
Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բանաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ 1939—1941 թվականներին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող: Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ 1944 թվականին Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։
Սահյանն իր գրական անունը ստեղծել է հոր՝ Սահակի անվան առաջին մասի «ՍԱՀ» և ազգանվան վերջավորության «յան» համատեղումով։
Նորից կարմիր ու կանաչ (վերլուծություն )
Նորից կարմիր ու կանաչ
Իմ երազները
Բաց են արել մեր հին տան
Հին դարբասները:
Մայրս խմոր է արել,
Սպիտակ խեժ է,
Խեժը գնդել է, շարել,
Թոնիրը թեժ է:
Հացը բուրում է՝ հողից
Մինչև եթերը…
Խղճիս ստրուկն եմ նորից
Ու գլխիս տերը:
Աշխարհն այնպես արևոտ,
Այնպես թեթև է,
Եվ մահս՝ յոթ անգամ յոթ
Լեռան ետև է:
Նորից կարմիր ու կանաչ
Իմ երազները
Բաց են արել մեր հին տան
Հին դարբասները:
Այս բանաստեղծության մեջ, բանաստեղծը ներկայացնում է իր կարոտը դեպքի մանկության երանելի օրերը: Նա հիշում է իրենց տան բաց դարպասները, մորը՝ ով պատրաստվում է հաց թխել, հացի բույրը, աշխարհն այնպես արևոտ է նրան թվում իսկ մահը ՛՛ յոթ անգամ յոթ սարի ետևը՛՛
Չնայած նրան, որ Սահյանը ընդամենը 13 տարի ու ապրել հայրենի Լոր գյուղում, նրա բանաստեղծությունների մի մեծ զանգված նվիրված է հիշողություններով ու ապրումներով հագեցած այդ շրջանին:
Հարցեր և առաջադրանքներ՝ 1
- Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:
Սարն առել վրան ծիրանի մի քող, Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող, Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել, Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել, Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ, Ոսկե բոցի պես թևը ծիծառի
- Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:
Օրվա բոլոր ժամերն էլ ունեն իրենց գեղեցկությունը, բայց ես ավելի շատ սիրում եմ արևածագը: Այն ավետում է նոր օրվա սկիզբը: Սիրում եմ, երբ արևի շողերը դանդաղ մուտք են գործում իմ սենյակ ու ընկնում ուղիղ դեմքիս: Սիրում եմ արթնանալ արևի ջերմությունից, այն մի տեսակ բարձրացնում է տրամադրությունս ու աշխուժություն մտցնում օրվա մեջ: Հեքիաթային է հատկապես ամառվա արևածագը, երբ արևի առաջին շողերի հետ լսվում է թռչունների ծլվլոցը...
1. Մայրամուտ
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
Հարցեր և առաջադրանքներ 2՝
- Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
երկնչել-Վախենալ, երկյուղ կրել
- Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
Կարծում եմ առվի հոսելը
- Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…
Կարծում եմ, բանաստեղծը այս տողով նկարագրում է աշունը հայոց լեռներում, երբ մասուրը ամենուրեք արդեն հասել է ու թափվում է հոսող առվակների մեջ , որը տպավորություն է ստեղծում որ ժայռից է մասուր կաթում:
- Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:
ժայռից է մասուր կաթում, Կարմիր սարսուռ, Առուն բարի է, երկնչում է քարից, Առուն ինչպես կլռի:
Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:
Խոսքի պատկերավորման միջոցներն են Մակդիր(օրինակ՝ քար սիրտ, ծով երկինք), Համեմատություն, Փոխաբերություն, Անձնավորում, Չափազանցություն, Նվազաբերություն:
Ժայռից մասուր է կաթում
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:
Հարցեր և առաջադրանքներ 3 ՝
- Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
Ամպրոպից հետո երկինքը ավելի կապույտ է լինում, խոտերն ավելի կանաչ, ճերմակ շուշանը ավելի ճերմակ, կակաչն ավելի կարմիր, մեղրածաղիկն ավելի դեղին: Ամպրոպից հետո սարերն ավելի բարձր են երևում, ձորերն ավելի խորը, տափաստաններն՝ ավելի արձակ: Ծառերն ավելի խոնարհ են լինում, հավքերը մեր գլխավերևում ավելի սրտով են իրար կանչում , արևն ավելի բարի է լինում և մենք ավելի սիրով ենք իրար բարևում: Ամպրոպից հետո աշխարհը և դու հասկանալի եք լինում ավելի:
- Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…
կապույտ երկինք, կանաչ խոտ, ճերմակ շուշան, կարմիր կակաչ, դեղին մեղրածաղիկ, բարձր սարեր, խոր ձորեր, արձակ տափաստաններ, խոնարհ ծառ, բարի արև
- Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
Ամպրոպից հետո, ճերմակ, ավելի: Դրանք բանաստեղծությանը տալիս են արտահայտչողականություն և հնչերանք:
- Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի
- Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
Կարծում եմ նա է, որ ՛՛ամպրոպից՛՛ հետո ամեն ինչ ավելի պարզ ու ակնհայտ է դառնում կյանքում: Հաճախ մարդկանց կյանքում ՛ամպրոպը՛ անհրաժեշտություն է, քանի որ այդ պահին մարդիկ ավելի անկեղծ են արտահայտվում, չկա կեղծիք ու սուտ, մարդ բարձրաձայնում է այն , ինչ իրոք մտածում է, ու ինչպես հեղինակն է նկատում
աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…
Ամպրոպից հետո
Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…
Քո ընտրությամբ անգիր սովորիր Սահյանի բանաստեղծություններից մեկն ու մեկը, ձայնագրիր, տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստիր
Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ
Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:
Իտալական գրականություն. Դինո Բուցատի
1. Սիրո դեմ (վերլուծություն)
Դինո Բուցատիի այս պատմվածքը բավականին տպավերիչ է և մի տեսակ գեղարվեստական գրավչություն ունի: Պատմվածքը սիրո մասին է, որ տածում է հերոսուհի Իրենը: Արդեն 4 ամիս է ինչ ՛՛նա հեռացել է՛՛ և Իրենին թվում է, թե ինքը արդեն ազատ է այդ սիրուց, պետք էր միայն վերացնել այն ամենը ինչը կարող է նրան հիշեցնել, սկսած զգեստներից, որ նա կրել է իրենց համատեղ կյանքի ժամանակ, վերջացրած նկարներով, նամակներով, գրքերով, նույնիսկ շնից էր պետք ազատվել ու ընդհանուր ընկերներից:
Այդ ամենն իրեն հաջողվել էր անել, հուսահատ վճռականությամբ , բայց նա իր մեջ ուժ էր գտել այդ անելու, նույնիսկ մտածել էր աշխատանքի գնալու ու նոր մարդկանց հետ ծանոթանալու մասին: Կարծես թե ամեն ինչ պատրաստ էր՝ նոր կյանք սկսելու համար ու մի առավոտ, երբ նա հագել էր իր դերձակի կարած նոր կապույտ զգեստը ու պատրաստվում էր դուրս գնալ տանից, հարևանի տանից լսված մեղեդու մի քանի նոտան տակնուվրա արեցին Իրենի հոգին: Սերը, որն այս ողջ ընթացքում կարծես թաքնվել էր, դուրս է թռչում մոլեգնած փոթորկի պես ու նորից տակնուվրա անում Իրենի առանց այն էլ վիրավոր հոգին:
Կարծում եմ հեղինակն ուզում է ասել , որ մարդն անզոր է պայքարել սիրո հզոր ուժի դեմ, և հաճախ, երբ թվում է թե մարդն արդեն հաղթել է այդ ուժին, հերիք է մի փոքրիկ կայծ, մի հայացք, մի նոտա ու ….բոլոր ջանքերը հավասարվում են հողին…
2. Կորսված օրեր
Հարցեր և առաջադրանքներ
1. Քո կարծիքով` ինչո՞ւ է պատմվածքը կոչվում «Կորսված օրեր»
Որովհետև օրը , որն արդեն անցել է, այլևս հնարավոր չէ ետ բերել և եթե դու խոհեմորեն չես ապրել օրդ, ապա ետ գնալ և փոխել այն այլևս հնարավոր չէ: Այդպես էլ Էռնեստ Կաձիրան, արկղերը բացելուց հետո միայն ինչ-որ ցավ զգաց իր ներսում, բայց ետ բերել օրերը այլևս հնարավեր չէր:
2. Դու քո ո՞ր օրերն ես համարում կորսված, ինչո՞ւ:
Կորսված եմ համարում այն օրերը, երբ կարող եմ ժամանակ անցկացնել ընտանիքիս, ընկերներիս կամ ինձ սիրող մարդկանց հետ բայց չեմ անում, քանի որ պահը անցնում է, իսկ այն արդեն ոչ մի գնով ետ չես բերի:
3. Պատմիր քո մի հիշարժան` «գտնված» օրվա մասին:
Անցած տարի այնպես ստացվեց , որ ես ստիպված էր որոշ ժամանակով մեկուսացած մնալ արտաքին աշխարհից ու ունեի բավականին ժամանակ խորհելու իմ ապրած ու ՛՛կորցրած՛՛ օրերի մասին: Կարողացա վերաարժևորել արժեքներս ու շատ բաներ, որ մինչ այդ կարծում էի, որ կյանքիս անբաժան մասն են կազմելու, կորցրեցին իրենց արժեքը և հակառակը… Երբեմն պետք է մի պահ կանգ առնել ու ետ նայել, քանի որ կյանքի այս հորձանուտի մեջ հաճախ չենք էլ նկատում թե ինչքան օրեր ենք անդարձ կորցնում…
4. Ի՞նչը հնարավոր չէ փողով ձեռք բերել:
Ժամանակը, երջանկությունը, սերը….
3. Ճագարներ լուսնի տակ
1. Քո կարծիքով` ո՞րն է պատմվածքի ասելիքը, ենթատեքստը:
Կարծում եմ ամբողջ ասելիքը թաքնված է այս տեղում: Ոչ էլ մենք գիտենք, երբ ընկերների հետ խաղում ենք ու ծիծաղում, թե ինչ է սպասում մեզ. ոչ ոք չի կարող իմանալ ցավերը, անականկալները, հիվանդությունները, որ գուցե պահված են վաղվա համար:
2. Համաձա՞յն ես պատմվածքի ասելիքի հետ, հիմնավորիր կարծիքդ:
Այո համաձայն եմ, ոչ ոք չգիտի թե ինչ է ապսվում իրեն վաղը:
3. Ի՞նչ ես կարծում` որտե՞ղ է թակարդը լարվել և ինչո՞ւ:
Այնտեղ, փոքր պատի ետևում, հորատանցք տանող թունելի մեջ, որտեղ արշալույսին պիտի մտնեն քնելու, թակարդ է դրված: Թակարդը դրված է այտեղ, որտեղ ճագարները վերադառնալու են՝ քնելու:
4. Որո՞նք են երջանկության քո պատկերացումները:
Առողջ ընտանիք, սիրած զբաղմունք, խաղաղ Հայրենիք