Երեխայի իրավունքներ, մարդու հիմնարար իրավունքներից մեկը: Երեխաները և երիտասարդները օժտված են մարդկային միևնույն ընդհանուր իրավունքներով, ինչ մեծահասակները, ինչպես նաև հատուկ իրավունքներ, որոնցով ճանաչվում են նրանց հատուկ կարիքները: Երեխաները իրենց ծնողների սեփականությունը չեն, և ոչ էլ բարեսիրության անօգնական օբյեկտներ: Նրանք մարդկային էակներ են և իրենց իսկ իրավունքների սուբյեկտներ:
Երեխաների իրավունքների մասին առաջին և հիմնական փաստաթուղթը ՄԱԿ-ի երեխաների մասին կոնվենցիան է, որը հիմք ընդունելով են աշխարհի շատ երկրներ կազմել իրենց օրենսդրությունը: Փաստաթուղթը կազմված է 54 հոդվածից, որոնք մանրամասնում են մինչև 18 տարեկան (եթե տեղական օրենքով նա ավելի վաղ չի ճանաչվում չափահաս) անձանց սեփական հնարավորությունների ամբողջական զարգացման անհատական իրավունքները՝ զերծ քաղցից և կարիքից, դաժանությունից, շահագործումից և չարաշահման այլ ձևերից։ Երեխաների իրավունքները ներառում են ծնողների և այլ անձանց հետ կապված հարաբերությունները, ֆիզիկական պաշտպանվածության, անվճար կրթության, առողջապահության, քաղաքացիական իրավունքները[1]:
Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան 1993 թվականին` պարտավորություն ստանձնելով համապատասխանեցնել իր ներպետական օրենքները և պրակտիկան միջազգային այդ փաստաթղթի պահանջներին։ Հետագայում Կոնվենցիան լրացվեց երկու կից արձանագրություններով՝
- Մանկավաճառության, երեխաների մարմավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին կամընտիր արձանագրությունը,
- Զինված հակամարտություններին երեխաների մասնակցությանը վերաբերող կամընտիր արձանագրությունը[2]։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը 1996 թվականի մայիսի 29-ին, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի ընդունում է երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագիր[4]:
Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանությունն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքում ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով առաջին անգամ` առանձին հոդվածով (Հոդված 37) ամրագրվեց երեխայի իրավունքների պաշտպանությունը[4]:
Սահմանադրության 37 հոդվածով սահմանվում է՝
- Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:
- Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:
- Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:
- Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են:
Երեխաների իրավունքների կարևորությունը
Երեխաները անհատներ են
Երեխաները իրենց ծնողների կամ պետության սեփականությունը չեն, և ոչ էլ ընդամենը դեռևս ձևավորվող մարդիկ. նրանք ունեն մարդկային, ընտանիքի մյուս անդամների կարգավիճակին հավասար կարգավիճակ:
Երեխաները կյանքն սկսում են որպես միանգամայն կախյալ էակներ
Երեխաները պետք է հենվեն մեծահասակների վրա՝ ստանալու համար այն հոգածությունն ու ուղղորդումը, որ անհրաժեշտ է իրենց՝ դեպի անկախության տանող ճանապարհին: Մեծահասակների կողմից նման հոգածությունը իդեալական պայմաններում պետք է առկա լինի երեխաների ընտանիքներում, սակայն երբ առաջնային մեծահասակ խնամողները ի վիճակի չեն բավարարելու երեխաների կարիքները: Պետությունը պարտավոր է մշտապես հաշվի առնել երեխայի լավագույն շահը:
Կառավարության գործողությունները կամ անգործությունը երեխաների վրա ազդում են առավել զգալի, քան հասարակության որևէ այլ խմբի վրա
Գործնականում կառավարության քաղաքականության յուրաքանչյուր ոլորտ՝ կրթությունից մինչև առողջապահություն, այս կամ այն չափով ազդում է երեխաների վրա: Երեխաներին հաշվի չառնող անհեռատես քաղաքականություն մշակելը բացասաբար է անդրադառնում հասարակության բոլոր անդամների ապագայի վրա:
Երեխաների տեսակետները պետք է լսվեն և հաշվի առնվեն քաղաքական գործընթացներում
Երեխաները, որպես կանոն, չեն քվեարկում և, սովորաբար, չեն մասնակցում քաղաքական գործընթացներին: Առանց երեխաների կարծիքներին հատուկ ուշադրություն դարձնելու, ընդ որում՝ այդ կարծիքները արտահայտված լինեն տանը, թե դպրոցում, իրենց համայնքներում և անգամ կառավարությունների առջև, երեխաների տեսակետները մնում են չլսված՝ նրանց վրա ներկայումս ազդող կամ ապագայում ազդելիք բազմաթիվ կարևոր հարցերում:
Հասարակությունում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխություններ անհամաչափ, հաճախ՝ բացասական ներգործություն են ունենում երեխաների վրա
Ընտանիքի կառուցվածքի վերափոխումը, գլոբալիզացիան, կլիմայի փոփոխությունը, թվայնացումը, զանգվածային միգրացիան, զբաղվածության փոփոխվող միտումները, սոցիալական ապահովության նեղացող ծածկույթը շատ երկրներում ուժեղ ներգործություն ունեն երեխաների վրա: Այս փոփոխությունների ներգործությունը կարող է առանձնապես կործանարար լինել զինված հակամարտությունների և նման այլ արտակարգ իրավիճակներում:
Երեխաների առողջ զարգացումը վճռորոշ նշանակություն ունի ցանկացած հասարակության ապագա բարեկեցության հարցում
Զարգացման ընթացքով պայմանավորված՝ երեխաները, ավելի քան մեծահասարկները, առանձնապես խոցելի են կենսական այնպիսի անբավարար պայմանների առումով, ինչպիսիք են՝ աղքատությունը, առողջապահության, սնուցման անբավարարությունը, ապահով խմելու ջրի սակավությունը, բնակության անբավարար պայմանները և շրջակա միջավայրի աղտոտվածությունը: Հիվանդությունների, թերսնուցման և աղքատության հետևանքները հաճախ վտանգում են երեխաների, ուստիև՝ այն հասարակությունների ապագան, ուր նրանք ապրում են:
Երեխաների հարցում թերացող հասարակությունը խիստ թանկ է վճարում դրա դիմաց
Սոցիալական հետազոտություններում տեղ գտած եզրահանգումները ցույց են տալիս, որ վաղ տարիքում երեխաների ապրած իրադարձությունները էական ազդեցություն ունեն նրան հետագա զարգացման հարցում:
Ամեն տարի հունիսի 1-ին նշվում է երեխաների պաշտպանության օրը:





