. Պետական կարգը
Հայոց պետության գլուխ կանգնած էր թագավորը ։ Բագրատունյաց թագավորն ինքնակալ միապետ էր և անձամբ էր լուծում տնտեսության գործերը։ Նա կոչվում էր նաև արքա կամ Հայոց շահնշահ։ Երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը վարում էր նա։Նա կարող էր խորհրդակցել սպարապետի, կաթողիկոսի, իշխանաց իշխանի կամ այլ մեծամեծ պաշտոնյաների հետ։ Անիի Բագրատունի թագավորին էին ենթարկվում հպատակ թագավորները և Հայաստանում առաջացած մի քանի արաբական ամիրայություններ։ Երկրի կառավարման գործում թագավորին մեծապես օգնում էին իշխանաց իշխանը և հայոց սպարապետը։ Բագրատունի թագավորների գահը ժառանգում էր ավագ որդին հաճախ նաև եղբայրը: Այդ շրջանում Հայաստանը փաստորեն տարբեր թագավորություններից և իշխանություններից կազմված յուրահատուկ համադաշնություն էր՝ Անիի Բագրատունիների գլխավորությամբ:
Թագավորը պետությունը կառավարում էր արքունիքի միջոցով, որը գործակալությունների մի համակարգ էր։ Գործակալությունները ղեկավարում էին բարձրաստիճան պաշտոնյաները կամ գործակալները։ Դրանք սովորաբար արքայական տան անդամներ էին կամ արքային մերձավոր խոշոր ավատատերեր։Թագավորից ցածր կանգնած էին իշխանները ։ Իշխանը տիրող ավագանու ներկայացուցիչն է, նաև` առանձին ռազմաքաղաքական միավորման գլուխը
Կարևոր էին հատկապես իշխանաց իշխանի և հայոց սպարապետի պաշտոնները։ Իշխանաց իշխանը թագավորին պատասխանատու էր իշխանների գործունեության համար։ Նրա ենթակայության տակ էին արքայական տիրույթները, պետական գանձարանը, երկրի մեծ ու փոքր պաշտոնյաներն ու հարկահանները։ Իշխանաց իշխանի բարձր պաշտոնը սովորաբար տրվում էր արքայի եղբայրներից մեկին կամ թագաժառանգին։ Հայոց սպարապետը պետության զինված ուժերի՝ բանակի հրամանատարն էր։ 9 — 11-րդ դարերում սպարապետությունը վարել են Բագրատունիների , ապա՝ Պահլավունիների ներկայացուցիչները։ Պատերազմի ժամանակ ենթակա թագավորությունների զորքերի հրամանատարները (սպարապետները) ենթարկվում էին Անիի թագավորության սպարապետին։
Գլխավոր դատավորի պաշտոնն առաջվա նման զբաղեցնում էր հայոց կաթողիկոսը ։ Դատավարությունն իրականացվում էր համաձայն եկեղեցական ժողովների մշակած կանոնների ու սովորութային իրավունքի նորմերի։ Միջնադարում եկեղեցին մեծ մասնակցություն ուներ երկրի կառավարման մեջ։ Բագրատունի թագավորների համար եկեղեցու դերը ավելի մեծացավ։ Թագավորների տիրապետությունը հեռավոր իշխանությունների վրա հաճախ ձևական բնույթ էր կրում։ Եկեղեցին էր ապահովում երկրի միասնականությունը։ Եպիսկոպոսական բոլոր թեմերը ենթակա էին հայոց կաթողիկոսին, որն իր հերթին ճանաչում էր թագավորի գերիշխանությունը։ Հայոց կաթողիկոսները մնայուն նստավայր չունեին։ Անին մայրաքաղաք դառնալուց հետո նրա մերձակայքում գտնվող Արգինան ի վերջո դարձավ մշտական նստավայր։ Բագրատունիների ժամանակաշրջանում չկար Արշակունյաց շրջանի այնքան հատուկ հակասությունը թագավորական իշխանության և եկեղեցու միջև։ Հայոց թագավորի դիրքորոշումը վճռական էր կաթողիկոսի ընտրության ժամանակ։ Գլխավոր դատավորի իրավունքն առաջվա նման պատկանում էր հայոց կաթողիկոսին։ Փոքր գործերի դատավարությունը կատարվում էր եկեղեցական ժողովների մշակած կանոններով և սովորութային իրավունքով։
Իշխանական տների նման՝ խոշոր հողատեր էր դարձել նաև Հայ եկեղեցին։ Մեծաքանակ վանքերը տիրում էին բազմաթիվ գյուղերի։ Տաթևի վանքին , օրինակ 10-րդ դարի սկզբներին պատկանում էր 22 գյուղ։
Բագրատունի թագավորները հատուկ նշանակություն էին տալիս բանակի կազմակերպմանը։ Պատերազմների ժամանակ բանակը համալրվում էր, և զորքի թիվը մեծանում էր։ Խաղաղ պայմաններում այն հասնում էր 80-100 հազարի։ Բանակը կազմված էր արքունական և մարզպանական գնդերից։ Արքունի գունդը անմիջականորեն ենթարկվում էր թագավորին, իսկ մարզպանական գունդը կազմվում էր իշխանական զորաջոկատներից։ Բանակը կազմված էր հեծելազորից, հետևակից և սակրավորական զորամասերից։ Զորքը համալրում էին ազատները, շինականները և քաղաքաբնակները։ Հայոց զորքի հիմքը այրուձին՝ հեծելազորն էր։ Բագրատունի թագավորների հենարանն էր արքունական գունդը, որը կազմված էր թագավորական տիրույթներից հավաքագրված ռազմիկներից։ Այն պահվում էր մեծ մասամբ մայրաքաղաքում և արքայական ամրոցներում։
Պետության կենտրոնացման և հզորացման այս քաղաքականությունը հանդիպում էր ոչ միայն որոշ հայ խոշոր ավատատերերի, այլև խալիֆայության համառ դիմադրությանը։
. Տնտեսական կյանքի զարգացումը:
Երկրի բարեկեցության հիմնական աղբյուրը երկրագործությունն ու անասնապահությունն էին, արհեստներն ու առևտուրը։ Հայկական լեռնաշխարհը երկրագործության համար բարենպաստ պայմաններ ուներ։ Խոշոր գետերի հովիտները գյուղատնտեսության զարգացման լավագույն կենտրոններ էին։ Դրանցից էին Այրարատյան , Շիրակի , Տարոնի (Մշո) , Բագրևանդի (Ալաշկերտի) , Բասենի և այլ դաշտեր։Նշված շրջանում նշանակալից առաջադիմեցին երկրագործությունն ու երկրագործական տեխնիկան։ Լայնորեն տարածվեց հողի մշակման եռադաշտային համակարգը։ Վարելահողը բաժանվում էր երեք մասի, որի մի մասը ցել էր արվում, այսինքն՝ հողը հերկվում և, առանց ցանքս կատարելու, թողնվում էր անմշակ վիճակում։ Վարելահողի երկրորդ մասում աշնանացան էր կատարվում, իսկ երրորդ մասում՝ գարնանացան։ Եռադաշտային համակարգը հնարավորություն էր տալիս հողին հանգիստ տալ՝ բերքատվությունը բարձրացնելու նպատակով։Երկրագործության մեջ հեղաշրջիչ եղավ երկաթե խոփով ծանր գութանի լայն տարածումը։
Այն հատկապես օգտագործում էին խոշոր տնտեսություններում, որով հեշտությամբ վարում էին նաև խոպան հողերը։ Հողամշակության մեջ կիրառվում էր հողը գոմաղբով պարարտացնելը։
Երկրագործության զարգացմանը նպաստում էր հողի ոռոգումը։ Այս շրջանում ընդարձակվում է ոռոգման ցանցը։ Օգտագործվում էին հին ջրանցքները, կառուցվում էին նորերը։ Ոռոգումը մեծապես նպաստում էր այգեգործության, խաղողագործության և բանջարաբոստանային կուլտուրաների մշակության զարգացմանը։ Հողամշակման և նրա տեխնիկայի բարելավմանը զուգընթաց առաջադիմում էր գյուղատնտեսական մթերքների մշակումը։ Գինու հնձանները , ջրաղացներն ու ձիթհանները գնալով լայն տարածում էին ստանում։
Գետահովիտներում ու հարթավայրերում աճեցվում էին պտղատու ծառեր։ Տարածված էին ծիրանը , դեղձը , տանձը , խնձորը , սալորը , ընկույզը և այլն։ Այրարատյան դաշտում, Վանա լճի ավազանում, Հայաստանի հարավային տաք կլիմա ունեցող վայրերում լայնորեն մշակվում էր խաղողը։ Եթե խաղողագործությունը հնամենի զբաղմունք էր Հայաստանում, ապա նորություն էր բանջարանոցային որոշ մշակաբույսերի՝ լոբու , վարունգի , կաղամբի , գազարի , ձմերուկի մշակությունը։ Հացաբույսերից լայն տարածում էր գտել ցորենի , գարու , հաճարի , բրնձի մշակումը։
Անասնապահություն
Երկրի լեռնային մասերի ընդարձակ արոտավայրերն անասնապահության զարգացման համար բարենպաստ պայմաններ էին ստեղծում։ Այդպիսի արոտավայրերով հարուստ էին Արագածի լանջերը, Սյունիքը , Սևանի ավազանը , Տաշիր-Ձորագետը , Վասպուրականը , Տարոնը , Սասունը և այլն։
Պահվում էին մեծ քանակությամբ խոշոր և մանր եղջերավոր անասուններ՝ կով , գոմեշ , ձի , ոչխար , այծ և այլն։ Ժամանակի պատմիչը վկայում է, որ Աշոտ Ա -ն Հայոց կաթողիկոսին էր տալիս «ձիերի երամակներ, տավարի նախիրներ և ոչխարի հոտեր»։ Մի արաբ հեղինակ վկայում է, որ «չի տեսել ավելի հարուստ և անասունների թվով ավելի նշանակալից մի երկիր, քան Արմենիան»։
Անասնապահությունը տնտեսության մեջ մեծ և կարևոր դեր էր կատարում։ Լայնորեն օգտագործվում էին անասունների կաթնամթերքը, միսը, կաշին։ Ոչխարի բուրդն օգտագործվում էր գորգեր, հագուստ և այլ գործվածքներ պատրաստելու համար։ Բացի այդ, անասնապահությունն ապահովում էր երկիրը քարշող և բեռնակիր անասուններով։ Հողի հերկումը կատարվում էր խոշոր եղջերավոր անասունների միջոցով։ Ձիերը, ավանակները և խոշոր եղջերավոր անասուններն օգտագործվում էին որպես հիմնական փոխադրամիջոց։
Տնտեսության մեջ զգալի կշիռ ունեին նաև որսորդությունը , մեղվաբուծությունը և ձկնորսությունը ։
Արհեստներ
Հայաստանի անկախության վերականգնումը մեծապես խթանեց արհեստագործության զարգացումը։ Արհեստագործությանն առատ հումք էին մատակարարում երկրագործությունն ու անասնապահությունը և օգտակար հանածոներով հարուստ ընդերքը։ Ոչխարի բրդի , բամբակի , վուշի , մետաքսաթելի , անասունների մորթու արտադրությունը մեծապես զարկ տվեց մանածագործական ու կաշեգործական արհեստների զարգացմանը։ Երկրի աճող պահանջմունքները բավարարելու համար ծաղկում ապրեց մետաղագործությունը ։ Գյուղատնտեսության բուռն վերելքը՝ կապված բնակչության արագ աճի հետ, մեծապես խթանեց գյուղատնտեսական գործիքների արտադրությունը։
Գնալով զարգացան շուկայական հարաբերությունները, ձևավորվեց երկրի ներքին շուկան, աշխուժացավ արտաքին առևտուրը։ Շուկայի պահանջմունքը բավարարելու համար արհեստավորներն սկսեցին հրաժարվել գյուղատնտեսական գործունեությունից։ Դրա հետևանքով արհեստները վերջնականապես անջատվեցին գյուղատնտեսությունից։ Արհեստավորները հաստատվում էին քաղաքներում ու մայրուղիների խաչմերուկներում, որտեղ աստիճանաբար ձևավորվեցին նոր քաղաքներ ու վաճառաշահ ավաններ։
Մեծ զարգացում ապրեց մետաղագործությունը ՝ շարունակելով անցյալի հարուստ ավանդույթները։ Զարգացան դարբնությունը , պղնձագործությունը , ոսկերչությունը և զինագործությունը ։ Մետաղագործ վարպետները պատրաստում էին գյուղատնտեսական գործիքներ, պղնձե ամանեղեն, եկեղեցական սպասք, պերճանքի առարկաներ, զարդեր և սառը զենքեր։ Վան և Երզնկա քաղաքները մեծ հռչակ էին ստացել հատկապես ոսկերչական բարձրարվեստ իրերի արտադրությամբ։
Բնակչության աճը և քաղաքներում նրա կենտրոնացումը զարկ տվեցին շինարարական արհեստներին։ Մեծ հռչակ էին վայելում հայ ճարտարապետները, քարտաշները և որմնադիրները։ Երկրում ամենուրեք կառուցապատվում էին քաղաքները, շինվում էին նոր բերդեր , քարավանատներ, աշխարհիկ ու եկեղեցական շենքեր և կամուրջներ։ Եկեղեցիները և աշխարհիկ շինությունները զարդարվում էին նրբաճաշակ քանդակներով։
Զարգացավ հյուսնությունը։ Պատրաստում էին գյուղատնտեսական գործիքներ, կենցաղային իրեր, շենքերի փայտյա մասեր և այլն։ Զարգացած էր փայտի փորագրությունը։ Անասնապահության լայն զարգացումը խթանեց կաշեգործական արհեստների վերելքը։ Մեծ տարածում ստացան կոշկակարությունը , գդակագործությունը և մագաղաթի մշակումը ։ Վերջինիս պահանջարկը հատկապես մեծ էր ձեռագիր մատյանների պատրաստման համար։
Մանածագործ վարպետները պատրաստում էին բրդե, բամբակե և մետաքսե գործվածքներ, որոնք մեծ պահանջարկ ունեին Արևելքի երկրներում։ Մեծ էր պահանջարկը դրանց նկատմամբ նաև երկրի ներսում։ Արաբ հեղինակ Մասուդիի խոսքերով՝ «հայկական գործվածքներն այնքան գեղեցիկ են, որ նրանց նմանը չկա ծայրից ծայր ամբողջ աշխարհում»։Առևտուր
Արհեստագործության վերելքը մեծապես պայմանավորված էր ներքին և արտաքին առևտրի կտրուկ աճով։ Քաղաքային բնակչությունը կարիք ուներ գյուղատնտեսական մթերքների, իսկ արհեստավորները գյուղատնտեսական հումքի մեծ պահանջ ունեին։ Ճիշտ է, քաղաքներում ևս զբաղվում էին գյուղատնտեսությամբ, սակայն քաղաքային բնակչության՝ գյուղատնտեսական մթերքների ու հումքի օրավուր աճող պահանջմունքները հիմնականում բավարարում էին գյուղացիները։ Նրանք շուկա էին դուրս բերում իրենց արտադրած մթերքներն ու գյուղատնտեսական հումքը՝ գնելով անհրաժեշտ գործիքներ, կենցաղային իրեր և այլ ապրանքներ։ Քաղաքներում վաճառքի կետեր ունեին նաև վանքերն ու արհեստավորները, որտեղ վաճառվում էին բնակչությունից և իրենց կալվածքներից ստացված մթերքները։
Աստիճանաբար մեծ քաղաքներում և ճանապարհների խաչմերուկներին սկսեցին կազմակերպվել կիրակնօրյա շուկաներ կամ տոնավաճառներ։ Բացի հաճախակի գործող տոնավաճառներից, տարվա մեջ մեկ անգամ, նախապես սահմանված օրերին, կազմակերպվում էին ամենամյա տոնավաճառներ։
9-11-րդ դարերում մեծ վերելք ապրեց արտաքին առևտուրը։ Շնորհիվ իր չեզոք դիրքի, Հայաստանը վերածվեց մշտապես իրար հետ պատերազմող Արաբական խալիֆայության և Բյուզանդիայի միջև տարանցիկ առևտրի կարևոր կենտրոնի։ Դրան մեծապես նպաստեցին Հայաստանն արևելքից արևմուտք և հարավից հյուսիս հատող կարևոր առևտրական մայրուղիները։ Տարանցիկ առևտրի մեջ ներգրավվեցին անգամ հեռավոր Չինաստանն ու Հնդկաստանը ։
Հայաստանը ոչ միայն ապրանքներ էր ներմուծում, այլև լայնորեն արտաքին շուկա էր հանում իր արտադրանքը։ Արտահանվում էին հացահատիկ , ձիեր, ջորիներ, երկաթ և գունավոր մետաղներ, գյուղատնտեսական մթերքներ, աղ, ներկեր և այլն։ Արտահանվող ապրանքների մեջ մեծ բաժին էր կազմում արհեստագործական արտադրանքը՝ մետաղե գործիքներ, ոսկյա և արծաթյա իրեր, բրդե, բամբակե ու մետաքսե գործվածքներ, պղնձե ամանեղեն և այլն։ Ներմուծվող ապրանքների մեջ առանձնանում էին հնդկական համեմունքները և թանկարժեք քարերը, չինական մետաքսե գործվածքները և ճենապակին, ռուսական մորթիներն ու մուշտակները և այլն։ Առևտրի զարգացումը խթանեց նաև դրամաշրջանառությունը, չնայած դրան զուգահեռ գործում էր պարզ ապրանքափոխանակությունը։ Առևտրատնտեսական հարաբերություններում խիստ բարձրացավ փողի դերը։ Սակայն առևտուրը կատարվում էր արաբական և բյուզանդական դրամներով, քանի որ Բագրատունի գահակալները սեփական դրամ չէին հատում։
Տարանցիկ առևտուրը հիանալի պայմաններ ստեղծեց միջազգային առևտրի մայրուղիների վրա գտնվող հայկական քաղաքների բարգավաճման և հարստացման համար։
. Որոնք են քաղաքային կյանքի վերելքի պատճառները: Ներկայացրե′ք միջնադարի հայկական խոշոր քաղաքները:
Շնորհիվ իր չեզոք դիրքի, Հայաստանը վերածվեց մշտապես իրար հետ պատերազմող Արաբական խալիֆայության և Բյուզանդիայի միջև տարանցիկ առևտրի կարևոր կենտրոնի։ Դրան մեծապես նպաստեցին Հայաստանն արևելքից արևմուտք և հարավից հյուսիս հատող կարևոր առևտրական մայրուղիները։ Տարանցիկ առևտրի մեջ ներգրավվեցին անգամ հեռավոր Չինաստանն ու Հնդկաստանը ։ Տարանցիկ առևտուրը հիանալի պայմաններ ստեղծեց միջազգային առևտրի մայրուղիների վրա գտնվող հայկական քաղաքների բարգավաճման և հարստացման համար։ Քաղաքային կյանքի բուռն վերելքը պայմանավորված էր աշխատանքի հասարակական բաժանման արագ խորացմանբ։ Ինչպես նշվեց, արհեստագործությունն անջատվեց գյուղատնտեսությունից, արհեստներն ու առևտուրը գերազանցապես կենտրոնացան քաղաքներում։
Զարգացած միջնադարի հայոց ամենանշանավոր քաղաքը պետության մայրաքաղաք Անին էր։ Այն գտնվել է Ախուրյան գետի աջ ափին։ Հայոց թագավորները քաղաքի պաշտպանությունն ապահովելու համար կառուցում են ամրակուռ սրբատաշ պարիսպներ։ Քաղաքի այս մասում էին գտնվում արհեստավորների գործատները, առևտրականների կրպակները, շուկան և հյուրանոցները։ Առևտուրը կատարվում էր հատուկ հրապարակում, ուր միշտ կարելի էր հանդիպել օտարերկրյա վաճառականների։ Քաղաքի բնակչությունն ապահովված էր խմելու ջրով, որը բերվում էր 12 կմ հեռավորությունից՝ կավե խողովակներով։ Անին աչքի էր ընկնում ոչ միայն աշխարհիկ շքեղ շինություններով, այլև բազմաթիվ եկեղեցիներով ու վանքերով ։ Քաղաքը քարաշեն էր և ուներ սալահատակված փողոցներ։ Բյուզանդական պատմիչներից մեկի խոսքերով «Անին մեծ և բարեկարգ քաղաք է»։ Եվ, իրոք, Անին հայ մշակույթի, արհեստագործության, առևտրի և, մասնավորապես, ճարտարապետության ամենանշանավոր կենտրոնն էր։
9-11-րդ դարերում բարգավաճեց Դվին քաղաքը։ Քաղաքը գտնվում էր Այրարատյան դաշտով անցնող կարևոր մայրուղու վրա և բարգավաճում էր արհեստների ու առևտրի բարձր զարգացման շնորհիվ։ Քաղաքի կենտրոնը միջնաբերդն էր, որը գտնվում էր իշխող դիրք ունեցող մի բլրի վրա։ Ընդարձակ քաղաքը, որը շրջապատված էր ամրակուռ պարիսպներով, տարածվում էր միջնաբերդի բլրի ստորոտում և հարևան մի քանի բլուրների վրա։ Պարսպից դուրս քաղաքի արվարձաններն էին։ Դրանց բնակչության նշանակալից մասը հողագործներ էին։ Քաղաքն ուներ ընդարձակ շուկա, արհեստավորների մեծ թվով գործատներ և առևտրականների կրպակներ ու խանութներ։ Ի թիվս այլ արհեստների, Դվինը հատկապես աչքի էր ընկնում խեցեգործությամբ, ապակեգործությամբ ու ներկերի արտադրությամբ։ Արաբ հեղինակները մեծ շուքով են ներկայացնում Դվինը։ Քաղաքին մեծ վնաս ու ավերածություն պատճառեց 893 թվականի երկրաշարժը։ Սակայն Դվինը շատ արագ վերաշինվեց։
10-րդ դարում մեծ զարգացում ապրեց Վանանդի թագավորության կենտրոն դարձած Կարսը ։ Քաղաքը գտնվում էր Ախուրյան գետի աջ ափին։ Քաղաքն արհեստագործության ու առևտրի խոշոր կենտրոն էր և ակտիվորեն մասնակցում էր միջազգային տարանցիկ առևտրին։ Քաղաքն արագ զարգանում էր ու հարստանում շնորհիվ ծովային և ցամաքային առևտրի։
Վասպուրականի թագավորության կենտրոնն էր հինավուրց Վան քաղաքը, որը մեծ վերելք ապրեց 10-11-րդ դարերում։ Այն ծաղկեց հատկապես Գագիկ Արծրունու օրոք՝ դառնալով երկրի ամենամեծ և հարուստ քաղաքներից մեկը։ Անառիկ դիրքի շնորհիվ քաղաքը գրեթե ավերածությունների չի ենթարկվել։ Այն սերտ կապերի մեջ է եղել Անիի, Դվինի և Հայաստանի մյուս քաղաքների հետ։ Քաղաքից արտահանվող ապրանքների մեջ նշանակալից բաժին է կազմել տառեխ ձուկը՝ աղ դրած վիճակում։
Արծն քաղաքը 10-րդ դարի կեսերին հայտնվեց բյուզանդական տիրապետության ներքո։ Վերջինս Հայաստանի սակավաթիվ այն քաղաքներից էր, որ պարիսպներ չուներ։ Գտնվելով առևտրական ուղիների վրա՝ այն արագ բարգավաճեց և հարստացավ։ Մեծապես աճեց բնակչությունը։ Քաղաքը վերածվեց արհեստագործական և առևտրի խոշոր կենտրոնի։ Պատահական չէ, որ բյուզանդական հեղինակներն այն համարում են «մարդաշատ և բազմահարուստ», «լի մեծ քանակությամբ բազմապիսի ապրանքներով, որ բերում էին Պարսկաստանը, Հնդկաստանը և մնացած Ասիան»։
Անպարիսպ լինելու պատճառով Արծնը 11-րդ դարի կեսերին ավերվեց սելջուկ-թուրքերի կողմից։ Բնակչությունը ահավոր կոտորածների ենթարկվեց, քաղաքը կողոպտվեց և ավերվեց, իսկ կենդանի մնացածները տեղափոխվեցին հարևան Կարին քաղաք, որն ստացավ Արզն-ար-Ռում (Արզրում-Էրզրում) անունը։ Հայաստանի կարևոր քաղաքներից էին նաև Խլաթը , Նախճավանը , Կապանը , Բաղեշը և այլն։
օգտվել եմ « https://hy.wikipedia.org/w/index.php?title=Բագրատունիների_թագավորություն&oldid=3691960 » էջից
Եվրոպայում քաղաքների վերածննդի գործընթացը, որը սկսվեց XI դարում, կապված էր գյուղերի տնտեսական զարգացման և գյուղական բնակչության աճի հետ: Քաղաքները դարձան կարևոր վարչական և տնտեսական կենտրոններ:
Չնայած այն հանգամանքին, որ արդեն Արևմտյան Եվրոպայում վաղ միջնադարում կային քաղաքներ, որոնք մնացել են Հռոմեական կայսրության ժամանակներից կամ ավելի ուշ ի հայտ են եկել, կամ դրանք եղել են վարչական կենտրոններ, ամրացված կետեր կամ եկեղեցական կենտրոններ (արքեպիսկոպոսների, եպիսկոպոսների նստավայրեր և այլն), դրանք չեն եղել արհեստի և առևտրի նշանակալի կենտրոններ:
Արևմտյան Եվրոպայում դասական միջնադարյան քաղաքները առաջին անգամ հայտնվեցին (արդեն 9-րդ դարում) Իտալիայում (Վենետիկ, Ջենովա, Պիզա, Նեապոլ, Ամալֆի և այլն), ինչպես նաև Ֆրանսիայի հարավում (Մարսել, Արլես, Նարբոն և Մոնպելյե): Նրանց զարգացումը նպաստեց Իտալիայի և Ֆրանսիայի հարավային առևտրային հարաբերություններին Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության հետ:
Ինչ վերաբերում է Հյուսիսային Ֆրանսիայի քաղաքներին, Նիդեռլանդներին, Անգլիային, Գերմանիայի հարավ-արևմուտքին, Ռայնի երկայնքով և Դանուբի երկայնքով, ապա նրանց բարգավաճումը տեղի է ունեցել X-XII դարերում:



