որ այլ մարդ պիտի մնա այդ սենյակում, ոմն Ալի Մամեդով։ Չարենցը շատ է վրդովվում, թերևս նրա համար, որ հասկանում էր, որ օղակի իր շուրջ գնալով սեղմվում էր։ Նա լրիվ մենակ էր մնացել, նրան միայն Աղասի Խանջյանն ու Իսահակյանն էին այցելում։ Խանջյանը խնդրում է Չարենցին զգույշ լինել և տեղեկացնում որ Բերյան իրեն կանչել է Թիֆլիս և հայտնի չէ նա այլևս կվերադառնա թե ոչ․․․Բերյան հենց գրասենյակում գնդակահարում է Խանջյանին, հետո լուրեր են տարածում որ նա ինքնասպան է եղել։ Խանջյանի մահից հետո Չարենցը իրեն լրիվ անպաշտպան էր զգում, գիտակցում էր , որ իրեն չի ներվելու՛՛ Գիրք Ճանապարհին՛՛-ը։ Մի օր էլ սև մեքենա կանգնեց նրանց տան առաջ և Չարենցին տարան․․որպես հակահեղափոխական․․․
Երկու շաբաթ անց Իզաբելլան զանգ է ստանում բանտից, իրեն ասում են, որ Չարենցը այնտեղ է և որ նրան շտապ դեղ է պետք հասցնել։ Իզաբելլան գնում է բան, նրան հանձնում եմ Չարենցի հագուստը , բայց քննիչը թույլ չի տալիս նրան տեսակցել ամուսնուն։ Իզաբելլան Չարենցի հագուստը լվանլիս տեսնում է , որ ամուսինը իր սպիտակ շապիկի վրա քիմիական մատիտով գրել էր, որ իր բոլոր ձեռագրերը հանձնի Ռեգինային, ինչը և Իզաբելլան անում է։ Ռեգինան ձեռագրերը թաքցնում է բարեկամնեից մեկի բակում և միայն տասնյոթ տարի անց, երբ թույլատրվեց խոսել Չարենցի մասին, ձեռագրերը հանվեցին։
Այդ դեպքից մեկ ամիս անց եկան Իզաբելլայի հետևից, մենակ թողնելով երեխաներին։ Նրան բանտարկեցին, որպես ժողովրդի թշնամի՝ Չարենցի կին։
1933թ տպագրվեց Չարենցի վերջին ՛ Գիրք Ճանապարհի՛՛ ժողովածուն, որը տպարանից դուրս չեկավ, չթույլատրվեց հանձնել գրախանութներին և որից հետո սկսվեց նրա նկատմամբ ճնշումներն ու հալածանքները։ Չարենցը ստիպված էր որոշ բանաստեղծություններ հանել և գիրքը վերահրատարակվեց մեկ տարի անց։ 1935-ին Նա դիմում գրեց գրողների միությունից դուրս գալու համար, որից հետո սկցվեցին հալածանքները։
Եղիշե Չարենցը ստալինյան տեռորի ամենանշանավոր զոհն էր, որ տվեց հայ մշակույթն ու գրականությունը։ Դատապարտվեց ոչ միայն գրողը, այլեւ՝ նրա ընտանիքը: Կինը՝ Իզաբելլան, բանտարկվեց եւ աքսորվեց, մանկահասակ դուստրերը՝ որբացան:
Համացանցի օգնությամբ փորձիր պարզել` ինչ ասել է․․․
- տրիոլետ
- սոնետ
- ռուբայաթ
- գազել
Եղիշե Չարենցի ստեղծագործություններից բեր համապատասխան օրինակներ:
տրիոլետ— (ֆրանսերեն՝ triolet, ծագում է իտալերեն trio — «երեք» բառից), բանաստեղծության կառուցման կայուն ձև, որը բաղկացած է ութ տողից։
Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տողեր, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։
* * *
Այսօր Ձեր մատները, տիկի՛ն,
Նման են հեռու մի հուշի.
Մաղում են կապույտ մի փոշի,
Այսօր Ձեր մատները, տիկին։
Հին բույրն եմ զգում ես կրկին,
Հին բույրը անցած, ուրիշի,—
Այսօր Ձեր մատները, տիկի՛ն,
Նման են հեռու մի հուշի…
* * *
Շրշում են իմ շուրջը, շրշում
Շորեր ու շորեր կանացի.
Անցնում են մայթով փողոցի—
Շրշում են իմ շուրջը, շրշում։
Լսում եմ գարնան մի շրշյուն,
Կարծես թե անտառ գնացի—
Իսկ շուրջս շրշում են, շրշում
Շորեր ու շորեր կանացի…
* * *
(ՏՐԻՈԼԵՏ ԻՆՏԻՄ)
Հիմա ամեն ինչ անիմաստ է,
Իզուր այդպես դու շիկնեցիր.
Ինչի՞դ է կյանքը, իր իմաստը,
Հիմա ամեն ինչ անիմա՜ստ է.
[ էջ 48 ]
Թողել ենք նավը, ղեկը, լաստը,
Իսկ ծովը մո՜ւթ է ու անծիր.—
Հիմա ամե՛ն ինչ անիմաստ է—
Իզո՜ւր այդպես դու շիկնեցիր…
* * *
Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը
Ու պարում են շուրջս լուսազարդ հուշեր—
Այս գիշեր իմ սիրտը Ձեզ նորի՛ց հիշել է…
Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը,
Օ, ինձ ի՞նչ, որ երգն իմ ու գինով իմ սերը
Շարժելու են ծաղրը ու ծիծաղը Ձեր—
Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը
Ու պարում են շուրջս լուսազարդ հուշեր։
սոնետ— (իտալերեն՝ sonetto, sonare — հնչել), բանաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկը։ Բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող (կատրեն) և վերջում երկու եռատող (տերցետ)։
Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։
Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։
Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին —
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ[1] են երգում
Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։
Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի —
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։
ռուբայաթ-պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։
I
Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։
II
Քո ամեն ակնթարթը մի սերմ է,
Որ կրում է իր մեջ իր մահը.
Բայց հոգին քո— խնդուն ու անահ է
Եվ մի՛շտ խանդավառ է ու ջերմ է։
III
Նա թե՛ կյանք է, թե՛ մահ.— ակնթարթը.
Անհատնում հատնում է, վառք է.—
Եվ այսպես՝ մշտատև է աշխարքը.
Անդադար թարթում է— ու անթարթ է։
IV
Նա հոսում է, ալիք առ ալիք,
Եվ ամեն վայրկյան— այն չէ՛,
Եվ ամեն մի վայրկյանը— հնչեղ
Ներկա է, անցյալ— ու գալիք։
V
Ես քեզ ո՞նց, քեզ ո՞նց հասկանամ,
Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ,
Երբ չեկած՝ դու արդե՛ն իսկ չկաս,
Բայց հար դու լինում ես— ու տևում ես:
VI
Անցնում է, հոսում է, վարար է,
Ելնում է, սուզվում անդադար,
Մշտապես մեռնում է— ու հար է.
Մշտապես ու հար — անկատա
ԳԱԶԵԼ—ղազալի (արաբերեն/պարսկերեն՝ غزل, թուրք.՝ gazel), բանաստեղծության կայուն ձև, բաղկացած է մի քանի երկտող տներից(բեյթերից), որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։
Տարածված է Արևելքում և հատկապես Պարսկաստանում։ Սկսել է ձևավորվել IX-X դդ.-ում։
ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ
Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:
Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց —
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…






