Փող, ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկը։ Փողն այն առանցքն է,որի շուրջը պտտվում է երկրագունդը: Փողի դասական բնորոշումն այն է, որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ։ Փողի էությունն այն է, որ այն համարվում է արագ իրացվելի միջոց, որովհետև յուրաքանչյուր պահի փողը կարող է վերածվել ցանկացած ապրանքի։
Նախքան փողի ի հայտ գալը գոյություն են ունեցել տարբեր արժեձևեր,որոնց միջոցով իրականացվել է ապրանքափոխանակությունը: Փողը ծագել է այն ժամանակ, երբ մարդիկ ստիպված են եղել փոխանակել իրենց աշխատանքի արդյունքները:
Փողը շատ տնտեսագետներ անվանում են «շուկայի լեզու»: Եվ դա իրոք այդպես է, քանի որ հենց նրա միջոցով է իրականացվում ապրանքների և ռեսուրսների շրջապտույտը:
Սկզբունքորեն փող կարող է լինել ցանկացած իր, որը վաճառողների կողմից կարող է ընդունվել որպես ապրանքների և ծառայությունների դիմաց վճարման միջոց:
Այնուամենայնիվ, փողին ներկայացվում են մի շարք պահանջներ, որոնց սկզբնական շրջանում բավարարում էր ոսկին, իսկ այնուհետև թղթադրամները: Ապրանքային փողի համակարգը, ի վերջո, դարձավ հիմնական դրամական համակարգ: Այսինքն՝ ոսկու և արծաթի առևտրականները կամ բանկիրները իրենց ավանդատուներին տրամադրում էին վարկեր, որոնք կարող էին մարվել ապրանքային դրամի տեսքով: Ի վերջո՝ այդ մուտքերը ընդհանուր առմամբ ընդունվեցին որպես վճարման միջոց և օգտագործվում էին որպես փող:
Փողին ներկայացվող պահանջները հետևյալն են՝
- Փողի արժեքը պետք է կանխատեսելի ժամանակահատվածում լինի կայուն, այլապես անհնար կլինի հաշվարկներ կատարել և որոշումներ ընդունել:
- Փողը պետք է լինի հարմար, որպեսզի հեշտությամբ պահվի դրա կարիքն ունեցողի մոտ:
- Փողը պետք է լինի «ամուր», այլապես դրա օգտագործման և պահպանման ժամանակ կառաջանան մեծ դժվարություններ:
- Հավասար արժեք ունեցող դրամական նիշերը պետք է լինեն համասեռ (օրինակ՝ ոսկե դրամները պետք է լինեն միևնույն հարգի, այլապես նույն անվանական արժեք ունեցող մետաղադրամները կունենան տարբեր գնողունակություն):
- Փողը պետք է անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի բաժանել մասերի:
- Փողը պետք է հեշտ ճանաչվի ըստ գույնի, չափերի, հատուկ պոլիգրաֆի- ական հատկանիշների և արժեքի:
- Փողը պետք է լինի եզակի, այսինքն՝ հնարավոր չլինի կեղծել, քանի որ այդ դեպքում յուրաքանչյուր մարդ ցանկության դեպքում կարող է բացել իր սեփական «դրամահատման գործը»:
Փողը անընդհատ շրջանառություն մեջ է: Կա շրջանառության երկու ձև՝ կանխիկ և անկանխիկ: Փողի շրջանառության կանխիկ ձևն այն է, երբ այն փոխանցվում է առձեռն: Անկանխիկ ձևն այն է, երբ գումարը փոխանցվում է հաշվեմարից հաշվեհամար:
