Рубрика: Գրականություն

ԷՊՈՍ

«Մեր էպոսը հայ ցեղի ապրած կյանքի և հոգեկան կարողությունների հոյակապ գանձարանն ու իր մեծության անհերքելի վկայությունն է աշխարհի առջև»
(Հ.Թումանյան):

Էպոսը դա ժողովրդական հերոսական կամ ավանդական վեպ է, վիպական բանահյուսության ծավալուն և բարդ տեսակ, որը բաղադրվում է վիպական ու պատմահերոսական երկերից, ավանդություններից, զրույցներից: Ազգային էպոսը դա գրականության գործ է, որը ավանդաբար ներկայացնում է որևէ ազգի մշակութային կամ ինքնաճանաչողական ոգին: Ազգային էպոսների մեջ հաճախ նկարագրվում է տվյալ ազգային էթնոսի ծագման և զարգացման պատմությունը. կամ պատմության մի մասը, կամ տվյալ ազգության ինքնորոշման կամ ինքնագիտակցման պատմության կարևորագույն դրվագները և այլ ազգային խորհրդանշանների ծագման կամ ընդունման պատմությունը։

Ուսումնասիրություն

  1. 2012 թ.-ին,  ՛՛Սասնա ծռեր՛՛ էպոսը ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում, իսկ ավելի վաղ՝ 1964 թ-ին, աշխարհի վիպերգերի միջազգային մրցույթում «Սասնա ծռերը» ճանաչվեց լավագույնը: Փորձիր պարզել՝ ինչո՞ւ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված մշակութային արժեքները կամ վայրերը պատկանում են աշխարհի բոլոր ժողովուրդներին` անկախ դրանց գտնվելու վայրից: Այդ ցանկում  ընդգրկված են մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձանները և հուշահամալիրները: Յուրաքանչյուր պետություն կարող է հայտ ներկայացնել միայն այն մշակութային արժեքի կամ վայրի համար, որը գտնվում է իր սահմաններում: «Սասնա ծռերը» առանձնահատուկ ստեղծագործություն է: Շատ քիչ ժողովուրդներ ունեն այդքան ամբողջական, խոր, բազմաշերտ էպիկական ստեղծագործություն, որը միավորում է մեր ժողովորդի առասպելական նախնադարյան պատկերացումները, համեմված` էպիկական բազմազան մոտիվներով պատմական տարբեր շրջանների մասին վկայություններ, ինչպես նաեւ քրիստոնեական աշխարհայացքը, հավատն առ Աստված, հավատն առ արդարության հաղթանակն ու լավ ապագայի վերաբերյալ ժողովրդի երազներն ու հույսերը: «Սասնա ծռերը», դարեր շարունակ ավանդվելով բանավոր, ներառել և գեղարվեստորեն համադրել է հայ ժողովրդի տարբեր դարաշրջանների նյութական ու հոգևոր կյանքի կարևոր իրողությունները, դարձել պատմամշակութային արժեքավոր հուշարձան:

1964 թվականին աշխարհի վիպերգերի միջազգային մրցույթում «Սասնա ծռերը» ճանաչվել է լավագույնը: Կարծում եմ պատճառն այն է, որ էպոսի հիմքում հայրենի հողի պաշտպանությունն է: Սասնա հերոսները որքան էլ ատում են բռնությունն ու ստրկությունը, որքան էլ ցասումով են կռվում թշնամիների դեմ, բայց ամենևին դաժան ու անհոգի չեն: Էպոսի առասպելական հերոսներն օժտված են մարդկային վեհ հատկանիշներով՝ պատվասիրությամբ, մարդասիրությամբ, ազատասիրությամբ, ունեն նաև թուլություններ՝ պարզամտություն, դյուրահավատություն: Սասնա քաջերը վեհանձն են ու շիտակ, նրանք կառուցող-շինարարներ են, հմուտ որսորդներ, անվեհեր մարտիկներ՝ պատրաստ մեռնելու իրենց հողի ու ժողովրդի համար: 

Էպոսի գլխավոր հերոսուհիներին նույնպես ժողովուրդն օժտել է առանձնահատուկ գծերով. նրանք գեղեցիկ են, խոհեմ, զգայուն, պարկեշտ ու միշտ պատրաստ են իրենց կյանքը զոհելու հայրենիքի և ընտանիքի համար: Վիպերգի կանայք նաև խիզախ են ու մարտնչող («Ինչպես որ Դավիթ՝ քաջ, խորոտ մարդ էր, Խանդութ՝ թե՜ խորոտ էր, թե՜ քաջ էր»): Հայ ժողովուրդը չի ստորադասել կնոջը տղամարդուց. «Առյուծն՝ առյուծ է, էղնի էգ, թե որձ»:

2. Փորձիր պարզել` Կոմիտասի ո՞ր հայտնի ստեղծագործության մշակման հետ է կապվում էպոսը:  Էլ ի՞նչ երաժշտական ստեղծագործություններ են գրվել էպոսի թեմաներով:

Խոսքը Կոմիտասի «Մոկաց Միրզա» հայ ժողովրդական միջնադարյան վիպական-քնարական երգին է վերաբերում : Մեզ հասել է երգի չորս տարբերակ, բոլորն էլ՝ Մոկաց բարբառով: Երգի բովանդակությունը հետևյալն է․ Կոլոտ փաշան (տարբերակներից մեկում քուրդ է, մյուսում՝ հայ) իշխան Մոկաց Միրզային հրավիրում է Զեզիդե քաղաքը և թունավորում՝ նրա հարսնացու Նազլուխանին տիրանալու համար։ Եղանակը, որ գրառել է Կոմիտասը,  ելևէջային տարրերով հարում է  Սասնա Ծռեր վիպերգի մեղեդիներին ու հին շարականներին: Կոմիտասն իր վերաբերմունքն է արտահայտում դեպքերի ու դեմքերի նկատմամբ, յուրաքանչյուր հատվածի վերջում հիշվում է․ «Հազար ափսո՜ս Մոկաց Միրզեն», «Բեմուրադ կեներ Կոլոտ Ւաջեն»։ Պահպանվել է երգի ձայնապնակը՝ Կոմիտասի կատարմամբ։

Էպոսը կապվում է նաևԿոմիտասի «Սասունցի Դավիթ» հայտնի ստեղծագործության մշակման հետ, որի ստեղծման  աշխատանքները  կոմպոզիտորին չի վիճակվել  ավարտել։ 

Երաժշտաարվեստում մեծ ճանաչում են ձեռք բերել գուսան Շահենի «Սասունցի Դավիթ» դյուցազներգությունը, Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան, Գևորգ Բուդաղյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիան, Արթուր Շահնազարյանի «Սասունցի Դավիթ» երաժշտական ասքը և այլն:

3. Հին Կտակարանում կա հիշատակություն մեր էպոսի հերոսների մասին, գտիր հատվածը և ներկայացրու:

Էպոսի հերոսներից Սանասարի և Բաղադասարի մասին հնագույն գրավոր ավանդությունը պահպանվել է Աստվածաշնչում, հետագայում Մովսես Խորենացու (գիրք Ա, ԻԳ) և Թովմա Արծրունու (Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան) երկերում:

Հին կտակարան‎ ,  ‎Դ Թագավորաց‎ , ‎ ԺԹ, էջ 475 »Եւ եղաւ որ այն գիշերը դուրս եկաւ Տիրոջ հրեշտակը եւ զարկեց Ասորեստանցիների բանակումը հարիւր ութսունեւհինգ հազար. Եւ երբոր առաւօտը վեր կացան, եւ ահա բոլորը մեռած դիակներ էին։ Եւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը չուեց գնաց դարձեալ, ու նստեց Նինուէ։ Եւ երբոր նա երկրպագում էր իր աստուծուն՝ Նեսրաքի տանը, նորա որդիքը Ադրամելէք եւ Սարասար նորան սրով սպանեցին եւ իրանք փախան Արարատի երկիրը. Եւ նորա որդի Ասորդանը թագաւոր եղաւ նորա տեղ»:

4. Փորձիր պարզել՝ «Մարութա» անվան ստուգաբանությունը: Տեղեկություններ հավաքիր նաև Մարութա Բարձր Աստվածածնի և Ծովասարի մասին:

Ընդունված է այն տեսակետը, թե Մարութա անվանումը գալիս է արամեերեն Մարութա բառից, որը նշանակում է` իմ աշխարհի տերը: Մարութա սարը գտնվում է Հայկական լեռնաշխարհում՝ Սասուն գավառում: Եղել է սասունցիների սիրած և պաշտելի սարը։ Կոչվել է նաև Մարաթուկ։ «Սասունցի Դավիթ» էպոսում պատմվում է, որ վանքը կառուցել է տվել Մհերը և ինքն էլ դրել է վանքի անունը` Մարութա Բարձր Աստվածածին: Այն գտնվում է  Լեռան գագաթին՝ 2967 մ բարձրության վրա : 2014 թվականի հուլիսին Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղչիի  խումբը Մարաթուկի Սուրբ Աստվածածին վանքում նախաքրիստոնեական սեպագրություն է հայտնաբերել:

Ծովասար լեռը  համարվում է Ծովասարի լեռնաբազուկի բարձր գագաթը: Ծովասարի լեռները գտնվում են Հայկական Տավրոս լեռնահամակարգում, Սասունի լեռներում, Սասունի Շատախ և Տալվորիկ շրջանների միջև: Ձգվում է հարավից հյուսիս ուղղությամբ` կազմելով Խարզանի լեռնաշղթայի հյուսիսային շարունակությունը: Լեռը Ծովասար է կոչվել իր գագաթամերձ հատվածում ունեցած լճակի պատճառով, հարուստ է մարգագետիններով և աղբյուրներով:

5. Ո՞ր պատմիչներն են հիշատակել էպոսի մասին, իսկ օտարերկրացիների ինչպիսի՞ հիշատակություններ կան էպոսի մասին:

Էպոսի մասին  հիշատակվել  է Մովսես Խորենացու և Թովմա Արծրունու երկերում: «Սասնա ծռեր»-ի, Դավթի և Խանդութի մասին զրույցների, Սասունում եղած իրեղեն ապացույցների մասին հիշատակություններ կան դեռևս 16-րդ դարում: Առաջին արձագանքները պահպանվել են պորտուգալացի ճանապարհորդներ Անտոնիո Տենրեյրոյի և Մեստրե Աֆոնսոյի  ուղեգրական նոթերում։ Եվրոպայում էպոսը հայտնի է դարձել  հենց  նրանց  շնորհիվ։

6. Ո՞րն է էպոսի վիպասացների բուն հայրենիքը: Հավաքիր տեղեկություններ և ներկայացրու:

Էպոսի վիպասացների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք ընկած գավառներն են՝ Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք, Շատախ, Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Ալաշկերտ, Բայազետ։  XIX-XX դդ. գավառներից պանդխտած և գաղթած վիպասացների ու նրանց սերունդների միջոցով «Սասնա ծռերն» անցել է Արևելյան Հայաստան, մասամբ պարսկահայերի մեջ և Թիֆլիս: Դրանց լեզուն հիմնականում արևմտահայ բարբառներն ու ենթաբարբառներն են, երբեմբ նկատելի է նաև արևելահայ բարբառների ազդեցությունը:

7. Ովքե՞ր են էպոսի գրական լավագույն մշակումների հեղինակները: Ներկայացրու հատվածներ:

«Սասնա ծռերի» գրական մշակումները սկսվել են դեռևս 1890-ական թվականներից, սակայն Դավթի ճյուղի լավագույն մշակումը համարվում է Հովհաննես Թումանյանինը («Սասունցի Դավիթ», 1903թ.): Փոքր Մհերի ճյուղը բանասետղծական մշակման են ենթարկել ռուս բանաստեղծ Ա. Կուլեբյակինը («Մհերի դուռ», Թիֆլես, 1916թ.) և Ավ. Իսահակյանը («Սասման Մհեր», 1922թ.): Դավթի ճյուղը մշակել է նաև Եղիշե Չարենցը («Սասունցի Դավիթը», 1933թ.) և ուրիշներ:

Հովհաննես Թումանյան «Սասունցի Դավիթ»

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

Ավետիք Իսահակյան «Սասնա Մհերը»

Երկիրն էլ  չէր ուզի տանի Մհերին,

Արեգակն էլ `աչքի նման մեռելին

Պաղ կընայեր ու լույս չէր տա Մհերին:

Ձիու ոտքը ծունկն ի վեր

Հողերու մեջ կըմխրճվեր.

Ուժով –զոռով գնաց Մհեր,

Եկավ,հասավ Վանա ծովուն:

Ագռավու Քար բացվեց մեկեն,

Առավ –կալավ մեջ իր ծոցին

Մհերն ու Ձին:

Ագռավու Քար գոցվեց նորեն

Նըրա վըրեն:

Եղիշե Չարենց <<Սասունցի Դավիթ>>

Մհերը՝ զարմով արևազուն՝

Քառասուն տարի իշխեց Սասուն,

Իբրև արդ արդար և դյուցազուն։

Նա պատերազմներ մղեց բազում

Թշնամիների հանդեպ հզոր,

Որ խուժում էին անբավ ուժով

Տիրելու բարձրիկ երկրին Սասուն,

Բայց մարտերում այդ հզորազոր

Հաղթում է նա միշտ իր սրով սուր։

Նաիրի Զարյան<<Սասնա Դավիթը>>

Մհերը վեր կացավ,հեծավ Քուռկիկ Ջալալին,ծանր-ծանր քշում էր դեպի Ոստանա Կապան:Հողը թուլացել էր,չէր դիմանում էնոր ծանրության տակ:Ձիու ոտները թաղվում էին հողի մեջ:Մհերն ասաց.

-Հայ-Հա~յ,հողը ծերացել է:Քշեց,քշեց հասավ Տոսպա,էն որ ասում են Վան:Էնտեղ էր Ագռավաքար…

8. Բացի «Սասնա ծռերից» էլ ի՞նչ անուններով է կոչվել մեր էպոսը:

Այն կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն։ 

Հետազոտական աշխատանք

Ո՞րն է էպոսի գաղափարաբանությունը, որքանո՞վ են էպոսում իրացվող գաղափարներն արդիական:

Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման: Այս գաղափարները անժամկետ են և միշտ արդիական:

Պետականության ի՞նչ մոդել է ներկայացնում «Սասնա ծռերը»: Իսկ դու ի՞նչ մոդել կառաջարկեիր:

«Սասնա ծռերի» պետականության մոդելնն է՝

  1. Հավատ, դավանանք, լեզու, ազգային պատկանելություն
  2. Ամուսնություն՝ հզոր ժառանգ ունենալու նպատակով
  3. Շինարանություն
  4. Ազատություն, Տոհմական արժեքներ

Իմ պատկերացրած պետականության մոդել է

  1. Հզոր բանակ
  2. Որակլյալ կրթություն
  3. Հզոր տնտեսություն (արտադրություն, IT ոլորտ)
  4. Հավատ, կրոն

Քո կարծիքով՝ ի՞նչ է ասում էպոսն այսօր մեզ և աշխարհին:

Էպոսում համամարդկային գաղափարներ են ներկայացվում. խաղաղության
պայքարը պատերազմի դեմ, կառուցման պայքարը՝ ավերման դեմ, արդարության
պայքարը՝ անարդարության դեմ:

Էպոսում սասնա դյուցազունների չորս սերունդներն էլ բնութագրվում են հայրենիքին
ու ժողովրդին անձնուրաց ու անմնացորդ նվիրվածությամբ, նվաճողների և բռնակալների նկատմամբ հետևողական վճռականությամբ մղած պայքարով: Այսինքն էպոսը մեզ սովորեցնում է լինել հայրենասեր ու անողեք բռնակալների հանդեպ: Էպոսը մեզ , սովերեցնում է, որ միշտ չէ որ երկիրը կարող է լինել հզոր, այն կարող է ունենալ անկումներ: Դրա վառ օրինակը այն է, որ էպոսը սկսվում է մեր երկրի ոչ այնքան ուժեղ լինելու նկարագրությամբ. ՛՛ Գագիկ թագավորը հարկատու էր Մսրա Մելիքին՛՛ , բայց դա չէ կարևորը, կարևորը միշտ պայքարող հայի ոգին է, որ ձգտում է արդարության ու պետականության վերականգնման : Էպոսի գաղափարական գծերից է ազատասիրությունը իսկ գաղափարական բովանդակության գծերից է պետականության նկատմամբ ունեցած վերաբերմունքը: Այստեղից կարող եմ հետևություն անել, որ էպոսը մեզ սովորեցնում է լինել ազատասեր և ծնկի չգալ բռնակալների առաջև, լինել օրինապաշտ(օրինակ երբ Ձենով Օհանը Դավիթին ասում է. «Եթե մենք մեր դրած օրենքը չպահենք….») և պահել սեփական երկրի օրենքները՝ սեփական շահը երբեք չգերադսելով պետական շահից: Էպոսը մեզ սովորեցնում է
նաև

1. Ժողովրդասիրություն, որի վառ օրինակն է Ծովինարը, ով որոշեց կանխել իր ժողովրդի կոտորածը և համաձայնեց խալիֆի պահանջին, կամ Դեղձուն Ծամը, ում հայրենիքի նկատմամբ պատասխանատվության զգացումը մղում է հագնելու ամուսնու զենքն ու զրահը և պաշտպանելու Սասունը:

2. Արժանապատվության , որով օժտված են մեր էպոսի դրական կերպարները:

3. Ազնվություն… Էպոսում բազմաթիվ են օրինակները, Դավիթը, քնած Մելիքի վրա զենք չի բարձրացնում, արթնացնում է, որ կռվեն: Ազնիվ աշխատանքով են ապրում մեր էպոսի հերոսները: Նրանցից ոչ մեկի մտքով անգամ չի անցնում նույնիսկ պարտված թշնամու ունեցվածքին ձեռք տալ: Դավիթը Մելիքին սպանելուց հետո նրա զորքին ազատ է արձակում, ինքը վերադառնում է
Սասուն՝ մի սայլի վրա դրած տանելով միայն Մելիքի ականջը՝ որպես նրաոչնչացման ապացույց, ոչ թե ռազմավար:

4. Խաղաղասիրություն… խաղաղ կյանքով ապրելու գաղափարն է մեր դյուցազուններին մղում պայքարելու հայ ժողովրդի համար: Էպոսում զարգանում է այն գաղափարական գիծը, որ
ժողովուրդներն իրար նկատմամբ թշնամանք չունեն, թշնամություն հրահրողները իշխողներն են: (Ծերունու խոսքը ուղղված Դավթին)

5. Հավատ…մեր հայրենիքը մեր քրիստոնյա էությունն է, աստվածատուր մեր ինքնության կերպը, մեր տեսակը, որ պիտի կրենք: Պատահական չէ, որ գլխավոր հերոսը՝ Դավիթը, իր գործունեությունն սկսում է՝ Մարութա սարի վանքը վերականգնելով: Խորհուրդն այս
է. Դավիթը ոչ միայն վանքը կառուցեց, այլև վերականգնեց հավատն իր եկեղեցու
նկատմամբ:

Մեր էպոսը մարդկության ստեղծած ամենահանճարեղ գեղարվեստական գործերից է: Նրա մեջ ամփոփված գաղափարները կենսունակ են և այսօր: Դարեր շարունակ էպոսը կրթել է մեր ժողովրդին՝ տալով նրան կատարյալ մարդու իր իդեալը՝ պարզություն , արժանապատվություն, արդարամտություն, վեհանձնություն մարդասիրություն, ժողովրդասիրություն, խաղաղասիրություն, հայրենասիրություն և այլն:

Էպոսը ավարտվում է Փոքր Մհերով, ով մնում է անժառանգ ըստ հոր անեծքի ու փակվում է սարի մեջ: Գուցե պիտի հասկանանք, որ հայ մարդն իր ֆիզիկական էությամբ հասել է կատարյալ վիճակի, և կարիք չկա նորոգվելու, նոր սերնդի մեջ ի հայտ գալու: Աստվածատուր նրա նյութեղեն ձևը Փոքր Մհերի կերպարում արդեն իսկ կատարյալ է:

Մենք կատարյալ չենք հոգևոր առումով: Եվ ինչ կարող էր հայրը ասել որդուն եթե ոչ՝ ապաշխարի՛ր. գնա՛, փակվի՛ր ժայռի մեջ և սպասի՛ր: Ժայռը մեր ժայռեղեն Հայաստանն
է: Փոքր Մհերը հայ ժողովուրդնը:



armptress.am, wikipedia.org enclopedia.am,