Աշխարհում շատ կան հայտնի և տաղանդավոր հայեր, բայց իմ ամենասիրած հայտնի հայը ումով ես հիանում եմ ՝ Շառլ Ազնավուրն է: Ես շատ եմ սիրում երաժշտություն և կարող եմ ասել , որ նախընտրում եմ շատ տարբեր ժանրերի երաժշտություն լսել: Դա կախված է իմ տրամադրությունից, բայց միակ երգիչը, որին ես կարող եմ լասել ցանկացած պահի դա Շառլ Ազնավուրն է:
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924-ի մայիսի 22-ին: Նա ֆրանսահայ երգիչ, քնարերգուհի, դերասան և դիվանագետ է: Ազնավուրը հայտնի էր իր առանձնահատուկ տենոր ձայնով: Որպես կոմպոզիտոր, երգիչ և երգահան աշխատելու տարիների ընթացքում, նա ձայնագրել է ավելի քան 1200 երգ, որոնք թարգմանվել են 9 լեզուներով: Ասեմ ավելին, նա գրել է ավելի քան 1000 երգ իր և մյուս հայտնի երգիչների համար:
Ազնավուրը Ֆրանսիայի ամենահայտնի և ամենասիրված երգիչներից մեկն է: Նա իր կյանքի ընթացքում վաճառել է 180 միլիոն ձայնագրություն և կոչվել Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա, իսկ երաժշտագետ Ստեֆան Հոլդենը Ազնավուրին նկարագրել է որպես «ֆրանսիական փոփ աստվածություն»: Կարելի է ասել նա համարվում էր իր ժամանակի ամենահայտնի հայը: Նա ճանաչվել է որպես դարի երգիչ, հավաքելով ընդհանուր ձայների գրեթե 18% -ը՝ դուրս մղելով Էլվիս Փրեսլիին և Բոբ Դիլանին:
Չնայած նրան, որ նա ծնվել և ապրել է Ֆրանսիայում, Ազնավուրը առանձնահատուկ ակնածանքով էր խոսում Հայաստանի մասին: Նա ոչ միայն երգեր է նվիրել Հայաստանին, այլև դարձել է Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվավոր դեսպան: Նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը:
Ի պատասխան 1988-ի հայկական երկրաշարժի, նա Հայաստանի համար հիմնադրեց բարեգործական կազմակերպությունը ` իր վաղեմի ընկեր Իմպրեսարիո Լևոն Սայանի հետ միասին:
Իր վերջին համաշխարհային շրջագայությունը նա սկսեց 2014 թ.-ին: 2017-ի օգոստոսի 24-ին, Հոլիվուդի ՛՛Փառքի ճանապարհին՛՛ Ազնավուրին շնորհվեց 2,618-րդ աստղը: Նույն տարում նա և իր քույրը պարգևատրվեցին Ռաուլ Վալլենբերգի մրցանակով ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաներին ապաստան տալու համար: Նրա վերջին համերգը տեղի է ունեցել Օսակայում 2018-ի սեպտեմբերի 19-ին:
Վաղ երիտասարդությունն և ընտանիք
Նրա հայրը նախքան սեփական ռեստորան հիմնադրելը, երգում էր Ֆրանսիայի տարբեր ռեստորաններում: Չարլզի ծնողները նրան ծանոթացել են երգարվեսին դեռ վաղ տարիքիքից, և նա արդեն ինը տարեկան հասակից հանդես է եկել բեմում՝ վերցնելով «Ազնավուր» բեմական անունը:
Փոքրիկ Ազնավուրը առաջին անգամ բեմում հանդես եկավ դեռ 5 տարեկան հասակում, իսկ 12-ին նկարահանվեց իր առաջին ֆիլմում: Երկրորդ աշխարհամարտի տարիներին հայրը որպես կամավոր մեկնում է ռազմաճակատ: Չարլզը ստիպված էր լքել դպրոցը և ելույթ ունենալ Փարիզի փոքրիկ սրճարաններում և թատրոններում ՝ իր ընտանիքին կերակրելու համար:
Երկրորդ հնարավորությունը ստանալու համար պահանջվեց 70 տարի երբ Ազնավուրը հնարավորություն ուներ սեղանին դնելու մի քանի համալսարանների դիպլոմներ: ՛՛Սա իմ ամենամեծ ձեռքբերումներից մեկն է, ես միշտ անհարմար էի զգում բարձրագույն կրթություն չունենալու համար », — հարցազրույցում ասաց Ազնավուրը:
«Ես լավ պատանեկություն եմ ունեցել, նույնիսկ երբ ես ծանր կացության մեջ եմ եղել, միշտ կարողացել եմ հույս դնել ընտանիքի և այլ ներգաղթյալների վրա», — ասաց Ազնավուրը հարցազրույցում:
Ֆիլմի ցուցադրումներ.
Ազնավուրը որպես դերասան ունեցել է երկար և բազմազան կարիերա ՝ հայտնվելով ավելի քան 80 կինոնկարներում և հեռուստատեսային ֆիլմերում: Ազնավուրը նկարահանվել է 2002 թ.-ի «Արարատ» ֆիլմում `խաղալով ռեժիսոր Էդվարդ Սարոյանին:
«Դուք նվաճելու եք աշխարհը, քանի որ դուք գիտեք, թե ինչպես կարելի է հուզվել», — այսպես է նկարագրել գեներալ Շառլ դը Գոլը Ազնավուրը:
Մի անգամ Ազնավուրն ասաց. «Ես իմ երգերը չեմ նվիրում ոչ մեկին: Ոչ Էդիտ Պիաֆին, ոչ իմ կնոջը, ոչ էլ իմ երեխաները: Երբեք… Իմ երգերը իմ կյանքի մեկ այլ մաս են: Իմ անձնական կյանքը մի բան է, իմ աշխատանքը ՝ մեկ այլ բան »:
Ես հիանում եմ նրանով, որ մի փոքրիկ տղա կարողացավ ինքնուրույն նվաճել աշխարհը: Նա այնքան ուժեղ էր, որ չնայած նրան, որ մեծանում էր օտար երկրում, նա իր մեջ մեծ կամք գտավ `հաղթահարելու բոլոր դժվարությունները և գնաց իր նպատակին: Ինչպես գիտենք, հասարակությունը նրան անմիջապես չճանաչեց, նրան նույնիսկ ասացին, որ ինքը տաղանդ չունի, բայց Չարլզը չհիասթափեցրեց և շարունակեց երգել:
Հարցին, թե որն է իր հաջողության պատճառը, նա պատասխանեց.
»Հնարավորություն, ճակատագիր, իմ հաջողակ աստղ, Ամենակարողի պաշտպանություն, կամ գուցե որևէ այլ բան, որի մասին ես նույնիսկ չգիտեմ: Վերջիվերջո, ինձ հաջողվեց հաղթահարել բոլոր դժվարություններն և խուսափել ձախողումից: Ի՞նչ կարող եմ ասել իմ հաջողության մասին: Այս աշխարհում ամեն ինչ չէ, որ պատշաճ կերպով դասավորված է և անպարկեշտ է պարծենալ իմ ճանապարհորդություններով և այն առավելություններով, որոնք ինձ տվեցին «հայտնի շանսոնյեի» կարգավիճակ: Սկզբում ես գլուխս կորցրեցի կատարվածից, իմ «էգոն» և իմ պահանջները այնքան ուռած էին, որ նրանք ընդունել էրն Ռոլս-Ռոյսի ձևն ու չափը, բայց շուտով ես հասկացա նման բաների ապարդյունությունն ու սին լինելը: ».
Ես այնքան հպարտ եմ նրանով … հազվադեպ կարելի է հանդիպել աշխարհահռչակ մարդու հետ, ով միևնույն ժամանակ կլինի այդքան պարզ, այնքան իմաստուն, այնքան բարի, ընկերասեր, մաքուր, աշխատասեր և համեստ:
Վերջին գիրքը, որ կարդացել եմ Աբբա Պրևոյի ՛՛Մանոն Լեսկո՛՛ գիրքն է: Ինձ հետաքրքրեց այս գիրքը, երբ հեռուստացույցով դիտեցի «Վերջին ուսուցիչը» ֆիլմը: Երբ դասի ընթացքում ուսուցիչը հակիրճ պատմեց նրանց սիրային պատմությունը, ես որոշեցի կարդալ գիրքը: Պատմվածքը Մանոն Լեսկոյի և Ասպետ դե Գրիոյի մասին էր: Տասնյոթամյա ազնվատոհմիկ երիտասարդը առաջին հայացքից խելագարի պես սիրահարվում է գեղեցկուհի Մանոնին, ում ծնողները ուզում էին տանել մենաստան՝ սանձելու համար վայելքների հանդեպ նրա անհագուրդ տենչը: Վերջինս այնքա՛ն երիտասարդ էր և այնքա՛ն հիասքանչ … Կրքից կուրացած երիտասարդը հրաժարվում է երջանկությունից, հոր ժառանգությունից, խոստումնալից կարիերայից և պատրաստակամորեն անձնատուր լինում աղքատությանը՝ միայն թե սիրած էակը իր կողքին լինի: Նա վստահ էր, որ իր ընտանիքը երբեք չի հաստատի իր ընտրությունը, այդ պատճառով որոշեց հրաժարվել ամեն ինչից և փախչել Մանոնի հետ Փարիզ, բայց երջանկությունը երկար չտևեց: Մի օր տուն վերադառնալով սովորականից ավելի շուտ, դե Գրիոն իմանում է Մանոնի դավաճանության մասին՝ հայտնի կապալառու Պր. դե Բ … -ի հետ, ով ապրում էր իրենց հարևանությամբ, և հասկանում, որ դա առաջին դեպքը չէր, երբ իր բացակայության ժամանակ պարոնը այցելում էր իր երիտասարդ կնոջը: Հաջորդ օրը նրա հոր ծառաները բռնի ուժով տանում են նրան հայրական տուն, որտեղ դե Գրիոն հոր պահանջով փորձում էր մոռանալ Մանոնի դավաճանությունը և նոր կյանք սկսել: Կես տարի անց, երբ նա վերադառնում էր Փարիզ ՝ շարունակելու ուսումը, նա նորից հանդիպիպում է Մանոնին: Կրքերը նորից թեժանում են : Նրանք Չաիլոտում տուն են վարձում և սկսել են միասին ապրել, բայց շուտով նրանց տունը այրվում է և հրդեհի ժամանակ իրենց փողերով արկղը անհետանում է: Ֆինանսական խնդիրները լուծելու համար Մանոնը՝ եղբոր խորհրրդով, կրկին որոշում է «վաստակել» հին միջոցներով, միայն այս անգամ նա որոշում է հիմարեցնել իր ծեր «զոհին», սակայն այս անգամ նրան դա չի հաջոցվում: Արդյունքում նրանք ձերբակալվեցին և ուղարկվեցին բանտ: Հետո Մանոնին՝ իր նման 11 աղջիկների հետ ուղարկում են Ամերիկա իսկ դե Գրիոն որոշում է գնալ նրա հետ: Բայց միայն այստեղ են հերոսները հոգեկան հանգստություն գտնում և ուղղում իրենց հայացքը կրոնին: Որոշում են ամուսնանալ և ներկայանում են նահանգապետին: Սակայն նահանգապետը մտադիր էր ամուսնացնել Մանոնին իր ազգականի հետ, որը վաղուց հավանում էր նրան: Դը Գրիյոն մենամարտում վիրավորում է մրցակցին և փախչում է քաղաքից: Մանոնը հետևում է նրան: Ճանապարհին աղջիկը հիվանդանում է: Գրքի վերջում Մանոնը մահանում է անապատում: Հուղարկավորելով նրան ՝ դը Գրիոն գլուխը դնում է գերեզմանին ու սպասում իր մահվան: Սիրելիի մահից հետո ասպետը ծանր հիվանդանում է և երեք ամսով անկողին ընկնում: Այդուհանդերձ, նա ապաքինվում է: Նոր Օրլեանում է հայտնվում Տիբերժը: Վաղեմի և հավատարիմ ընկերը տանում է դը Գրիյոյին Ֆրանսիա, որտեղ նա իմանում է հոր մահվան մասին: Պատմությունն ավարտվում է եղբոր հետ սպասված հանդիպումով:
Գիրքը հեշտ կարդացվող էր: Այն գեղեցիկ սիրո պատմություն է, բայց անկեղծ ասած, չեմ կարող ասել, որ հիացած եմ այս գիրքով: Միգուցե, որովհետև ես չեմ կարողանում հասկանալ դե Գրիոյին: Սիրած աղջկա դավաճանությունն (և առհասարակ դավաճանությունը) ինձ համար աններելի է, բայց ինչպես ասում են , սերը մարդուն կուրացնում է, այնպես որ կարող եմ ասել, որ ես խղճում եմ Դե Գրիոյին:
«Մեր էպոսը հայ ցեղի ապրած կյանքի և հոգեկան կարողությունների հոյակապ գանձարանն ու իր մեծության անհերքելի վկայությունն է աշխարհի առջև» (Հ.Թումանյան):
Էպոսը դա ժողովրդական հերոսական կամ ավանդական վեպ է, վիպական բանահյուսության ծավալուն և բարդ տեսակ, որը բաղադրվում է վիպական ու պատմահերոսական երկերից, ավանդություններից, զրույցներից: Ազգային էպոսը դա գրականության գործ է, որը ավանդաբար ներկայացնում է որևէ ազգի մշակութային կամ ինքնաճանաչողական ոգին: Ազգային էպոսների մեջ հաճախ նկարագրվում է տվյալ ազգային էթնոսի ծագման և զարգացման պատմությունը. կամ պատմության մի մասը, կամ տվյալ ազգության ինքնորոշման կամ ինքնագիտակցման պատմության կարևորագույն դրվագները և այլ ազգային խորհրդանշանների ծագման կամ ընդունման պատմությունը։
Ուսումնասիրություն
2012 թ.-ին, ՛՛Սասնա ծռեր՛՛ էպոսը ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում, իսկ ավելի վաղ՝ 1964 թ-ին, աշխարհի վիպերգերի միջազգային մրցույթում «Սասնա ծռերը» ճանաչվեց լավագույնը: Փորձիր պարզել՝ ինչո՞ւ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված մշակութային արժեքները կամ վայրերը պատկանում են աշխարհի բոլոր ժողովուրդներին` անկախ դրանց գտնվելու վայրից: Այդ ցանկում ընդգրկված են մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձանները և հուշահամալիրները: Յուրաքանչյուր պետություն կարող է հայտ ներկայացնել միայն այն մշակութային արժեքի կամ վայրի համար, որը գտնվում է իր սահմաններում:«Սասնա ծռերը» առանձնահատուկ ստեղծագործություն է: Շատ քիչ ժողովուրդներ ունեն այդքան ամբողջական, խոր, բազմաշերտ էպիկական ստեղծագործություն, որը միավորում է մեր ժողովորդի առասպելական նախնադարյան պատկերացումները, համեմված` էպիկական բազմազան մոտիվներով պատմական տարբեր շրջանների մասին վկայություններ, ինչպես նաեւ քրիստոնեական աշխարհայացքը, հավատն առ Աստված, հավատն առ արդարության հաղթանակն ու լավ ապագայի վերաբերյալ ժողովրդի երազներն ու հույսերը: «Սասնա ծռերը», դարեր շարունակ ավանդվելով բանավոր, ներառել և գեղարվեստորեն համադրել է հայ ժողովրդի տարբեր դարաշրջանների նյութական ու հոգևոր կյանքի կարևոր իրողությունները, դարձել պատմամշակութային արժեքավոր հուշարձան:
1964 թվականին աշխարհի վիպերգերի միջազգային մրցույթում «Սասնա ծռերը» ճանաչվել է լավագույնը: Կարծում եմ պատճառն այն է, որ էպոսի հիմքում հայրենի հողի պաշտպանությունն է: Սասնա հերոսները որքան էլ ատում են բռնությունն ու ստրկությունը, որքան էլ ցասումով են կռվում թշնամիների դեմ, բայց ամենևին դաժան ու անհոգի չեն: Էպոսի առասպելական հերոսներն օժտված են մարդկային վեհ հատկանիշներով՝ պատվասիրությամբ, մարդասիրությամբ, ազատասիրությամբ, ունեն նաև թուլություններ՝ պարզամտություն, դյուրահավատություն: Սասնա քաջերը վեհանձն են ու շիտակ, նրանք կառուցող-շինարարներ են, հմուտ որսորդներ, անվեհեր մարտիկներ՝ պատրաստ մեռնելու իրենց հողի ու ժողովրդի համար:
Էպոսի գլխավոր հերոսուհիներին նույնպես ժողովուրդն օժտել է առանձնահատուկ գծերով. նրանք գեղեցիկ են, խոհեմ, զգայուն, պարկեշտ ու միշտ պատրաստ են իրենց կյանքը զոհելու հայրենիքի և ընտանիքի համար: Վիպերգի կանայք նաև խիզախ են ու մարտնչող («Ինչպես որ Դավիթ՝ քաջ, խորոտ մարդ էր, Խանդութ՝ թե՜ խորոտ էր, թե՜ քաջ էր»): Հայ ժողովուրդը չի ստորադասել կնոջը տղամարդուց. «Առյուծն՝ առյուծ է, էղնի էգ, թե որձ»:
2. Փորձիր պարզել` Կոմիտասի ո՞ր հայտնի ստեղծագործության մշակման հետ է կապվում էպոսը: Էլ ի՞նչ երաժշտական ստեղծագործություններ են գրվել էպոսի թեմաներով:
Խոսքը Կոմիտասի «Մոկաց Միրզա» հայ ժողովրդական միջնադարյան վիպական-քնարական երգին է վերաբերում : Մեզ հասել է երգի չորս տարբերակ, բոլորն էլ՝ Մոկաց բարբառով: Երգի բովանդակությունը հետևյալն է․ Կոլոտ փաշան (տարբերակներից մեկում քուրդ է, մյուսում՝ հայ) իշխան Մոկաց Միրզային հրավիրում է Զեզիդե քաղաքը և թունավորում՝ նրա հարսնացու Նազլուխանին տիրանալու համար։ Եղանակը, որ գրառել է Կոմիտասը, ելևէջային տարրերով հարում է Սասնա Ծռեր վիպերգի մեղեդիներին ու հին շարականներին: Կոմիտասն իր վերաբերմունքն է արտահայտում դեպքերի ու դեմքերի նկատմամբ, յուրաքանչյուր հատվածի վերջում հիշվում է․ «Հազար ափսո՜ս Մոկաց Միրզեն», «Բեմուրադ կեներ Կոլոտ Ւաջեն»։ Պահպանվել է երգի ձայնապնակը՝ Կոմիտասի կատարմամբ։
Էպոսը կապվում է նաևԿոմիտասի «Սասունցի Դավիթ» հայտնի ստեղծագործության մշակման հետ, որի ստեղծման աշխատանքները կոմպոզիտորին չի վիճակվել ավարտել։
Երաժշտաարվեստում մեծ ճանաչում են ձեռք բերել գուսան Շահենի «Սասունցի Դավիթ» դյուցազներգությունը, Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան, Գևորգ Բուդաղյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիան, Արթուր Շահնազարյանի «Սասունցի Դավիթ» երաժշտական ասքը և այլն:
3. Հին Կտակարանում կա հիշատակություն մեր էպոսի հերոսների մասին, գտիր հատվածը և ներկայացրու:
Էպոսի հերոսներից Սանասարի և Բաղադասարի մասին հնագույն գրավոր ավանդությունը պահպանվել է Աստվածաշնչում, հետագայում Մովսես Խորենացու (գիրք Ա, ԻԳ) և Թովմա Արծրունու (Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան) երկերում:
Հին կտակարան , Դ Թագավորաց , ԺԹ, էջ 475 »Եւ եղաւ որ այն գիշերը դուրս եկաւ Տիրոջ հրեշտակը եւ զարկեց Ասորեստանցիների բանակումը հարիւր ութսունեւհինգ հազար. Եւ երբոր առաւօտը վեր կացան, եւ ահա բոլորը մեռած դիակներ էին։ Եւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը չուեց գնաց դարձեալ, ու նստեց Նինուէ։ Եւ երբոր նա երկրպագում էր իր աստուծուն՝ Նեսրաքի տանը, նորա որդիքը Ադրամելէք եւ Սարասար նորան սրով սպանեցին եւ իրանք փախան Արարատի երկիրը. Եւ նորա որդի Ասորդանը թագաւոր եղաւ նորա տեղ»:
4. Փորձիր պարզել՝ «Մարութա» անվան ստուգաբանությունը: Տեղեկություններ հավաքիր նաև Մարութա Բարձր Աստվածածնի և Ծովասարի մասին:
Ընդունված է այն տեսակետը, թե Մարութա անվանումը գալիս է արամեերեն Մարութա բառից, որը նշանակում է` իմ աշխարհի տերը: Մարութա սարը գտնվում է Հայկական լեռնաշխարհում՝ Սասուն գավառում: Եղել է սասունցիների սիրած և պաշտելի սարը։ Կոչվել է նաև Մարաթուկ։ «Սասունցի Դավիթ» էպոսում պատմվում է, որ վանքը կառուցել է տվել Մհերը և ինքն էլ դրել է վանքի անունը` Մարութա Բարձր Աստվածածին:Այն գտնվում է Լեռան գագաթին՝ 2967 մ բարձրության վրա : 2014 թվականի հուլիսին Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղչիի խումբը Մարաթուկի Սուրբ Աստվածածին վանքում նախաքրիստոնեական սեպագրություն է հայտնաբերել:
Ծովասար լեռը համարվում է Ծովասարի լեռնաբազուկի բարձր գագաթը: Ծովասարի լեռները գտնվում են Հայկական Տավրոս լեռնահամակարգում, Սասունի լեռներում, Սասունի Շատախ և Տալվորիկ շրջանների միջև: Ձգվում է հարավից հյուսիս ուղղությամբ` կազմելով Խարզանի լեռնաշղթայի հյուսիսային շարունակությունը: Լեռը Ծովասար է կոչվել իր գագաթամերձ հատվածում ունեցած լճակի պատճառով, հարուստ է մարգագետիններով և աղբյուրներով:
5. Ո՞ր պատմիչներն են հիշատակել էպոսի մասին, իսկ օտարերկրացիների ինչպիսի՞ հիշատակություններ կան էպոսի մասին:
Էպոսի մասին հիշատակվել է Մովսես Խորենացու և Թովմա Արծրունու երկերում: «Սասնա ծռեր»-ի, Դավթի և Խանդութի մասին զրույցների, Սասունում եղած իրեղեն ապացույցների մասին հիշատակություններ կան դեռևս 16-րդ դարում: Առաջին արձագանքները պահպանվել են պորտուգալացի ճանապարհորդներ Անտոնիո Տենրեյրոյի և Մեստրե Աֆոնսոյի ուղեգրական նոթերում։ Եվրոպայում էպոսը հայտնի է դարձել հենց նրանց շնորհիվ։
6. Ո՞րն է էպոսի վիպասացների բուն հայրենիքը: Հավաքիր տեղեկություններ և ներկայացրու:
Էպոսի վիպասացների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք ընկած գավառներն են՝ Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք, Շատախ, Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Ալաշկերտ, Բայազետ։ XIX-XX դդ. գավառներից պանդխտած և գաղթած վիպասացների ու նրանց սերունդների միջոցով «Սասնա ծռերն» անցել է Արևելյան Հայաստան, մասամբ պարսկահայերի մեջ և Թիֆլիս: Դրանց լեզուն հիմնականում արևմտահայ բարբառներն ու ենթաբարբառներն են, երբեմբ նկատելի է նաև արևելահայ բարբառների ազդեցությունը:
7. Ովքե՞ր են էպոսի գրական լավագույն մշակումների հեղինակները: Ներկայացրու հատվածներ:
«Սասնա ծռերի» գրական մշակումները սկսվել են դեռևս 1890-ական թվականներից, սակայն Դավթի ճյուղի լավագույն մշակումը համարվում է Հովհաննես Թումանյանինը («Սասունցի Դավիթ», 1903թ.): Փոքր Մհերի ճյուղը բանասետղծական մշակման են ենթարկել ռուս բանաստեղծ Ա. Կուլեբյակինը («Մհերի դուռ», Թիֆլես, 1916թ.) և Ավ. Իսահակյանը («Սասման Մհեր», 1922թ.): Դավթի ճյուղը մշակել է նաև Եղիշե Չարենցը («Սասունցի Դավիթը», 1933թ.) և ուրիշներ:
Հովհաննես Թումանյան «Սասունցի Դավիթ»
Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն, Քառասուն տարի իշխում էր Սասուն. Իշխում էր ահեղ, ու նըրա օրով Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։ Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու Թնդում էր նրա հռչակն ահարկու, Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր. Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։
Ավետիք Իսահակյան «Սասնա Մհերը»
Երկիրն էլ չէր ուզի տանի Մհերին,
Արեգակն էլ `աչքի նման մեռելին
Պաղ կընայեր ու լույս չէր տա Մհերին:
Ձիու ոտքը ծունկն ի վեր
Հողերու մեջ կըմխրճվեր.
Ուժով –զոռով գնաց Մհեր,
Եկավ,հասավ Վանա ծովուն:
Ագռավու Քար բացվեց մեկեն,
Առավ –կալավ մեջ իր ծոցին
Մհերն ու Ձին:
Ագռավու Քար գոցվեց նորեն
Նըրա վըրեն:
Եղիշե Չարենց <<Սասունցի Դավիթ>>
Մհերը՝ զարմով արևազուն՝
Քառասուն տարի իշխեց Սասուն,
Իբրև արդ արդար և դյուցազուն։
Նա պատերազմներ մղեց բազում
Թշնամիների հանդեպ հզոր,
Որ խուժում էին անբավ ուժով
Տիրելու բարձրիկ երկրին Սասուն,
Բայց մարտերում այդ հզորազոր
Հաղթում է նա միշտ իր սրով սուր։
Նաիրի Զարյան<<Սասնա Դավիթը>>
Մհերը վեր կացավ,հեծավ Քուռկիկ Ջալալին,ծանր-ծանր քշում էր դեպի Ոստանա Կապան:Հողը թուլացել էր,չէր դիմանում էնոր ծանրության տակ:Ձիու ոտները թաղվում էին հողի մեջ:Մհերն ասաց.
-Հայ-Հա~յ,հողը ծերացել է:Քշեց,քշեց հասավ Տոսպա,էն որ ասում են Վան:Էնտեղ էր Ագռավաքար…
8. Բացի «Սասնա ծռերից» էլ ի՞նչ անուններով է կոչվել մեր էպոսը:
Այն կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն։
Հետազոտական աշխատանք
Ո՞րն է էպոսի գաղափարաբանությունը, որքանո՞վ են էպոսում իրացվող գաղափարներն արդիական:
Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման: Այս գաղափարները անժամկետ են և միշտ արդիական:
Պետականության ի՞նչ մոդել է ներկայացնում «Սասնա ծռերը»: Իսկ դու ի՞նչ մոդել կառաջարկեիր:
«Սասնա ծռերի» պետականության մոդելնն է՝
Հավատ, դավանանք, լեզու, ազգային պատկանելություն
Ամուսնություն՝ հզոր ժառանգ ունենալու նպատակով
Շինարանություն
Ազատություն, Տոհմական արժեքներ
Իմ պատկերացրած պետականության մոդել է
Հզոր բանակ
Որակլյալ կրթություն
Հզոր տնտեսություն (արտադրություն, IT ոլորտ)
Հավատ, կրոն
Քո կարծիքով՝ ի՞նչ է ասում էպոսն այսօր մեզ և աշխարհին:
Էպոսում համամարդկային գաղափարներ են ներկայացվում. խաղաղության պայքարը պատերազմի դեմ, կառուցման պայքարը՝ ավերման դեմ, արդարության պայքարը՝ անարդարության դեմ:
Էպոսում սասնա դյուցազունների չորս սերունդներն էլ բնութագրվում են հայրենիքին ու ժողովրդին անձնուրաց ու անմնացորդ նվիրվածությամբ, նվաճողների և բռնակալների նկատմամբ հետևողական վճռականությամբ մղած պայքարով: Այսինքն էպոսը մեզ սովորեցնում է լինել հայրենասեր ու անողեք բռնակալների հանդեպ: Էպոսը մեզ , սովերեցնում է, որ միշտ չէ որ երկիրը կարող է լինել հզոր, այն կարող է ունենալ անկումներ: Դրա վառ օրինակը այն է, որ էպոսը սկսվում է մեր երկրի ոչ այնքան ուժեղ լինելու նկարագրությամբ. ՛՛ Գագիկ թագավորը հարկատու էր Մսրա Մելիքին՛՛ , բայց դա չէ կարևորը, կարևորը միշտ պայքարող հայի ոգին է, որ ձգտում է արդարության ու պետականության վերականգնման : Էպոսի գաղափարական գծերից է ազատասիրությունը իսկ գաղափարական բովանդակության գծերից է պետականության նկատմամբ ունեցած վերաբերմունքը: Այստեղից կարող եմ հետևություն անել, որ էպոսը մեզ սովորեցնում է լինել ազատասեր և ծնկի չգալ բռնակալների առաջև, լինել օրինապաշտ(օրինակ երբ Ձենով Օհանը Դավիթին ասում է. «Եթե մենք մեր դրած օրենքը չպահենք….») և պահել սեփական երկրի օրենքները՝ սեփական շահը երբեք չգերադսելով պետական շահից: Էպոսը մեզ սովորեցնում էնաև
1. Ժողովրդասիրություն, որի վառ օրինակն է Ծովինարը, ով որոշեց կանխել իր ժողովրդի կոտորածը և համաձայնեց խալիֆի պահանջին, կամ Դեղձուն Ծամը, ում հայրենիքի նկատմամբ պատասխանատվության զգացումը մղում է հագնելու ամուսնու զենքն ու զրահը և պաշտպանելու Սասունը:
2. Արժանապատվության , որով օժտված են մեր էպոսի դրական կերպարները:
3. Ազնվություն… Էպոսում բազմաթիվ են օրինակները, Դավիթը, քնած Մելիքի վրա զենք չի բարձրացնում, արթնացնում է, որ կռվեն: Ազնիվ աշխատանքով են ապրում մեր էպոսի հերոսները: Նրանցից ոչ մեկի մտքով անգամ չի անցնում նույնիսկ պարտված թշնամու ունեցվածքին ձեռք տալ: Դավիթը Մելիքին սպանելուց հետո նրա զորքին ազատ է արձակում, ինքը վերադառնում է Սասուն՝ մի սայլի վրա դրած տանելով միայն Մելիքի ականջը՝ որպես նրաոչնչացման ապացույց, ոչ թե ռազմավար:
4. Խաղաղասիրություն… խաղաղ կյանքով ապրելու գաղափարն է մեր դյուցազուններին մղում պայքարելու հայ ժողովրդի համար: Էպոսում զարգանում է այն գաղափարական գիծը, որ ժողովուրդներն իրար նկատմամբ թշնամանք չունեն, թշնամություն հրահրողները իշխողներն են: (Ծերունու խոսքը ուղղված Դավթին)
5. Հավատ…մեր հայրենիքը մեր քրիստոնյա էությունն է, աստվածատուր մեր ինքնության կերպը, մեր տեսակը, որ պիտի կրենք: Պատահական չէ, որ գլխավոր հերոսը՝ Դավիթը, իր գործունեությունն սկսում է՝ Մարութա սարի վանքը վերականգնելով: Խորհուրդն այս է. Դավիթը ոչ միայն վանքը կառուցեց, այլև վերականգնեց հավատն իր եկեղեցու նկատմամբ:
Մեր էպոսը մարդկության ստեղծած ամենահանճարեղ գեղարվեստական գործերից է: Նրա մեջ ամփոփված գաղափարները կենսունակ են և այսօր: Դարեր շարունակ էպոսը կրթել է մեր ժողովրդին՝ տալով նրան կատարյալ մարդու իր իդեալը՝ պարզություն , արժանապատվություն, արդարամտություն, վեհանձնություն մարդասիրություն, ժողովրդասիրություն, խաղաղասիրություն, հայրենասիրություն և այլն:
Էպոսը ավարտվում է Փոքր Մհերով, ով մնում է անժառանգ ըստ հոր անեծքի ու փակվում է սարի մեջ: Գուցե պիտի հասկանանք, որ հայ մարդն իր ֆիզիկական էությամբ հասել է կատարյալ վիճակի, և կարիք չկա նորոգվելու, նոր սերնդի մեջ ի հայտ գալու: Աստվածատուր նրա նյութեղեն ձևը Փոքր Մհերի կերպարում արդեն իսկ կատարյալ է:
Մենք կատարյալ չենք հոգևոր առումով: Եվ ինչ կարող էր հայրը ասել որդուն եթե ոչ՝ ապաշխարի՛ր. գնա՛, փակվի՛ր ժայռի մեջ և սպասի՛ր: Ժայռը մեր ժայռեղեն Հայաստանն է: Փոքր Մհերը հայ ժողովուրդնը:
Առակը սովերեցնում է , որ անդադար ու անձանձրույթ պետք է աղոթել Աստծուն,ով անտարակույս կլսի իրեն դիմողի աղոթքների ու աղաչանքները այլ ոչ թե անիրավ և անաստված դատավորին , ով լսեց այրի կնոջը միայն նրա համար, որ վերջինս արդեն ձանձրացնում էր իրեն:
Այրին Քրիստոսին թողած՝ ապավինում էր անիրավ դատավորին`իրավունք էր խնդրում մեկ այլ դևից, որպեսզի ձերբազատվի մեկ այլ անիրավի բռնությունից:
Անիրավ տնտեսի առակը
Տանուտերն Աստված է, տնտեսն էլ մարդն է։ Աշխարհի բոլոր բարություններն Աստուծո ունեցվածքն են: Մարդը դրանց տերը չէ, այլ մատակարարող պաշտոնյան: Աստված աշխարհի բարությունները մարդուն է հանձնել, որ այս աշխարհում դրանք օգտագործելով՝ հանդերձյալ աշխարհի համար արդյունք և շահ պատրաստի։ Աշխարհի բարիքները մարդու ձեռքում ժամանակավոր են։ Մի օր դրանք այլևս ձեռքի տակ չպիտի ունենա։ Աստված դրանք հանձնել է, որպեսզի նա որևէ ձևով օգտվի այդ բարիքներից, և երբ դրանք իր ձեռքից պակասեն, այսինքն՝ երբ մարդը մեռնի, իր ապագա կյանքում այս աշխարհի մատակարարությունից օգուտ քազած լինի։ Ուշագրավ է նաև օգուտ քաղելու ձևը։ Երբ տնտեսը մուրհակները փոխել էր տալիս, նա կարող էր օգտվել տարբերության գումարից՝ նույն պահին պարտապաններից պատշաճ մաս ստանալով, բայց տնտեսի նպատակն էր շահել միայն պարտապանների երախտապարտությունը, որպեսզի երբ պաշտոնից ազատվի, նրանց տներում բնակություն և կերակուր գտնի։ Նա ցանկացավ ընկերներ ձեռք բերել՝ մարդկանց լավություն անելով, որ ընկերոջն արած լավությունից մի օր էլ ինքը օգտվեր։ Առակի նպատակն է հասկացնել և ուսուցանել, թե մարդ պարտավոր է ձեռքում եղած աշխարհի բարիքներից ընկերոջը օգուտ հանել, օգնել, նպաստել, ողորմել։
«Աշխարհի որդիները» նրանք են, ովքեր ճարպիկ են ու խորամանկ և բոլոր գործերում իրենց շահն են փնտրում: Իսկ «լույսի որդիները» նրանք են, ովքեր Աստծուն սիրելով և հանդերձյալ կյանքի ձգտելով՝ չեն հոգում երկրավորի մասին, այլ միայն հոգևոր հարստությունն են արժևորում: Սակայն առաջինները նույնպես կարող են փրկվել վերջինների նման, եթե իրենց անօրինությունը գիտակցեն ու ղզջան, եթե իրենց հանցանքները ընդունեն ու խոստովանեն, եթե ապաշխարեն ու փորձեն իրենց մեղքերը քավել` ներելով և ողորմություն անելով, քանզի «աղքատին ողորմություն տվողը փոխ է տալիս Աստծուն»:
Առակների նպատակը
Կարծում եմ, նա այդպես է իրականացնում մարդկանց նկատմամբ Եսայու մարգարեությունը, որ ասում է. «Անդադար կլսեն, բայց չեն հասկանա, շարունակ կնայեն, բայց չեն տեսնի…
Ուշագրավ է, որ Աստծու ներշնչմամբ գրված այդ խոսքերը սաղմոսերգուն ասել էր Հիսուսի ծնվելուց դարեր առաջ։ Ստացվում է, որ իր Որդու երկիր գալուց դեռ հարյուրավոր տարիներ առաջ Աստված որոշել էր, որ նա ուսուցանելու է առակների միջոցով։ Ուրեմն կարելի է ենթադրել, որ Աստված գնահատում է ուսուցանելու այս մեթոդը։
Հիսուսը այնպես է սովորեցնում, որ նրանց համար հեշտ լինի հիշել։ Սովորաբար տպավորիչ օրինակը կամ առակը չի մոռացվում։ ինչպես Հիսուսն ինքն ասաց, առակները օգնում էին զատորոշելու նրանց, ում «սիրտը կարծրացել էր» ճշմարտության հանդեպ: Իսկ ինչպե՞ս էին նրա առակները բացահայտում մարդկանց մղումները։ Որոշ դեպքերում նա միտումնավոր կերպով էր առակներով խոսում, որ մղի իր ունկնդիրներին հարցեր տալու դրանց լիարժեք նշանակությունը հասկանալու համար։ Խոնարհ մարդիկ այդպես էլ անում էին, իսկ հպարտ կամ անտարբեր մարդիկ՝ ոչ: Փաստորեն, առակների միջոցով ճշմարտությունը հայտնի էր դառնում նրանց, ում սիրտը ծարավ էր ճշմարտության, սակայն թաքնված էր մնում նրանցից, ում սիրտը հպարտ էր։ Հիսուսի առակներն ու օրինակները շատ առումներով էին օգտակար։ Դրանք հետաքրքրություն էին առաջացնում մարդկանց մեջ՝ մղելով նրանց լսելու։ Նաև պատկերներ էին ստեղծում մտքում, ինչի շնորհիվ հեշտ էր լինում հասկանալ։
Ժայռի վրա կառուցել տունը
Ժայռը հենց Ինքը` Հիսուս Քրիստոսն է, իսկ ավազը` այս աշխարհը: Եթե քո կյանքը կառուցում ես այս աշխարհի վրա, ինչ-որ կառուցել ես, վաղ թե ուշ փլվելու է:
Մենք պետք է իմաստուն լինենք, եւ մեր կյանքը կառուցենք Հիսուս Քրիստոսի վրա, այսինքն` ապրենք Նրա Խոսքի համաձայն: Այդ ժամանակ ոչ մի չարիք, նեղություն եւ դժվարություն չի կարող մեզ կործանել:
Պետք է Խոսքը ոչ միայն լսող լինենք, այլ նաև կատարող:
Հավատի լույսը
Այս առակով Հիսուսը ուզում է մարդկանց սովորեցնել , որ կարևորը մարդու ներաշխարհն է, ոչ թե արտաքինը: Մարմնի ճրագն աչքն է. երբ քո աչքն առողջ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի, իսկ երբ քո աչքը հիվանդ է, քո ամբողջ մարմինը խավար կլինի: Շատ անգամ մարդիկ տարված են արտաքին երևացող բաներ մաքրելով, մինչդեռ մեր ներսը լի է հափշտակությամբ և չարությամբ: Բայց երբ մարդը լսում է հավատում է Աստծո խոսքին, նրա մարմինը նմանվում է ճրագի, որն իրենից լույս է ճառագում, հետևաբար կարևորը մարդու հավատն է ու ներքին լույսը, այլ ոչ թե արտաքինը, որն շատ անգամ խափուսիկ է:
Նոր գինին հին տիկերի մեջ չի դրվում
Հիսուսի բերած համեմատությունների համաձայն` հին սովորությունները հնացած տիկերի են նման, իսկ Իր ուսմունքն ու քարոզները` նոր գինու: Հնի հետ դրանք անհարիր են, պետք է նոր գինին նոր տիկի մեջ լցնել, Նոր Ուխտը նոր օրենքներով կազմել, որպեսզի հաստատուն հիմքով պատրաստվի և պահպանվի:
Սերմնացանի առակը
Սերմնացանը Քրիստոս է, սերմը` Աստծո խոսքը, որն իր մեջ կրում է ճշմարիտ ու հոգևոր կյանքի սկիզբը: Արտը` ողջ մարդկությունն է, Աստծո խոսքը միշտ նույն արդյունքը չի ունենում: Բոլորն էլ, երբ լսում կամ ընթերցում են Աստծո խոսքը, ստանում են սուրբ սերմերի իրենց բաժինը, բայց թե դրանք ինչպե՞ս կաճեն` պայմանավորված է մարդու հոգևոր մակարդակից: Առակում խոսքը 4 տիպի մարդկանց մասին է:
Առաջին տիպի մարդիկ դրանք այն մարդիկ են, որոնց միտքը կարծր հողի նման չոր է: Երբ կարդում կամ լսում են Տիրոջ խոսքը անտարբերության արտաքին շերտը չի թողնում, որ հոգևոր սերմը թափանցի սրտի մեջ, և այն մնում է հիշողության մակերեսին և չար ուժերը՝ աշխարհի զվարճանքներն ու գայթակղությունները, թռչունների նման մարդկանցից հափշտակում են Տիրոջ խոսքը:
Երկրորդն այն մարդիկ են, ովքեր լսելով Ավետարանի քարոզը սիրո, արդարության, ինքնազոհության մասին, անմիջապես բորբոքվում են լուցկու նման, բայց անմիջապես հանգում: Քարքարոտ տեղում միայն մանր խոտ է աճում, այդպես էլ այս մարդիկ հանդարտ կյանքի պայմաններում ընդունակ են կատարել ջանքեր չպահանջող մանր շատ գործեր: Նրանք դեմ չեն առաքինությանը, բարոյականությանը, սակայն կկամենային Երկնքի արքայություն մտնել առանց բարդությունների: Իսկ երբ համոզմունքների համար ստիպված տանջանքներ ու զրկանքներ են կրում, անմիջապես ուրանում են Տիրոջը: Եսասիրության քարքարոտ շերտը չի թողնում, որ Աստծո խոսքը հասնի ու արմատավորվի նրանց սրտում:
Երրորդն այն մարդիկ են, ովքեր կամենում են միաժամանակ ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային Նրանք պիտանի չեն Աստծո արքայության համար, քանի որ կամենում են ապրել ըստ Աստծո օրենքների, բայց միաժամանակ չեն ցանկանում հրաժարվել աշխարհի ունայնությունից: Ի վերջո, աշխարհիկ հոգսերի, հետաքրքրությունների և հակումների հորձանուտը կլանում է նրանց իսպառ` հոգու միջից արտամղելով այն ամենն, ինչ լուսավոր է, խորհրդավոր և վեհ:
Չորրորդն այն կատարյալ մարդիկ են, ում խոսքը գործից չի տարբերվում, ովքեր Աստծո խոսքը լսելով և ընդունելով՝ փորձում են ապրել աստվածահաճո կյանքով: Ճիշտ է, բոլորը միանման չեն կարողանում ավետարանական խոսքին հնազանդվել, քանզի մեկը պտղաբերում է երեսուն, մյուսը` վաթսուն, մյուսը` հարյուր, որը նշանակում է, թե մեկն ի վիճակի է կատարել մեկ երրորդն այն ամենի, ինչ իրենից պահանջում է քրիստոնեական հավատը, մյուսը` մոտավորապես երկու երրորդը, և միայն քչերին է հաջողվում կատարել ամեն ինչ լիարժեք և կատարելապես: Դրանք ընտրյալ անհատականություններն են:
Պահված գանձի օրինակը
Այստեղ շեշտը դրված է գանձի վրա, երբ հողագործը գտնում է այդ գանձը, նրա մոտ մեծ ցանկություն է առաջանում տիրանալ այդ գանձին՝ վաճառելով ամեն ինչ, ինչ որ ուներ: Ստացվում է, որ երկնային արքայությունը ժառանգելու համար պետք է հրաժարվել այս աշխարհում ունեցած հարստությունից: Ստացվում է , որ մարդը կարող է պատահաբար գտնել երկնքի արքայությունը և պետք է իմաստուն կերպով ընտրություն կատարել:
Նոր կարկատանը հին հագուստի վրա
Այստեղ մեկնաբանությունը նույնն է ինչ որ ՛՛Նոր գինին հին տիկերի մեջ չի դրվում ՛՛ առակում: Հիսուսի բերած համեմատությունների համաձայն` հին սովորությունները հնացած հագուստի են նման, իսկ Իր ուսմունքն ու քարոզները` նոր կտորի: Հնի հետ դրանք համադրելը անհարիր է: Պետք է նոր Ուխտը նոր օրենքներով կազմել, որպեսզի հաստատուն հիմքով պատրաստվի և պահպանվի:
Ճրագի օրինակը
Կարծում եմ ճրագը դա քրիստոնեությունն է, որը չէր կարող երկար ժամանակ ծածուկ մնալ ու գաղտնի գործել, միայն թե այդ լույսը համարձակ դուրս բերող էր պետք:
Որոմի առակը
Ագարակատերը դա Հիսուսն է , իսկ ագարակը՝ աշխարհը: Ցորենի սերմերը բարի, իսկ որոմի սերմերըչարմարդիկ են: Բարի մարդկանց գործերը բարի պտուղներ են տալիս, չարերինը՝ չար: Ցորենն ու որոմն առանձնացնելը նշանակում է, որ ամեն մարդ իր գործերի համար արժանի հատուցում պետք է ստանա: Իսկ չար մարդիկ միանգամից չեն պատժվում, քանի որ այդ դեպքում հնարավոր է նեղություն կամ վիշտ պատճառել նաև բարի մարդկանց: Ու բացի այդ, յուրաքանչյուրին ժամանակ է տրվում զղջալու և ուղղվելու համար:
Աշակերտ լինելու գինը
Մարդկայնի կյանքը դա աշտարակի կառուցման նման է, որի հիմքը մարդու սերն է: Հիսուսին հետևելու իմաստը՝ փրկությունն է, որի համար անհրաժեշտ է սիրել Աստծուն ամբողջ հոգով ու մտքով: Եվ Հիսուսին հետևելուց առաջ մարդը պետք է հաշվի նստի ինքն իր հետ և հասկանա այն գինը, որ պիտի վճարի՝ հիսուսին աշակերտ լինելու համար:
Անպետք աղը
Աղը նյութի մեջ լուծվելիս նրա էությունն ու արտաքին տեսքը չի փոխում, այլ միայն իր համն է տալիս. նույնպես և քրիստոնեությունը մարդու կամ մարդկային հասարակության մեջ որևէ արտաքին բեկում չի առաջացնում, սակայն ազնվացնում է մարդու հոգին և դրա միջոցով փոփոխում նրա ամբողջ կյանքը: ՛՛Եթե աղը անհամանա՛՛ ասելով նա ի նկատի ուներ այն մարդկանց, ովքեր մեկ անգամ ճաշակելով Սուրբ Հոգու հետ ազնիվ հաղորդությունը, այնուհետև ընկան աններելի մեղքի մեջ և նրանք այլևս առանց Աստծո առանձնակի օգնության ընդունակ չեն ոչնչով հոգեպես նորոգվել:
Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բանաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ 1939—1941 թվականներին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող: Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ 1944 թվականինԶորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։
Սահյանն իր գրական անունը ստեղծել է հոր՝ Սահակի անվան առաջին մասի «ՍԱՀ» և ազգանվան վերջավորության «յան» համատեղումով։
Նորից կարմիր ու կանաչ (վերլուծություն )
Նորից կարմիր ու կանաչ Իմ երազները Բաց են արել մեր հին տան Հին դարբասները:
Մայրս խմոր է արել, Սպիտակ խեժ է, Խեժը գնդել է, շարել, Թոնիրը թեժ է:
Հացը բուրում է՝ հողից Մինչև եթերը… Խղճիս ստրուկն եմ նորից Ու գլխիս տերը:
Աշխարհն այնպես արևոտ, Այնպես թեթև է, Եվ մահս՝ յոթ անգամ յոթ Լեռան ետև է:
Նորից կարմիր ու կանաչ Իմ երազները Բաց են արել մեր հին տան Հին դարբասները:
Այս բանաստեղծության մեջ, բանաստեղծը ներկայացնում է իր կարոտը դեպքի մանկության երանելի օրերը: Նա հիշում է իրենց տան բաց դարպասները, մորը՝ ով պատրաստվում է հաց թխել, հացի բույրը, աշխարհն այնպես արևոտ է նրան թվում իսկ մահը ՛՛ յոթ անգամ յոթ սարի ետևը՛՛
Չնայած նրան, որ Սահյանը ընդամենը 13 տարի ու ապրել հայրենի Լոր գյուղում, նրա բանաստեղծությունների մի մեծ զանգված նվիրված է հիշողություններով ու ապրումներով հագեցած այդ շրջանին:
Հարցեր և առաջադրանքներ՝ 1
Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:
Սարն առել վրան ծիրանի մի քող, Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող, Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել, Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել, Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ, Ոսկե բոցի պես թևը ծիծառի
Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:
Օրվա բոլոր ժամերն էլ ունեն իրենց գեղեցկությունը, բայց ես ավելի շատ սիրում եմ արևածագը: Այն ավետում է նոր օրվա սկիզբը: Սիրում եմ, երբ արևի շողերը դանդաղ մուտք են գործում իմ սենյակ ու ընկնում ուղիղ դեմքիս: Սիրում եմ արթնանալ արևի ջերմությունից, այն մի տեսակ բարձրացնում է տրամադրությունս ու աշխուժություն մտցնում օրվա մեջ:Հեքիաթային է հատկապես ամառվա արևածագը, երբ արևի առաջին շողերի հետ լսվում է թռչունների ծլվլոցը...
1. Մայրամուտ
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
Հարցեր և առաջադրանքներ 2՝
Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
երկնչել-Վախենալ, երկյուղ կրել
Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
Կարծում եմ առվի հոսելը
Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…
Կարծում եմ, բանաստեղծը այս տողով նկարագրում է աշունը հայոց լեռներում, երբ մասուրը ամենուրեք արդեն հասել է ու թափվում է հոսող առվակների մեջ , որը տպավորություն է ստեղծում որ ժայռից է մասուր կաթում:
Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:
ժայռից է մասուր կաթում, Կարմիր սարսուռ, Առուն բարի է, երկնչում է քարից, Առուն ինչպես կլռի:
Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:
Խոսքի պատկերավորման միջոցներն են Մակդիր(օրինակ՝ քար սիրտ, ծով երկինք), Համեմատություն, Փոխաբերություն, Անձնավորում, Չափազանցություն, Նվազաբերություն:
Ժայռից մասուր է կաթում
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:
Հարցեր և առաջադրանքներ 3 ՝
Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
Ամպրոպից հետո երկինքը ավելի կապույտ է լինում, խոտերն ավելի կանաչ, ճերմակ շուշանը ավելի ճերմակ, կակաչն ավելի կարմիր, մեղրածաղիկն ավելի դեղին: Ամպրոպից հետո սարերն ավելի բարձր են երևում, ձորերն ավելի խորը, տափաստաններն՝ ավելի արձակ: Ծառերն ավելի խոնարհ են լինում, հավքերը մեր գլխավերևում ավելի սրտով են իրար կանչում , արևն ավելի բարի է լինում և մենք ավելի սիրով ենք իրար բարևում: Ամպրոպից հետո աշխարհը և դու հասկանալի եք լինում ավելի:
Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…
կապույտ երկինք, կանաչ խոտ, ճերմակ շուշան, կարմիր կակաչ, դեղին մեղրածաղիկ, բարձր սարեր, խոր ձորեր, արձակ տափաստաններ, խոնարհ ծառ, բարի արև
Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
Ամպրոպից հետո, ճերմակ, ավելի: Դրանք բանաստեղծությանը տալիս են արտահայտչողականություն և հնչերանք:
Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
Ամպրոպից հետո աշխարհը և դու Հասկանալի եք լինում ավելի
Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
Կարծում եմ նա է, որ ՛՛ամպրոպից՛՛ հետո ամեն ինչ ավելի պարզ ու ակնհայտ է դառնում կյանքում: Հաճախ մարդկանց կյանքում ՛ամպրոպը՛ անհրաժեշտություն է, քանի որ այդ պահին մարդիկ ավելի անկեղծ են արտահայտվում, չկա կեղծիք ու սուտ, մարդ բարձրաձայնում է այն , ինչ իրոք մտածում է, ու ինչպես հեղինակն է նկատում
աշխարհը և դու Հասկանալի եք լինում ավելի…
Ամպրոպից հետո
Ամպրոպից հետո Երկինքն ավելի կապույտ է լինում, Խոտերն ավելի կանաչ են լինում Ամպրոպից հետո։ Ամպրոպից հետո Ճերմակ շուշանը ավելի ճերմակ, Կակաչն ավելի կարմիր է լինում Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։ Ամպրոպից հետո Սարերն ավելի բարձր են երևում, Խոր են երևում ձորերն ավելի, Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։ Ծառերն ավելի խոնարհ են լինում Ամպրոպից հետո, Եվ հավքերը մեր գլխավերևում Իրար կանչում են ավելի սրտով. Ամպրոպից հետո Բարի է լինում արևն ավելի, Եվ մենք ավելի սիրով ենք իրար Բարի լույս ասում։ Ամպրոպից հետո աշխարհը և դու Հասկանալի եք լինում ավելի…
Քո ընտրությամբ անգիր սովորիր Սահյանի բանաստեղծություններից մեկն ու մեկը, ձայնագրիր, տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստիր
Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ
Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ, Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան, Ախր ուրիշ տեղ հորովել չկա, Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում Սեփական հոգին խորովել չկա, Ախր ուրիշ տեղ Սեփական բախտից խռովել չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ, Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ Հողի մեջ այսքան օրհնություն չկա, Այսքան վաստակած հոգնություն չկա, Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև, Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա: Ախր ուրիշ տեղ տեղահան եղած, Եկած` ուսերով Արագած սարի Ուսերին հենված Սասնա տուն չկա: Ախր ուրիշ տեղ Ամեն մի քարից, առվից, ակոսից Իմ աչքերով իմ աչքերին նայող Մանկություն չկա…
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ, Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ, Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:
Իտալական գրականություն. Դինո Բուցատի
1. Սիրո դեմ (վերլուծություն)
Դինո Բուցատիի այս պատմվածքը բավականին տպավերիչ է և մի տեսակ գեղարվեստական գրավչություն ունի: Պատմվածքը սիրո մասին է, որ տածում է հերոսուհի Իրենը: Արդեն 4 ամիս է ինչ ՛՛նա հեռացել է՛՛ և Իրենին թվում է, թե ինքը արդեն ազատ է այդ սիրուց, պետք էր միայն վերացնել այն ամենը ինչը կարող է նրան հիշեցնել, սկսած զգեստներից, որ նա կրել է իրենց համատեղ կյանքի ժամանակ, վերջացրած նկարներով, նամակներով, գրքերով, նույնիսկ շնից էր պետք ազատվել ու ընդհանուր ընկերներից:
Այդ ամենն իրեն հաջողվել էր անել, հուսահատ վճռականությամբ , բայց նա իր մեջ ուժ էր գտել այդ անելու, նույնիսկ մտածել էր աշխատանքի գնալու ու նոր մարդկանց հետ ծանոթանալու մասին: Կարծես թե ամեն ինչ պատրաստ էր՝ նոր կյանք սկսելու համար ու մի առավոտ, երբ նա հագել էր իր դերձակի կարած նոր կապույտ զգեստը ու պատրաստվում էր դուրս գնալ տանից, հարևանի տանից լսված մեղեդու մի քանի նոտան տակնուվրա արեցին Իրենի հոգին: Սերը, որն այս ողջ ընթացքում կարծես թաքնվել էր, դուրս է թռչում մոլեգնած փոթորկի պես ու նորից տակնուվրա անում Իրենի առանց այն էլ վիրավոր հոգին:
Կարծում եմ հեղինակն ուզում է ասել , որ մարդն անզոր է պայքարել սիրո հզոր ուժի դեմ, և հաճախ, երբ թվում է թե մարդն արդեն հաղթել է այդ ուժին, հերիք է մի փոքրիկ կայծ, մի հայացք, մի նոտա ու ….բոլոր ջանքերը հավասարվում են հողին…
2. Կորսված օրեր
Հարցեր և առաջադրանքներ
1. Քո կարծիքով` ինչո՞ւ է պատմվածքը կոչվում «Կորսված օրեր»
Որովհետև օրը , որն արդեն անցել է, այլևս հնարավոր չէ ետ բերել և եթե դու խոհեմորեն չես ապրել օրդ, ապա ետ գնալ և փոխել այն այլևս հնարավոր չէ: Այդպես էլ Էռնեստ Կաձիրան, արկղերը բացելուց հետո միայն ինչ-որ ցավ զգաց իր ներսում, բայց ետ բերել օրերը այլևս հնարավեր չէր:
2. Դու քո ո՞ր օրերն ես համարում կորսված, ինչո՞ւ:
Կորսված եմ համարում այն օրերը, երբ կարող եմ ժամանակ անցկացնել ընտանիքիս, ընկերներիս կամ ինձ սիրող մարդկանց հետ բայց չեմ անում, քանի որ պահը անցնում է, իսկ այն արդեն ոչ մի գնով ետ չես բերի:
3. Պատմիր քո մի հիշարժան` «գտնված» օրվա մասին:
Անցած տարի այնպես ստացվեց , որ ես ստիպված էր որոշ ժամանակով մեկուսացած մնալ արտաքին աշխարհից ու ունեի բավականին ժամանակ խորհելու իմ ապրած ու ՛՛կորցրած՛՛ օրերի մասին: Կարողացա վերաարժևորել արժեքներս ու շատ բաներ, որ մինչ այդ կարծում էի, որ կյանքիս անբաժան մասն են կազմելու, կորցրեցին իրենց արժեքը և հակառակը… Երբեմն պետք է մի պահ կանգ առնել ու ետ նայել, քանի որ կյանքի այս հորձանուտի մեջ հաճախ չենք էլ նկատում թե ինչքան օրեր ենք անդարձ կորցնում…
4. Ի՞նչը հնարավոր չէ փողով ձեռք բերել:
Ժամանակը, երջանկությունը, սերը….
3. Ճագարներ լուսնի տակ
1. Քո կարծիքով` ո՞րն է պատմվածքի ասելիքը, ենթատեքստը:
Կարծում եմ ամբողջ ասելիքը թաքնված է այս տեղում: Ոչ էլ մենք գիտենք, երբ ընկերների հետ խաղում ենք ու ծիծաղում, թե ինչ է սպասում մեզ. ոչ ոք չի կարող իմանալ ցավերը, անականկալները, հիվանդությունները, որ գուցե պահված են վաղվա համար:
2. Համաձա՞յն ես պատմվածքի ասելիքի հետ, հիմնավորիր կարծիքդ:
Այո համաձայն եմ, ոչ ոք չգիտի թե ինչ է ապսվում իրեն վաղը:
3. Ի՞նչ ես կարծում` որտե՞ղ է թակարդը լարվել և ինչո՞ւ:
Այնտեղ, փոքր պատի ետևում, հորատանցք տանող թունելի մեջ, որտեղ արշալույսին պիտի մտնեն քնելու, թակարդ է դրված: Թակարդը դրված է այտեղ, որտեղ ճագարները վերադառնալու են՝ քնելու:
Չարենցը կրքոտ սիրով սիրել է բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանինՙ կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի քրոջը, որը եղել է Հայաստանի գլխավոր դատախազ Վարդգես Ահարանոյանի (գրող Ավետիս Ահարանյանի որդին է) կինը: Արմենուհի Տիգրանյանի գրական ծածկանունը Մենուհի (1888-1962) էր: Դաշնակցական դատախազը Չարենցին չսիրելու երկու հիմնավոր պատճառ ուներՙ Չարենցը բոլշեւիկ էր եւ իր կնոջ սիրեցյալը: Վարդգես Ահարոնյանը չկարողացավ ներել կնոջ դավաճանությունը, մերժեց ընդունել նրան և շատ չանցած` ամուսնացավ մեկ ուրիշի հետ: Այսքանից հետո Վարդգես Ահարոնյանը 1964-ին Հայաստանին է հանձնել իր կնոջ ու Չարենցի ամբողջ նամակագրույթյունը:
Երկիրն է նիրհում-կարծում եմ այս բանաստեղծության մեջ նա խոսում է իր կարոտի մասին ՝դեպի իր հայրենիքը և իր սիրած էակը.
Երկիրն է նիրհում
Երկիրն է նիրհում վեհ ու անխռով, Յաւերժութեան մէջ ծովն է երազում, Հոգիս արբած է նորից քու բոյրով, Նորից քո անմահ երգն եմ ես լսում։
Երազող երկրի վեհապանծ գրկում Յաւերժութիւնն է անվերջ տրոփում, Իմ կարօտ սրտի խորունկ ծալքերում Սիրոյ-հմայքի շուշաններ փթթում։
Մենք Ղարիբ Անցորդ…կարծում եմ այս բանաստեղծության մեջ նա մեզ համեմատում է ղարիբ անցորդի հետ, ով չունի ապաստան, կայան. ով պիտի այնքան քայլի մինչև կհասնի մի օտար աշխարհի: Տպավորություն է, որ նա այս բանաստեղծությունը գրել է այն ժամանակ երբ մեկնեց արտասահման՝միանալու ամուսնուն, և քանի որ նա սկզբում մեկնեց Բեռլին , հետո Փարիզ, ինձ մոտ տպավորություն է , որ հենց այդ ժամանակ նա ունեցել է ՂԱՐԻԲԻ զգացողություն, ինչի հետևանքով գրվել է այս բանաստեղծությունը:
Մենք Ղարիբ Անցորդ…
Մենք ղարիբ անցորդ՝կեանքի ճամբէքով Բեռնաւոր, յոգնած եկանք որ «անցնենք», Վաղուց մոռացուած հանգստի վայրից Ընդմիշտ աքսորուած՝ եկանք որ «անցնենք»։
Ու պիտի քայլենք քանի ճամբորդ ենք, Ապաստան, կայան չկայ մեզ համար, Մի օր վաստանած մե՛նք էլ կը հասնենք Տխուր, վշտահար մի օտար աշխարհ…
Նորից մի Կարօտ…Այստեղ Արմենուհի Տիգրանյանը խոսում է կարոտի , թախծի մասին, որ պարուրում են նրա հոգին,
Նորից մի Կարօտ…
Նորից մի կարօտ, սիրոյ մի թախիծ, Ղանօթ մեղեդին երազ անցեալի Պարուրեց հոգիս…
Նորից մի համբոյր վաղանցուկ գարնան Վարդի բուրմուքով Օրօրեց հոգիս…
Տարէք հողմեր…այս բանաստեղծության մեջ ես նորից կարոտ եմ տեսնում, կարոտ դեպի հայրենի դաշտերը, սարի լանջերն ու անտառները:
Տարէք հողմեր…
Տարէք հողմեր, անսանձ հողմեր, Սիրտս էլ անտուն, անկայուն, Սիրտս էլ անհէր, սիրտս էլ անմէր, Ձեր վայրերը անանուն։
Ես էլ կ՛ուզեմ համբոյր քաղել Լերկ ժայռերի լանջերից, Ես էլ կ՛ուզեմ արցունք քամել Հեռո՜ւ, հեռո՜ւ ափերից։
Սարերն ընկնեմ, անտառ ու ձոր, Երգեր հիւսեմ, երգեմ ու լամ, Դաշտերն ընկնեմ ոլոր-մոլոր, Ծառ ու ծաղիկ փետտեմ ու լամ։
Տարէք հողմեր, անսանձ հողմեր, Սիրտս էլ անտուն, անկայուն, Սիրտս էլ անհէր, սիրտս էլ անմէր, Ձեր վայրերը անանուն։
Ո՞վ ես դու…բանաստեղծության մեջ ես սիրահարվածության նոտա եմ տեսնում…նա ինքն իրեն հարց է տալիս, թե ով ես դու, որ կգաս և իրեն նանիկ կասես և նա այլևս էլ չի մտածի, չի կարոտի և չի արտասվի;
Ո՞վ ես դու…
Ո՞վ ես դու, որ ունես գուրգուրանք, Ո՞վ ես դու, որ գիտես օրօրել։ Թէ դու կաս, դու միայն սփոփանք, Սէր-յոյզեր ինձ կարող ես բերել։
Դու կ՛գաս, դու կ՛ասես ինձ նանիկ, որ անուշ ու մեղմուշ մրափեմ, Մոռացուեմ երազով երջանիկ, Չխոկամ, չյիշեմ, չարտասուեմ։
Հոգի, Հոգի Լինէի— սիրահարված բանաստեղծուհին այստեղ ուզում է անէանալ, դառնալ հոգի և անվախճան սիրով պարուրել ամենքին:
Եւ անվախճան մի սիրով Փայփայէի մեղմագին, Անմահների օրօրօվ Օրօրէի ամէնքին։
Տերյանն իր «Կատվի դրախտ» բանաստեղծաշարը նվիրել է Արմենուհի Տիգրանյանին: Տերյանի և Տիգրանյանի սիրերգերը քնարական նամակների տպավորություն են թողնում. մեկը մյուսի արձագանքն է, մեկը մյուսի «պատասխանը»։
Մեղքի մթին քարայրից, Ուր հսկում ես դու անքուն… Սա Տերյանի քնարական կանչն է։ Ահա և Տիգրանյանի բանաստեղծական պատասխանը. Ո՞վ ես ասա, որ կանչում ես Ինձ քո գիրկը սև մեղքի Ունի՞ հոգիդ նրբությունը Ցողի, բույրի աղոթքի
***
Ո՞վ կարող է չսիրել Ձեզ,
Չստրկանալ Ձեր կամքին,
Ո՞վ կարող է հլու և հեզ
Չաղոթել Ձեզ, օ, տիկին:
Դուք այնպիսի խոսքեր գիտեք
Եվ այնպիսի նուրբ նազեր-
Դահճին անգամ Դուք կդյութեք,
Կստրկացնեք և կայսեր:
Դուք այնպես մեղմ գիտեք շոյել
Հիվանդ ու խենթ իմ հոգին.
Ո՞վ կարող է Ձեզ չգովել,
Ու չերգել Ձեզ, օ, տիկին…
Տերյանը այս բանաստեղծության մեջ մեծարում է Արմենուհուն, աստվածացնում նրան , ասում, որ նա կարող է դյութել նույնիսկ դահիճին և որ նա այնպես մեղմորեն կարողանում է դյութել իր հիվանդ հոգին, որ անհնար է չերգել նրան:
Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի /Թելլի/ Միրզայանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսի տունը այժմ կիսավեր վիճակում է: Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908—1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան:
Տեսածի, ապրածի ու զգացածի յուրահատուկ արտահայտությունը հետագայում դարձավ բանաստեղծի «Դանթեական առասպել» պոեմը, որը 1914-1918 թվականների համաշխարհային պատերազմի առաջին և ամենացնցող արձագանքն է հայ գրականության մեջ: Այս պոեմը առաջին գրավոր հիշատակություններից է Հայոց եղեռնի մասին[8]:
Գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։ Հայրենիքին պիտանի լինելու մղումով 1919 թվականի աշնանը նա ուսուցչություն է անում Կարսի մարզիԲաշքյադիկլար գյուղի դպրոցում։
1932 թվականին լրանում է Չարենցի գրական գործունեության 20 տարին։ Գրողների միությունը որոշում է նշել այդ հոբելյանը, ինչն այդպես էլ չի նշվում։ 1935 թվականից սկսած՝ Չարենցի դեմ ուղղված հալածանքներն ավելի են խորանում։ Նրան հեռացնում են հրատարակչությունից և գրողների միությունից։ 1936 թվականի սեպտեմբերի 24-ից Չարենցը ենթարկվում է տնային կալանքի, նույնը վերջնականապես պարտադրվում է նոյեմբերի 9-ին։ Հայտնի է նաև, որ այդ օրերին գրազի համար մի գիշերում Չարենցը գրել և հաջորդ օրը պատռել է վեց տասնյակից ավելի քառյակ։ 1936 թվականից ավելի ուժգնացած հալածանքների օրերին Չարենցը մեկուսացած կյանք է վարում։ Նա սպասումների մեջ էր։
1936 թվականի հունիսի 20-ին Անդրերկրկոմի ղեկավարության հետ Խանջյանը սկսում է բանակցություններ վարել, որպեսզի Չարենցին թույլատրեն մեկնել արտասահման՝ բուժման նպատակով։ Սակայն Խանջյանի դավադիր սպանությունը ձախողում է Չարենցի մեկնումը։ 1937 թվականի նոյեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 7։00-ին, Կենտրոնական բանտի հիվանդանոցում, օրեր շարունակ տևած անգիտակից վիճակից հետո, բոլորից լքված ու անօգնական՝ իր մահկանացուն է կնքում Եղիշե Չարենցը՝ ժամանակի մեծագույն բանաստեղծը։ Մարտի 13-ին լրացել էր նրա 40 տարին։ Տարիներ շարունակ տևած այս դաժան ողբերգության գլխավոր դեմքը արյունաքամ և ուժասպառ հեռացավ աշխարհից։ Նույն օրը՝ նոյեմբերի 28-ին, կատարեցին դիահերձում։ Արձանագրության մեջ ասված է. «Քննության է դրված տղամարդու դիակ, միջինից ցածր հասակով, խիստ նիհարած։ Ձախ նախաբազկի արտաքին մակերեսին եղել է դաջված. «1927 թվականի հունվար, Ա.Չ»։ Անջինջ գրերով բանաստեղծը մարմնի վրա արձանագրել է իր մեծ սիրո՝ Արփենիկ Չարենցի մահվան թվականը։
Չարենցը տառապել է խորացած մորֆինիզմով, որից և հյուծվել է օրգանիզմը, իսկ վերջին օրերին մորֆիի բացակայությունը հասցրել է աղեստամոքսային ուղու քայքայման։ Գլուխ են բարձրացրել նաև նախկին հիվանդությունները՝ շարունակական պլևրիտը, լյարդի էխինակոկը, երիկամի բորբոքումը։ Այդ ամենը հասցրել է թոքերի կատառային բորբոքման, որից էլ վրա է հասել մահը։ Նրա վիճակը ծանրացել էր նոյեմբերի 17-ից, այդ պատճառով տեղափոխվել էր բանտի հիվանդանոց, ուր և վախճանվել է նոյեմբերի 27-ին։ Մարգարեանալով մի քանի ամիս առաջ՝ 1936 թվականի դեկտեմբերի 15-ին, նա գրել էր։
Իմ մահվան օրը կիջնի լռություն, Ծանր կնստի քաղաքի վրա, Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն, Կամ լուր աղետի՝ թերթերում գրած։
Անձնական կյանք
Արտաքուստ բարեկիրթ, անգամ սառը, բայց ներքուստ վարար ու կրքոտ սեր է նա տածել բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանի (Մենուհի, 1888—1962) հանդեպ, որը նրանից մեծ էր տասը տարով։ Ա. Տիգրանյանին ձոնած գալանտ երգերը՝ «Էմալե պրոֆիլը Ձեր» խորագրով, տպագրվել են մամուլում 1921 թվականին և երկերի ժողովածուի առաջին հատորում՝ 1922 թվականին։ Չարենցի սերն ամենևին անպատասխան չի եղել։ Այդ մասին են վկայում 1964 թվականին տպագրված բանաստեղծությունների ձեռագիր թերթիկները, որոնք նախկինում պահվել են Ա. Տիգրանյանի մոտ։ Այդ թերթիկների հակառակ երեսին ոչ Չարենցի ձեռքով գրված է երկու բանաստեղծություն։ Ամենայն հավանականությամբ դրանց հեղինակը Արմենուհի Տիգրանյանն է։
Հայտնի է Չարենցի սերը բանաստեղծուհի Լեյլիի (Փառանձեմ Սահակյան Տեր-Մկրտչյան, 1884—1951) հանդեպ, որը նրանից մեծ էր տասներեք տարով։ Նրան ևս Չարենցը նվիրեց բանաստեղծությունների առանձին մի շարք՝ «Փողոցային պչրուհուն», որը ևս տպագրվեց երկերի ժողովածուի առաջին հատորում 1922 թվականին։ Ի դեպ, այդ շարքը Չարենցը գրել է Լեյլիի ալբոմում, որը սկսվում է Արմենուհի Տիգրանյանի ձեռքով գրված «Նորը լավ է, քան թե հինը…» եռատուն բանաստեղծությամբ՝ թվագրված 1919, ապրիլի 13, Թիֆլիս։ Սա նշանակում է, որ Արմենուհին և Լեյլին մտերիմներ են եղել, որոնց ընդհանուր մտերմությունը վայելել է և Չարենցը։ Նշենք նաև, որ Արմենուհին կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի քույրն է։
Կարինե Քոթանջյանի հետ մտերմությունը եղել է ոչ միայն անձնական, այլ նաև ստեղծագործական։ Նրան է նվիրել «Ծիածան» շարքը։ 1917 թվականի մարտին Չարենցը հեռանում է Մոսկվայից՝ կայարանում կարդալով Կարինեի համար գիշերը գրված բանաստեղծությունը՝ «Հեռացումի խոսքեր»։
Լյուսի Թառայանի նկատմամբ Չարենցը նույնպես անտարբեր չի եղել։ Նա եղել է դերասանուհի, ապրել է Բաքվում։ Չարենցը և Լյուսի Թառայանը հանդիպել են 1918 թվականին՝ շատ կարճ ժամանակ։ Չարենցն իր «Չարենցնամե» պոեմում գրել է. «Ես երբեք չեմ մոռանա, Թառայա՛ն»։ Նրա «Բրոնզե քույր իմ, բրոնզե հարս» բանաստեղծությունը նույնպես նվիրված էր Լյուսիին։ 1930-ական թվականներին՝ կնոջ մահից հետո, Չարենցը մտադրվում է ամուսնանալ։ Թեկնածուների մեջ էր նաև այն տարիների Երևանի գեղեցկատես կանանցից մեկը՝ Արաքսյա Մանուկյանը, որով հետագայում գերվել է նաև Ավետիք Իսահակյանը։ Այդ կինը 1930 թվականի սկզբին կորցրել էր ամուսնուն՝ Ստեփան Մանուկյանին, որի աճյունը հիմա հանգչում է Կոմիտասի անվան պանթեոնում՝ Հովհաննես Հովհաննիսյանի կողքին։
Ամբողջ կյանքի ընթացքում, սակայն, Չարենցը չի մոռանում իր առաջին կնոջը՝ Արփենիկ Տեր-Աստվածատրյանին, ով ծնվել էր 1888 թվականին Նախիջևանում։ Նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի Գայանյան ուսումնարանում, ապա ուսումը շարունակել է Մոսկվայի ուսուցչական համալսարանում։ 1920 թվականին գալիս է Երևան և աշխատանքի անցնում հատուկ խնդիրներ ունեցող երեխաների ամերիկյան որբանոցում։ Այստեղ էլ կայանում է Չարենցի հետ նրանց հանդիպումը, և մեկ տարի անց նրանք ամուսնանում են:
1931 թվականի սեպտեմբերի 29-ին Չարենցը պաշտոնապես գրանցում է ամուսնությունը Իզաբելլա Կոդաբաշյանի հետ։ Իզաբելլան Չարենցին պարգևում է երկու դուստր՝ Արփենիկը և Անահիտը։ 1932 թվականին ծնվում է Արփենիկը, 1935 թվականին՝ Անահիտը: Արփենիկին ասել է Բոժիկ՝ փոքրիկ աստվածուհի, իսկ Անահիտին՝ Ադոկ՝ ասորափռյուգիական մեռնող ու հարություն առնող Ադոնիս աստծո անունով։
Տաղ անձնական
Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով: Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր. Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար, Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի, Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգեմ հիմի Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով: Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի – Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝ Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի – Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով… Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում. Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն. Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում – Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ… 1919թ.
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Այս բանաստեղծության մեջ Չարենցը գրում է որ ստիպված թողում է իր իր ծննդավայր Կարսը, թողում է իր հայրենի տունը, և նույնիսկ չի հասցնում հաջողություն մաղթել իր սիրած աղջկան և հիմա թափառում է օտարության մեջ: Նրան ոչ ոք չի հասկանում, ու մարդիկ այնքան սառնասիրտ են, որ բանաստեղծը նրանց բնութագրելով ասում է որ մարդկանց դեմքերը կարծես շինված լինեն տապարով: Չարենցը իր կյանքն նկարագրում է տխրությամբ, ասում է որ գորշ, տաղտկալի ու խելագար է իր կյանքը: Բանաստեղծության վերջին տան մեջ Չարենցը հիշատակում է իր սիրած աղջկան`Կարինե Քոթանճյանին, և դիմում է մարդկանց ասելով , որ եթե Կարսի փողոցներում տեսնեն իր սիրած աղջկան, թող փոխանցեն որ Չարենցն ասել է նրան «մնաս բարով»:
1920 — «ԷՄԱԼԵ ՊՐՈՖԻԼԸ ՁԵՐ» ՇԱՐՔԻՑ (Գալանտ երգեր)
Արմենուհի Տիգրանյանին
ՍՈՆԵՏ1
Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։ Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։ Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝ Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։
Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն, Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։ Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի, Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։
Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին — Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ2 են երգում
Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։ Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի — Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։
——————————-
1սոնետ — տասնչորս տողանի բանաստեղծություն, որ բաղկացած է երկու քառատող և երկու եռատող տներից: 2տրիոլետ — բանաստեղծության կառուցման կայուն ձև, որ բաղկացած ութ տողից. տ-ի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տող, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող:
Էմալե պրոֆիլը Ձեր, Ձեր հակինթ աչքերը բիլ Ես այսօր կուզեմ երգել, Որպես մի անհայտ դը Լիլ։ Արդյոք ո՞ր վարպետը մեծ Հորինել է դեմքը Ձեր. Արդյոք ո՞ր Ոգին տվեց Ձեր դեմքին լուսե գծեր։ Կուզեի երգեր կապել Եվ գովել երգով անծիր Էմալե պրոֆիլը Ձեր, Ձեր հակինթ1 աչքերը բիլ։
* * *
Երբ ես տեսնում եմ Ձեզ — Անդարձ անցած մի սեր Սկսում է իր հեզ Հեքիաթները հյուսել։ Հիշում եմ ես հանկարծ Կապույտ լապտեր գազի, Որոնք վաղո՜ւց հանգած՝ Սպասում են լույսի։ Հիշում եմ ջինջ, մաքուր Ապակիներ կորած, Կապույտ ծովի փրփուր՝ Փխրուն գիպսից փորած։ Ինչ-որ մի տեղ գնած Ֆոլիանտի2 թերթեր — Ու թիթեղից շինած Դիակառքի վարդեր։
——————————
1հակինթ — կապույտ կամ կանաչ գույնի թանկագին քար, շափյուղա. փխբ. հակինթի փայլը: 2ֆոլիանտ — մեծ չափսի ստվարածավալ գիրք:
* * *
Հստակ հոսում են իմ Երգերը Ձեր մասին. Տրվե՜լ եմ Ձեր բույրին, Ձեր մեղմախոս լույսին։
Հստա՜կ, հստակ է այս Տխրությունը իմ նոր, Որպես մանկան երազ, Որպես մանկան օրոր։
Սրտիս վրա մի հեզ Քնքշություն է իջել — Թեթև՜, թեթև՜, որպես Կապույտ վուալը1 Ձեր։
* * *
Երբ ես տեսնում եմ դեմքը Ձեր Եվ Ձեր մատները ապակի, Եվ Ձեր դեմքին — լուսե գծեր Ինչ-որ հեռու արեգակի — Սիրտս զգում է ցավը նուրբ Ձեր ուսերին նիրհող շալի, Մետաքսի վիշտը անսփոփ, Անբառ թախիծը ռոյալի, Ու բաժակում նիրհող թեյի Անմահ ձանձրույթը հորանջող— Ու ջահազարդ սենյակների Մարմանդ մորմոքը մեզ տանջող։
—————————-
1վուալ — քող, շղարշ (բարակ, թափանցիկ ու նուրբ գործվածք, որ կանայք գցում են երեսներին):
* * *
Թղթից շինած ծաղիկների պես հիվանդոտ, Թոքախտավոր ստեղների պես ռոյալի, Փոշուց կերած նկարների նման անթով1, Որպես մեռած գեղեցկուհու մի հայելի — Հոգիս տխրել է անբարբառ ու չգիտե Ինչո՞ւ է օրն իրիկնանում ու լուսանում— Երբ ոչ մի լույս դրսից ընկած ճառագայթի Չի՜ ամոքում նրա կարոտը անանուն։
Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ. Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.— Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝ Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…
* * *
Ամռան անուշ, հուրհրատող տո՛թ ես, ջան,— Նախշուն՝ նռան ու նարնջի հո՛տ ես, ջան, Երբ խստադեմ ի՛նձ ես նայում դու հանկարծ — Ասես սրտիս մահվան դաժան բո՛թ ես, ջան…
* * *
Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին, Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին, Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին, Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին։
————————
1տալղա — ալիք, հորձանք: 2գեմի — նավակ:
[ էջ 50 ]
Ու էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի1, ատլաս2 ու խաս3, Երազիս մեջ գոզալն էկավ՝ ինքն էլ վառման քաղցր երազ. Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ, Կանգնեց-մնաց՝ դեմքից քաշած օսկեկարած խասը ձեռին:
Նայեց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց, Ասավ՝ Չարենց, էս գոզալից սրտիս մե հին մրմուռ մնաց. Սիրտս վառվեց, մոխիր դարձավ՝ ինքը կրակ ու հուր մնաց.— Դո՛ւ էլ նրա գովքը արա, որ գա՝ օսկե մազը ձեռին։
Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր, Գնաց նորից տխուր ու լուռ՝ սիրտը հազար մուրազ ու սեր, Երազն անցավ — դո՛ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե, Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց՝ Սայաթ-Նովի սազը ձեռին:
* * *
Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ, Երգեմ պիտի գիշեր-ցերեկ — ու սրտի խաղ պիտի ասեմ, Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր— Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ։
Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես, Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես, Անուշ հոտով սիրտս լցրիր — Վարդստանի, Շիրազի պես,— Ինչ էլ ըլի էշխդ4, գոզալ5,— երգս ուրախ պիտի ասեմ։
———————————
1հուրի — մահմեդականների հավատալիքների համաձայն` երկնային գեղեցկուհի, որ այն աշխարհում պետք է ծառայի հավատացյալի քմահաճույքներին. փխբ. գեղեցկուհի: 2ատլաս, կերպաս — բամբակե կամ մետաքսե նուրբ կտավ, մետաքսե նուրբ գործվածք. հնց. մետաքս: 3խաս — ընտիր տեսակի, լավորակ. գվռ. մետաքս: 4էշխ — գվռ. եռանդ, ավյուն, ոգևորություն, սեր: 5գոզալ, գյոզալ — գեղեցկուհի, չնխարհիկ, սիրուն:
[ էջ 51 ]
Աշխարհը մե բաղ է, գոզալ,— նստել ես դու բաղի մեջը, Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը, Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հ.ավլաբարի թաղի մեջը— Սրտիս անուշ արտասուքին երկնային շա՛ղ պիտի ասե՛մ։
Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ, Էս փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ, Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո՛ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ,— Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ։
* * *
Ես մե անգին գոզալ տեսա — Գյուրջստանի1 քաղաքումը,— Վզին՝ վարդեր ու խալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։
Կանգնել էր լեն քուչի մեջը, հագին ատլաս ու խաս ուներ, Գլխին ոսկի ու շալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։
Արեգակի շողքն էր ընկել վրեն ոսկե չիքիլի2 պես՝ Շրթերը խաս ու ա՛լ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։
Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց. Ամեն մարդու ընկեր ըլիմ — ու բաց ըլիմ մինչև էգուց։
Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝ Էշխդ անքուն սիրտս ընկնի — ու լաց ըլիմ մինչև էգուց։
——————————
1Գյուրջստան — Վրաստան 2չիքիլա — շղարշ, երեսի քող:
[ էջ 52 ]
Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝ ընկերների սուփրին1 գինի ու հաց ըլիմ մինչև էգուց։
Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝ Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։
* * *
Ես մե հարբած դուքանդար2 եմ — դուքանիս մեջ բան չմնաց, Ամենքի հետ սեղան նստա՝ սուլթան, վեզիր, խան չմնաց, Ամենայն տեղ գովքդ արի, տաղեր ասի՛ դրախտային— Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին՝ գոզալ, հոգի, ջա՛ն չմնաց։
Թողի ամենն, ինչ ունեի՝ կյանքս դարձավ հովի նման, Էշխդ ելավ, ճամփես կտրեց՝ Հնդստանի ծովի նման, Հարբած՝ խալխի նոքար3 դարձա աշուղ Սայաթ-Նովի նման, Կարոտ կեցա հրամանիդ՝ ուրիշ հրաման չմնաց։
Ես մե հարբած դուքանդար եմ — դուքանիս մեջ բան չմնաց, Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին — գոզալ, հոգի, ջա՛ն չմնաց։
Քո Չարենցին լեզու տվող երկի՛ր Հայաստան, Հազա*ր ու մե ե՛րգ ես տեսել — էլի՛ կտեսնես։
* * *
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում, Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում, Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛ւյրը վառման, Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե, Արևն ամռան ու ձմռվա վիշապաձայն բուքը վսեմ, Մթում կորած խդճիթների անհյուրընկալ պատերը սև Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։
—————————-
1հերք — գրբ. հոգն. մազեր:
[ էջ 55 ]
Ուր է՛լ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր, Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր, Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր— Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հ.այաստան–յարն եմ սիրում։
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա. Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա. Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։
Եղիշե Չարենց. Մահվան տեսիլ
փաստավավերագրական ֆիլմ
1937թ-ին Չարենցը ընտանիքին՝ կնոջն ու երկու դստերը, տանում է ԾԱՂԿԱՁՈՐ, ինքը վերադառնում Երևան ։ Նրանք այնտեղ մնում են մոտ մեկ ամիս, հետո նրանց վռնդում են այտեղից՝ պարզաբանելով որ այլ մարդ պիտի մնա այդ սենյակում, ոմն Ալի Մամեդով։ Չարենցը շատ է վրդովվում, թերևս նրա համար, որ հասկանում էր, որ օղակի իր շուրջ գնալով սեղմվում էր։ Նա լրիվ մենակ էր մնացել, նրան միայն Աղասի Խանջյանն ու Իսահակյանն էին այցելում։ Խանջյանը խնդրում է Չարենցին զգույշ լինել և տեղեկացնում որ Բերյան իրեն կանչել է Թիֆլիս և հայտնի չէ նա այլևս կվերադառնա թե ոչ․․․Բերյան հենց գրասենյակում գնդակահարում է Խանջյանին, հետո լուրեր են տարածում որ նա ինքնասպան է եղել։ Խանջյանի մահից հետո Չարենցը իրեն լրիվ անպաշտպան էր զգում, գիտակցում էր , որ իրեն չի ներվելու՛՛ Գիրք Ճանապարհին՛՛-ը։ Մի օր էլ սև մեքենա կանգնեց նրանց տան առաջ և Չարենցին տարան․․որպես հակահեղափոխական․․․
Երկու շաբաթ անց Իզաբելլան զանգ է ստանում բանտից, իրեն ասում են, որ Չարենցը այնտեղ է և որ նրան շտապ դեղ է պետք հասցնել։ Իզաբելլան գնում է բան, նրան հանձնում եմ Չարենցի հագուստը , բայց քննիչը թույլ չի տալիս նրան տեսակցել ամուսնուն։ Իզաբելլան Չարենցի հագուստը լվանլիս տեսնում է , որ ամուսինը իր սպիտակ շապիկի վրա քիմիական մատիտով գրել էր, որ իր բոլոր ձեռագրերը հանձնի Ռեգինային, ինչը և Իզաբելլան անում է։ Ռեգինան ձեռագրերը թաքցնում է բարեկամնեից մեկի բակում և միայն տասնյոթ տարի անց, երբ թույլատրվեց խոսել Չարենցի մասին, ձեռագրերը հանվեցին։
Այդ դեպքից մեկ ամիս անց եկան Իզաբելլայի հետևից, մենակ թողնելով երեխաներին։ Նրան բանտարկեցին, որպես ժողովրդի թշնամի՝ Չարենցի կին։
1933թ տպագրվեց Չարենցի վերջին ՛ Գիրք Ճանապարհի՛՛ ժողովածուն, որը տպարանից դուրս չեկավ, չթույլատրվեց հանձնել գրախանութներին և որից հետո սկսվեց նրա նկատմամբ ճնշումներն ու հալածանքները։ Չարենցը ստիպված էր որոշ բանաստեղծություններ հանել և գիրքը վերահրատարակվեց մեկ տարի անց։ 1935-ին Նա դիմում գրեց գրողների միությունից դուրս գալու համար, որից հետո սկցվեցին հալածանքները։
Եղիշե Չարենցը ստալինյան տեռորի ամենանշանավոր զոհն էր, որ տվեց հայ մշակույթն ու գրականությունը։ Դատապարտվեց ոչ միայն գրողը, այլեւ՝ նրա ընտանիքը: Կինը՝ Իզաբելլան, բանտարկվեց եւ աքսորվեց, մանկահասակ դուստրերը՝ որբացան:
Համացանցի օգնությամբ փորձիր պարզել` ինչ ասել է․․․
տրիոլետ
սոնետ
ռուբայաթ
գազել
Եղիշե Չարենցի ստեղծագործություններից բեր համապատասխան օրինակներ:
տրիոլետ— (ֆրանսերեն՝ triolet, ծագում է իտալերենtrio — «երեք» բառից), բանաստեղծության կառուցման կայուն ձև, որը բաղկացած է ութ տողից։
Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տողեր, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։
* * *
Այսօր Ձեր մատները, տիկի՛ն, Նման են հեռու մի հուշի. Մաղում են կապույտ մի փոշի, Այսօր Ձեր մատները, տիկին։ Հին բույրն եմ զգում ես կրկին, Հին բույրը անցած, ուրիշի,— Այսօր Ձեր մատները, տիկի՛ն, Նման են հեռու մի հուշի…
* * *
Շրշում են իմ շուրջը, շրշում Շորեր ու շորեր կանացի. Անցնում են մայթով փողոցի— Շրշում են իմ շուրջը, շրշում։ Լսում եմ գարնան մի շրշյուն, Կարծես թե անտառ գնացի— Իսկ շուրջս շրշում են, շրշում Շորեր ու շորեր կանացի…
* * *
(ՏՐԻՈԼԵՏ ԻՆՏԻՄ)
Հիմա ամեն ինչ անիմաստ է, Իզուր այդպես դու շիկնեցիր. Ինչի՞դ է կյանքը, իր իմաստը, Հիմա ամեն ինչ անիմա՜ստ է.
[ էջ 48 ]
Թողել ենք նավը, ղեկը, լաստը, Իսկ ծովը մո՜ւթ է ու անծիր.— Հիմա ամե՛ն ինչ անիմաստ է— Իզո՜ւր այդպես դու շիկնեցիր…
* * *
Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը Ու պարում են շուրջս լուսազարդ հուշեր— Այս գիշեր իմ սիրտը Ձեզ նորի՛ց հիշել է… Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը, Օ, ինձ ի՞նչ, որ երգն իմ ու գինով իմ սերը Շարժելու են ծաղրը ու ծիծաղը Ձեր— Զրնգում է շուրջս աստղազարդ գիշերը Ու պարում են շուրջս լուսազարդ հուշեր։
սոնետ— (իտալերեն՝ sonetto, sonare — հնչել), բանաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկը։ Բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող (կատրեն) և վերջում երկու եռատող (տերցետ)։
Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։ Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։ Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝ Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։
Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն, Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։ Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի, Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։
Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին — Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ[1] են երգում
Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։ Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի — Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։
ռուբայաթ-պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։
I
Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես. Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես. Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը, Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։
II
Քո ամեն ակնթարթը մի սերմ է, Որ կրում է իր մեջ իր մահը. Բայց հոգին քո— խնդուն ու անահ է Եվ մի՛շտ խանդավառ է ու ջերմ է։
III
Նա թե՛ կյանք է, թե՛ մահ.— ակնթարթը. Անհատնում հատնում է, վառք է.— Եվ այսպես՝ մշտատև է աշխարքը. Անդադար թարթում է— ու անթարթ է։
IV
Նա հոսում է, ալիք առ ալիք, Եվ ամեն վայրկյան— այն չէ՛, Եվ ամեն մի վայրկյանը— հնչեղ Ներկա է, անցյալ— ու գալիք։
V
Ես քեզ ո՞նց, քեզ ո՞նց հասկանամ, Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ, Երբ չեկած՝ դու արդե՛ն իսկ չկաս, Բայց հար դու լինում ես— ու տևում ես:
VI
Անցնում է, հոսում է, վարար է, Ելնում է, սուզվում անդադար, Մշտապես մեռնում է— ու հար է. Մշտապես ու հար — անկատա
ԳԱԶԵԼ—ղազալի (արաբերեն/պարսկերեն՝ غزل, թուրք.՝ gazel), բանաստեղծության կայուն ձև, բաղկացած է մի քանի երկտող տներից(բեյթերից), որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։
Տարածված է Արևելքում և հատկապես Պարսկաստանում։ Սկսել է ձևավորվել IX-X դդ.-ում։
ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ
Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին, Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն, Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,- Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:
Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած, Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց — Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…
Ընդհանրապես Թումանյանին ամբողջության մեջ պետք է նայել և չառանձնացնել նրան` որպես` գրող, հասարակական գործիչ, հայրիկ, ընկեր: Երբ դու իրեն քառատում ես տարբեր ոլորտների, դու նրան փոքրացնում ես, իսկ երբ ամբողջության մեջ ես նայում, հասկանում ես, որ այդ մարդը բացառիկ և չգերազանցված երևույթ է մեր իրականության համար: Իր յուրահատկությունն իր ամբողջականության մեջ է:
Թումանյանն առաջինն էր, որ 1919 թվականի Բաքվի կոտորածների ժամանակ միտինգ արեց Թիֆլիսում և ասաց, որ Ղարաբաղը պետք է ինքնորոշվի, և այն երբևէ թաթարական չի եղել և չի էլ լինի: Թումանյանը Ղարաքիլիսայի ճակատամարտի ժամանակ մեծ գործունեություն է ծավալել, պայքարել է ցարական Ռուսաստանի դեմ: Նա դեռ պատանեկան տարիներին գաղտնի հավաքների մասնակից էր և իր նպատակն էր ազատագրել Արևմտյան Հայաստանը իր ընկերների հետ և դարձնել միասնական Հայաստան: Նա կռվող և խիզախ մարդ էր: Թումանյանը երեք կեղծանուն ուներ. առաջինը` Ամենայն հայոց թամադա, ինչը խոսում է այն մասին, որ նա ուրախ, զվարթ, քեֆչի մարդ էր: Հետո` Ցեղասպանութան ժամանակ ստացավ ևս երկու տիտղոս` մեկը Ամենայն հայոց որբերի հայրիկ, որովհետև երբ վերադարձավ Արևմտյան Հայաստանից Էջմիածնում բացեց որբանոցներ, հիվանդանոցներ: Եվ երրորդ` ինքն իրեն կոչեց Ամենայն հայոց բանաստեղծ` Կաթողիկոսի հետ վիճաբանության ժամանակ: Երբ Կաթողիկոսն արգելում էր վեհարանում ապաստան տալ գաղթականներին, Թումանյանը շատ կտրուկ խոսեց և Կաթողիկոսն ասաց` ինչպե՞ս ես ինձ հետ խոսում, չէ՞ որ ես Ամենայն հայոց կաթողիկոսն եմ և հենց այդ ժամանակ էլ Թումանյանն ասաց` իսկ ես Ամենայն հայոց բանաստեղծն եմ:
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյան:
Բնութագրեք տեքստի թեման երկու բառով։ ՏԽՈՒՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Բնութագրեք տեքստի գլխավոր ասելիքը երկու նախադասությամբ։ Էսպես է դրությունը, և եթե ճշմարիտ էսպես է, սրանից հետո էլ ինչ ուղիղ ճանապարհի կարող է լինել էս դրության մեջ գտնվող ժողովուրդը, ինչ արժանապատվության զգացմունք կարող է ունենալ և ինչ հարգանք հենց դեպի իրեն: Եվ ինչպես կարող է պատահել, որ մեզ սիրեն ու հարգեն օտարները, երբ պարզ տեսնում են, որ մենք, որպես առանձին ժողովուրդ, չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն և հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը։
Կարդում ենք գտած բառերը, նախադասությունները և փորձում հիմնավորել։ Հ. Թումանյանը ՛՛Իմ Ցավը՛՛ գրել է 1914թ-ին բայց կարդալիս հասկանում եմ , որ այն այսօր էլ է արդիական: Թումանյանը ցավում է , որ մենք չգիտենք մեր պատմությունը, չունենք լիարժեք գրականություն դրա մասին, չնայած այն բանի, որ շատ քիչ ժողովորրդներ ունեն մեզ պես պատմություն: Պատմություն ունենք―տգետ ենք: Իսկ տգետ մարդը չի կարող հասկանալ ու ըմբռնել ո՛չ իչ անցյալը, ո՛չ ներկան և ո՛չ էլ ապագան, ու այս դրության մեջ մարդիկ ընկնում են 2 ծայրահողությունների մեջ: Մեկը արհամարհում է իր ցեղը և թույլ է տալիս իրեն ամեն տեսակի ստուրություն, մյուսր՝ իր ցեղը համարելով Աստծո ընտրյալ ժողովուրդ, կույր ազգասիրական տենչով բռնված` չեղած մեծություններ ու փառքեր է զառանցում` հասկացողություններ, ժամանակներ ու դեպքեր իրար խառնելով:Իսկ գրականության մասին ասում է…Հայոց ամբողջ նոր գրականությունը հազիվ թե մի քանի ամսվա ընթերցանության նյութ լինի, և, սակայն քանի՞ հոգի կգտնենք, որ ծանոթ լինեն իրենց մայրենի գրականությանը:
Նյութի բովանդակությանը հավատարիմ մնալով՝ համակարգչային նկարչական որևէ ծրագրով փորձիր նկար պատրաստել:
Մտածում ենք. ի՜նչ մեծ պակասություն է դատարկ աշխարհագրական էն տգիտությունը, որ մեր երկիրը չգիտենք: Չենք հասկանում, թե էդ չգիտենալով` ինչքան բան չգիտենք:
Չէ՞ որ երկիրն է իր առանձնահատկություններով, որ պայմանավորում է ու բացատրում և պատմություն, և գրականություն, և գեղարվեստ, և տնտեսական վիճակ, և մարդկային հայտնի տիպ ու հոգի: Նա է որոշում ազգերի ճակատագիրը. առանց նրա բնավորությունը հասկանալու ոչ կարող ես անցյալդ ըմբռնել, ոչ ներկադ հասկանալ, ոչ ապագադ տնօրինել:
Պատմություն ունենք―տգետ ենք: Եվ, դժբախտաբար, դեռ մի կարգին պատմության գիրք էլ չունենք, թեև քիչ ժողովուրդ կունենա էնքան նյութ իր պատմության համար, ինչքան մենք ունենք: Նախնական մշուշի մեջ թաղված դարերի մասին չեմ ասում, այլ էն ժամանակների ու անցքերի, որոնց վրա ընկնում է ճշմարիտ պատմության լույսը: Չգիտենք: Չգիտենք մենք ինչ ենք եղել, ինչ ենք արել, ինչու և ինչպես, ինչ օրով, ինչ ճանապարհով ենք էստեղ հասել:
Եվ ինչ զարմանք, որ էս դրության մեջ գտնվող մարդը, իր անհատական խեղճությունն ու դատարկությունը հեշտ կտարածի իր ամբողջ ցեղի ու նրա անցյալի վրա, կարհամարհի իր ցեղը, իր անունից կամաչի, կուրանա, իրեն թույլ կտա իր ցեղին վերաբերյալ ամեն ստորություն, և շատ-շատ կդառնա մի միջազգային ոչնչություն, որ աշխարհքում ոչինչ չի հարգում` սկսած իրենից: Կամ թե չէ կընկնի մյուս ծայրը, իր ցեղը կհամարի Աստծո ընտրյալ ժողովուրդը, «12 խաչապաշտի, եթմիշիքի միլլեթի գլուխը», և կույր ազգասիրական տենչով բռնված` չեղած մեծություններ ու փառքեր կզառանցի` հասկացողություններ, ժամանակներ ու դեպքեր իրար խառնելով, մի վիճակ, որ հաջող քառյակով ծաղրել է հանգուցյալ Ռ․ Պատկանյանը, թեև ինքն էլ ազատ չէր էդ պակասությունից։
«Հայկ ու Նապոլեոն մի գռոշի համար Սաստիկ թունդ խոսքեր ասացին իրար․ Հայկն ուներ հրացան, Նապոլեոնն աղեղ․ ― Ո՞վ հաղթեց․― անշուշտ մեր Հայկը ահեղ»։
Հիմի ժողովրդից հարցրեք: Մինը երգում է, թե նահապետական պարզ ժողովուրդ է, մյուսը հայհոյում է, թե փչացած խալխ է, մինը հավատացնում է, թե ազատամիտ մշակական է ու ամեն հարցում իրեն հետ ու համաձայն, մյուսը պնդում է, թե տիրացու ազգ է, եկեղեցուց ու հոգևորականից դուրս ոչինչ չի հարգում, այնինչ երրոդը ասում է սոցիալիստ է․․․
Եվ մինչև էսօր չիմացանք ու չգիտենք, թե ինչ բան է էդ խորհրդավոր սֆինքսը, որ տխուր նստած է Ուրարտուի հին արձանագրությունների կողքին` աչքերն արցունքով ու վշտով լիքը:
Հապա գրականությո՞ւնը:
Հայոց ամբողջ նոր գրականությունը հազիվ թե մի քանի ամսվա ընթերցանության նյութ լինի․ և, սակայն քանի՞ հոգի կգտնենք, որ ծանոթ լինեն իրենց մայրենի գրականությանը: Միշտ կտեսնենք բերան արած կրկնում են էս կամ էն գրողի անունը, գովում, երկինք են հանում կամ պախարակում, ցեխն են կոխում: Հետաքրքրվեցեք, հարց ու փորձ արեք, կտեսնեք ծանոթ չի, կարդացել չի. էստեղից մի կտոր, էնտեղից մի բրթուջ, հաճախ ծուռն ու սխալ: Եվ որքա՜ն գրական տգիտություն, ի՜նչ կոպիտ ճաշակ, ի՜նչ գռեհիկ վերաբերմունք դեպի գրականությունն ու գրողները: Ի՛նչ վիրավորանք քննադատելիս, վիճելիս, օգնելիս, հոբելյանը կատարելիս, մինչև գերեզմանի եզերքը, մինչև թաղման օրը: Իսկ գծծիությո՞ւնը․․․ Ամբողջ նոր գրականության արժեքն ի՞նչ է, գիտե՞ք։ Անշուշտ չգիտեք,― մի 100 ռուբլուց էլ պակաս։ Ամբողջ գրականության արժեքը․․․ Եվ քանի՞ մարդու տան կգտնեք ամբողջ ժողովրդի մեջ․․․ Հայը սովորաբար ցավում է փողը ծախսելիս, բայց գրքի տալի՛ս― էդ ծախսը ուղղակի չի հասկանում, մանավանդ երբ գրքի գինն էլ մի ռուբլուց ավել է։
Լեզուն հո․․․ գրականության մեջ անկազմ ու անկերպարան, մամուլի մեջ աղքատ, ողորմելի մի երկու երեք հարյուր բառերի չոր ու ցամաք շարան, շատ անգամ էն էլ ծուռն ու սխալ։ Մի քիչ կրթված տուն ենք մտնում, ներողություն են խնդրում, որ հայերեն չգիտեն, կամ թե չէ ամենալավ դեպքում, եթե գիտեն, շարունակ լսում եք «նրա մոտ ձայն չկա․․․ հրացանից արձակեցին․․․ Ձեզ կարելի՞ է ուտել․․․ (Вам можно кушать?)» ու նման մարգարիտներ։
Էսպես է դրությունը, և եթե ճշմարիտ էսպես է, սրանից հետո էլ ինչ ուղիղ ճանապարհի կարող է լինել էս դրության մեջ գտնվող ժողովուրդը, ինչ արժանապատվության զգացմունք կարող է ունենալ և ինչ հարգանք հենց դեպի իրեն: Եվ ինչպես կարող է պատահել, որ մեզ սիրեն ու հարգեն օտարները, երբ պարզ տեսնում են, որ մենք, որպես առանձին ժողովուրդ, չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն և հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը։