Рубрика: Без рубрики, Գրականություն

Հովհաննես Թումանյան, «Հայի ոգին»

1. Բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր հոգի և ոգի բառերը:

հոգի—Մարդու, որպես անհատականության, բնորոշ գծերը, հատկությունների ամբողջությունը, բնավորություն: ոգի — Էություն, ներքին բովանդակություն՝ իմաստ:

2. Քո կարծիքով՝ ո՞րն է հայ ժողովրդի ոգին և ի՞նչ է ուզում նա։

Հայ ժողովրդի ոգին դարեր շարունակ ձգտել է անկախության, ազատության, որը ցավոք սրտի կարելի է ասել, որ երբեք չենք ունեցել , բայց այդքանով հանդերձ հայ ժողովրդին հաջողվել է պահպանել իր ազգային կերպարը, ավանդույթները, գրականությունը, մշակույթը: Մեր ժողովուրդը խաղաղ ժամանակ չունի համախմբվածություն, ինչը չես ասի վտանգի ժամանակ, երբ ազգը մի մարդու նման համախմբվում է՝ պաշտպանելու իր հողն, երկիրն, անվտանգությունը, ընտանիքն ու մշակույթը:

Անհատներ կան, որոնք ապրում են և նշանավոր են միայն նրանով, որ մի բարձր պաշտոն ունեն կամ աստիճան։ Առեք նրանցից էդ պաշտոնը կամ աստիճանը՝ կտեսնենք՝ օխտը կորածի մինը։ Մարդիկ էլ կան, որ առանց իշխանության էլ, թեկուզ նույնիսկ ձախորդության ու հալածանքի մեջ, միշտ երևում են իրենց ինքնուրույն կերպարանքով, ուժով ու շնորհքով։ Էդպես են և մարդկային ցեղերը։ Պատմությունը ցեղեր է հիշում, որ իշխել ու նշանավոր են եղել, քանի որ ունեցել են քաղաքական ինքնուրույն իշխանություն, զենքի գոռ ու ֆիզիկական ուժ. հենց որ կորցրել են քաղաքական անկախությունը, հետզհետե հալվել են ժողովուրդների մեջ ու կորել։ Ցեղեր էլ կան, որ քաղաքական անկախ կյանքը կորցնլուց հետո էլ կարողացել են պահել իրենց ազգային կերպարանքը երկար դարերի ընթացքում, ամեն տեսակ հալածանքների տակ։ Իհարկե, ծանր է եղել միշտ էս մաքառումը և բարոյական ու ֆիզիկական կորուստները անվերջ, բայց այնուամենայնիվ նրանք չեն կորել ու կան։ Էդ ժողովուրդնրից մինն է անշուշտ մեր դժբախտ ցեղը, ոո քաղաքականորեն անկախ չի եղել գրեթե երբեք, որ իր գոյության տարիներից ավելի շատ կարող է կոտորածներ համարել, և սակայն էսօր էլ տակավին կա իր լավ թե վատ՝ ազգային կյանքով ու կերպարանքով։

Գիտությունը, լուսավորությունը մարդկային կյանքի պատմության շատ մութ տեղերի հետ միասին լույս կձգի և մեր անցկացած երկար ու դժար ճամփի վրա մինչև նրա սկիզբը, որ ինչքան թանկ է մեզ համար, էնքան էլ վեր է մեր ուժերից։ Բայց մեր ուժերից վեր հո չի նայէլ, քննել, ճանաչել մեր երեկն ու էսօրը։

Էսքան փորձության ու տառապանք ունեցած մի ժողովրդի անվայել է անգիտանալ իր կյանքը ու ծփալ, տարուբերել ժամանակի ալեկոծության քմահաճույքին անձնատուր։ Եթե էդ դրությունը հասկանալի է խավար բազմության համար, ներելի չի ինտելիգենցիային, որ ինչքան էլ ընդհանուր առումով խորթ լինի էս ժողովրդին իր հոգով ու կենցաղով, այնուամենայնիվ իր մեջ պետք է ունենա և ունի մարդիկ, որոնք ապրում են էդ ժոովրդի կյանքն ու պատմությունը։ Նրանք առաջ պետք է անցնեն, որոնեն, ցույց տան, թե որն է էս ժողովրդի ճանապարհը։

Մեզանում, հիրավի, ճանապարհներ կան որոշած, բասյց դրանք էս կամ էն կուսակցությանն են կամ լրագրին։ Ամեն ազգի մեջ կան և միշտ կլինեն ամեն տեսակի հասարակական ու քաղաքական կուսակցություններ ու հոսանքներ, բայց բոլորովին ուրիշ բան է ժողովրդի ամբողջությունը։

Այո՛, լինում են դեպքեր, մի որևէ հոսանք ուժ է առնում ու ժամանակավոր էս կամ էն կողմը քաշում կյանքն ու մարդկանց ուշքը, բայց դրանք մոմենտներ են ամեն ժողովրդի կյանքի մեջ, որոնցից ոչ մինը առանձին վերցրած պատասխան չի տալ դրված հարցի., և նա դարձյալ կխոսի ու պատասխան կուզի, թէ ո՞րն է էս ժողովրդի պատմական ճանապարհը, սրա գոյության խորհուրդը, ի՞նչ է կամենում սա, սրա ոգին։ Եվ ուր որոնենք էդ ոգին։ Արդյոք Սասունի, Զեյթունի, Մոկաց, Ղարաբաղի ու Լոռու սարերո՞ւմ, թե՞ Շիրակի, Արարատի ու Մուշի դաշտերում։ Արդյոք հին վանքերի միստիք կամարների տա՞կ, ուր ծավալվում է «խորհուրդ խորին անհաս և անսկիզբն», թե՞ դալար մարգերում ու խաչահանգիստ հովիտներում, ուր «լուսնյակն անուշ, հովն անուշ, շինականի քունն անուշ»։ Արդյոք «ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ» խոսողի երկնաչու պաղատանքնե՞րի մեջ, թե՞ «վերք Հայաստանիի» հայրենասիրական ողբի հառաչանքների ա մորմոքների մեջ։

Իհարկե, էս ամեն տեղերում, էս ամենի մեջ։ Եվ ի՜նչքան մեծ է խաղաղ կյանքի ու խաղաղ աշխատանքի կարոտը էս ամեն տեղերում ու ամենի մեջ, խորթ արյունի ու պատերազմի, խորթ սրածության ու ավերածության…

Ո՞րն է հայ ժողովրդի ոգին և ի՞նչ է ուզում նա։

Рубрика: Без рубрики, Գրականություն

Թումանյան, «Ձևն ու հոգին» (հատված)

1. Ի՞նչ եք կարծում, այսօր գերակշռողը ձևն է, թե՞ բովանդակությունը: Ինչո՞ւ ես այդպես կարծում, փորձիր կարծիքդ հիմնավորել:

Կարծում եմ, ցավոք սրտի, գերակշռում է ձևը… Այդպես եմ կարծում , քանի որ ձևին հետևելը ավելի հեշտ է քան բովանդակությանը: Եթե օրինակ մարդիկ եկեղեցի գնալու ու մոմ վառելու փոխարեն ընդամենը կատարեին Աստծո 10 պատվիրանները, աշխարհը շատ ավելի բարի ու անվտանգ կլիներ: Բայց ավելի հեշտ է պատվիրաններին չհետևել, փոխարենը օրը մի քանի անգամ գնալ եկեղեցի, մոմ վառել, թողություն խնդրել մեղքերի համար, դուրս գալ եկեղեցուն , նորից մեղք գործել և այդպես շարունակ…

Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը— ձևը և ներքին իմաստը–հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին․ իսկ հեշտը ձևն է։ Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում։

Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը— եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։

Նույնիսկ էն մոմերն էլ որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց էսօր օրը ցերեկով վառելով պահում են միայն ձևը անմիտ ու անխորհուրդ։

Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանամ ու երկար միրուք։ Եվ եթե նա ավետարանը փչացնի— ոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրարանցում կձգի հավատացյալների մեջ։ Քրիստոնեություն ասելով մկրտություն, պատարագ, պսակի ու թաղման, տնօրհնեքի ու գերեզմանօրհնեքի և այլ արտաքին ծեսեր ու արարողություններ են հասկանամ։

Էդպես է պատահում և նոր գաղափարների հետ։

Ուսումնարան ասելով ավելի շատ շենքն են հասկանում, քան թե ուսուցիչ ու աշակերտ։ Իմ էդ հասկացողությունն է խոր պատճառը, որ ուսուցիչը մեզանում էնքան հաճախ ու հեշտ ենթարկվում է զրկանքի, հալածանքի ու արհամարհանքի։ Ուսումնարանի գաղափարը նրա հետ չի կապված, այլ շենքի։

Մի խոսքով գլխավորը պատերն են։

Գրականություն ասելով էլ երբեք կենդանի մարդիկ չեն հասկանամ, այլ տպած գրքեր, և մինչև անգամ դրանից ավելի վատը՝ անուններ․․․

Թատրոնն էլ մի մեծ շենք է, որ բեմ ունի, մեջը տոմսակներ են ծախվում ու դերասաններ են խաղում.

Իսկ դերասան կնշանակի― բեխերը վեր արած մարդ․․․

Ձևն ու ձևապաշտությունը ամեն տեղ, և վա՛յ էն մարդուն, որ էս տեսակ միջավայրում հասկանում ու սիրում է իրերի ու երևույթների ներքին իմաստը և մանավանդ նրանց առողջ ամբողջությունը։

Рубрика: Գրականություն

Թումանյան, «Մի՞թե դժվար է»

..Ի՞նչ ես կարծում` լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալը անկարելի՞ բան է։

Կարծում եմ որ ոչ, եթե կարողանանք դուրս գալ հասարակություն կողմից ընդունված չափորոշիչների կաղապարից: Մարդիկ մեծամասամբ ապրում են հասարակությանը համար, նրանց գոհացնելու ու համոզելու , որ իրենք տեղավորվում են ընդունված նորմերի մեջ: Կարծում եմ պատճառը վախն է… վախն է լինել չհասկացված, չընդունված, քննադատված…. Եվ եթե բոլորս, ինքներս մեր մեջ, ընդունենք որ մեր դիմացինի կարծիքն ու մոտեցումները միշտ չէ որ պիտի համընկնեն մերինի հետ և դա նորմալ է…ապա կարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ…

Հայոց Գրական Ընկերության առաջին երեկույթի բացմանը մեր գրեթե ամեն մի ուղղության ու ամեն հոսանքի մարդիկ միասին հավաքվեցին, միևնույն զգացմունքով, միևնույն անկեղծությամբ խոսեցին միևնույն առարկայի վրա հաշտ ու համերաշխ։ Էս երևույթը էնքան լավ էր ազդել մերոնցից շատերի վրա, որ չէին իմանում ինչպես արտահայտեն իրենց ուրախությունը, իսկ նրանց ուրախությունը էնքան ծանր է ազդել ինձ վրա, որ չեմ իմանում ինչպես հայտնեմ իմ վիշտը։

Մի՞թե հիրավի, միտք եմ անում ես, մենք էնքան ենք զուրկ առաքինություններից, որ մի լավ գործի մեջ էլ իրար կողքի կանգնելն ու միասին ուրախանալը պետք է էսքան մեզ զարմացնի ու էսքան ուրախացնի։

Եվ հեռու է տանում ինձ էս մտածմունքն ու ավելի մեծ է վիշտը։

Կյանքն՝ իր ամբողջության մեջ՝ մեծ է, շատ է մեծ։ Կյանքը— տիեզերական կյանքն է, և մարդու կյանքի ամբողջ վեհությունն ու քաղցրությունն էլ հենց էն է, որ իր շրջապատի միջոցով ապրի էն մեծ կյանքով։ Բայց մարդը սովորաբար չի կարողանում ապրել էն մեծ կյանքով, ապրում է միայն նրա մի մասով― մարդկության կյանքով։ Սակայն նույնիսկ դրանով― մարդկության կյանքով ապրելու էլ քչերն են ընդունակ։ Չէ՞ որ կյանքն ինչպես անսահման մեծ է, էնպես էլ փոքր է անսահման։ Եվ ահա ընդհանրապես ապրում են ավելի նեղ ու փոքրիկ կյանքերով։ Կա ազգային կյանք, պետական կյանք, դասակարգային կյանք, կուսակցական կյանք, ավելի ― նեղ թայֆայական կյանք ― թշնամու բանակների պես կանգնած իրար դեմ մինչև էն պստլիկ ես-ը… Էսպես էլ գնալով, գնալով էնքան է նեղանում ու նեղսոտանում, մինչև կտրում է մարդ արարածի ազատ շունչը ու բանն էնտեղ է հասնում, որ նույնիսկ իրար հարազատ մարդիկ զարմանում են, որ կարող են իրար կողքի կանգնել ու միասին ուրախանալ։

Ո՜վ ողորմելի ուրախություն, ի՜նչքան ցավալի բաներ ես ասում դու…

Բայց մի՞թե ճշմարիտ է, էդքանն էլ չկա մեր մեջը։ Մի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ։ Մի՞թե դեռ ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայն սիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե ենք։ Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելի. մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի։

Մի՞թե դժվար է։

1913

Рубрика: Գրականություն

Թումանյան, «Դառնացած ժողովուրդ»

. Գտե՛ք տեքստի բովանդակությանն առավել համապատասխանող 1 բառ, այսինքն՝ բնութագրեք տեքստի թեման մեկ բառով։

Ես կբնութագրեի Չկամություն… բառով

. Գտե՛ք տեքստի բովանդակությանն առավել համապատասխանող 1 նախադասություն, այսինքն՝ բնութագրեք տեքստի գլխավոր ասելիքը մեկ նախադասությամբ։

ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած։

. Գտե՛ք տեքստում մի գաղտնիք, բանալի, այն, առանց որի տեքստը կզրկվեր իմաստից:

Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը

. Կարդում ենք գտած բառը, նախադասությունը, բանալին և հիմնավորում

Ցանկացած խնդրի դեպքում եթե մարդը չգիտակցի իր մեղքի բաժինը ու չխոստովանի, թեկուզ միայն ինքն իրեն, ապաքինում հնարավոր չէ: Եթե յուրաքնարյուրս տեսնենք, գիտակցենք մեր սխալներն ու ընդունենք մեր թերությունները փոխարենը մատնանշելու դիմացինինը, ապա այդ դեպքում այդ գիտակցմանը կհաջորդի ինքնաշտկման ու ինքնակատարելագրոծման ձգտումը, որն էլ կբերի ներսից ապաքինման:

Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք է՛ն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք. ի հարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։
Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում։
Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը։ Մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստախոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են։
Բայց, իհարկե, սրանց չպետք է հավատալ, ոչ էլ ականջ դնել։ Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդություններով։Նայեցե՛ք։
Գյուղացի ռանճպար մարդիկ են, հարևան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռը աղ ու հաց կերած, բայց եթե մեկի արտը լավ է գալի կամ անասունը բազմանում՝ մյուսը նախանձից հիվանդանում կամ ինչպես իրենք են ասում՝ «արնով է ընկնում»։
Վաճառականներ են, առուտուր են անում, թեկուզ մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը լսելիս քունը կորցնում է ու էնքան էլ իր գործի վրա չի մտածում, որքան նրա հաջողության վրա է դարդ անում, ու տեղն ընկած տեղը ոչինչ չի խնայիլ նրա գործին վնասելու։Հոգևորական է. ինչքան վարձ ու պատիվ կուզեք տվեք — միշտ դժգոհ է, բողոքում է, գանգատվում է անարդարությունից, և գիտե՞ք էդ անարդարությունը որն է, որ իր ընկերն էլ է նույնը ստանում կամ նա էլ է կարողանում ապրել։Քաղաքացի թե գյուղացի՝ երկուսը վեճ ունեն իրար հետ։ Ոչ մի դատաստանում չի վերջանում նրանց վեճը, տևում է երկար տարիներ և հաճախ իրենց ամբողջ կյանքն ու կայքը դնում են էդ վեճի վրա, մինչև կարողանում է մեկը մյուսին խեղդել, գետնին հավասարել կամ հենց երկուսն էլ փչանում են։ Մամուլ կա։ Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտություն, է՛լ ափաշկարա սուտ, է՛լ չարախոսություն, կեղծավորություն։ Նեղ թայֆականություն հո ոչ մի գյուղում գուցե էնքան անվայել կերպարանք չի առել, որքան սրա մեջ։ Մի հայտնի հրապարակախոս պատմում էր, թե պարզ խոսում էին մեր խմբագրատանը, թե էս կամ էն գրողին, ինչքան էլ լավ գրվածք հրատարակի, միշտ պետք է զարկել, ծաղրել կամ լռել, մի խոսքով ամեն կերպ աշխատել սպանել, միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի։
Էդպես էլ մտեք ազգային, հասարակական, գրական գործիչների մեջ։ Մեկը մյուսի հռչակն ու հաջողությունը տանել չի կարողանում։
Հիմի եկեք ուսուցիչներին տեսեք։ Դասերից ավելի շատ է՛ն աշխատանքի վրա են, որ իրար ոտի տակ փորեն, և շարունակ մի որևէ չնչին դեպք, որ կարելի էր ընկերական շրջանում հեշտ վերջացնել, ազգային հարց դարձրած, տարիներով ձգտում են պաշտոնական ճանապարհով, դատարանով ու մամուլի էջերում մեկը մյուսին անվանարկել, հալածել ասպարեզից ու սպանել բարոյապես… ո՛չ մի մեղմություն, ո՛չ մի ներողամտություն, ո՛չ մի սահման չարությանը։Ինչո՞ւ է էսպես։
Պարզ հասկանալու համար երևույթի վրա պետք է նայել բնության ու պատմության օրենքների բարձրությունից, էն լայն, խաղաղ ու խոր հայացքով, որ նրանք միայն կարող են տալ։ Ուրիշ ընղհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում։ Էսպես է բնության օրենքը։
Էն հասարակ վարունկի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում։ Նրա համար էլ ձեզ թույլ չեն տալ, որ նրա թուփը ոտի տակով անեք։ Էնպես դառնանում ու դաժանանում է և մարդը, նրա հոգին, սիրտը, միտքը, ու ներքին դառնությունը դուրս է տալի, հայտնվում է և՛ աչքերում, և՛ դեմքին, և՛ խոսքերում, և՛ գործերում, ամեն տեղ, ամեն ասպարեզում, ու ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան։ Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ «հառաջադիմություն», և՛ «կուլտուրա», և՛ «մամուլ», և՛ «գրականություն», և՛ «դպրոց», և՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի։ Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան։ Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչը որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ և մի ժողովուրդ թանկ ու համակրելի։Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած։

Рубрика: Գրականություն

Հովհաննես Թումանյան, քառյակներ

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն:

* * *

Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:

Դու մի անհայտ Բանաստեղծ ես` չտեսնված մինչ էսօր,
Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր:
Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր:

* * *

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.

Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.

Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:

* * *

Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր,
Ես լսում եմ Նրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.

Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մրմունջը ամենուր:

* * *

Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ,
Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ,
Անհիշելի վերհուշերի մշուշներում նրբաղոտ`
Երբեմն, ասես, զգում եմ ես, թե կհասնեմ Նրա մոտ…

* * *

Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում սպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…
Ա՜խ, թե նորից գտնեմ ճամփան դեպի էնտե՜ղ, դեպի տու՜ն…

* * *

Քուն թե արթուն` օրիս շատը երազ եղավ, անցկացավ,
Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վռազ եղավ, անցկացավ.
Վռազ անցան երազ, մուրազ, ու չհասա ոչ մեկին,
Կյանքս թեթև տանուլ տված գրազ եղավ, անցկացավ:

* * *

Առատ, անհատ` Աստծու նման` միշտ տեղալուց հոգնել եմ ես,
Հոգիս ծարավ` սրան-նրան մտիկ տալուց հոգնել եմ ես.
Մինը պիտի գար իմ դեմը` ճոխ ու շռայլ անհաշիվ,
Ամեն ճամփում սպասելուց ու փնտրելուց հոգնել եմ ես:

* * *

Աստծու բանտն են տաճարները աշխարհքներում բովանդակ,
Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ:
Հարկավ` ազատ նա ժպտում է ամենուրեք ամենքին,
Բայց դու նայիր խեղճ ու կրակ մարդու գործին ու խելքին:

* * *

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցնա քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:

* * *

Ծով է իմ վիշտն անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով:

* * *

Հիմա բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՜ն, հայրենի ծղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:

* * *

Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել, լույս տվել,
Լույս տալով եմ սպառվել:

* * *

Մեր կյանքը―կարճ մի վերելք,
Անցնել հանգիստ ամեն տանջանք ու վայելք,
Ապրել անախտ, անցնել անհաղթ―հոգիանալ ու նորեն
Նյութից զատված, անմեկ Աստված―վերադառնալ դեպ իրեն։

http://www.hye-books.com/HT01/c120.html

http://hy.wikisource.org/wiki/%D5%93%D5%A1%D6%80%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A1

Рубрика: Գրականություն

Հովհաննես Թումանյան, բանաստեղծություններ

Տպավորություններ

Հա՜, կյանքում ես միշտ այսպես եմ եղել —
Խնդացող տխուր, սրտաբեկ ուրախ.
Հազիվ ուզել եմ անհոգ ծիծաղել
Եվ սրտիս խորքից հառաչեւ եմ «ա՛խ»:

Գարնան երկինք է իմ դժբախտ հոգին —
Մերթ մութ ամպամած, մերթ մեղմ ու պայծառ,
Եվ տարերքների ուժով ահագին
Շափառուկները ճընշում են իրար:

Իմ հոգին էլ այն երկնքի նման,
Որ ծավալվում է ձեր գլխի վերև,
Ձեզ անհայտ, գաղտնի — տեսնում է շատ բան
Ե՜վ մոտ, և՜ հեռու, և՜ փայլուն, և՜ սև…

Շեշտակի թափով, բուռն ու մոլեգին
Ամենայն կողմից ցոլանում, հոսում,
Լցվում են նրանք իմ անտակ հոգին
Եվ ալեկոծում, չարչարում, հուզում:

Ես հազար աչքով բաներ եմ տեսնում,
Որ թաքնված են լռության ետև,
Հազար ականջով ձայներ եմ լսում,
Որ դեռ սրտերում շշուկ են թեթև:

Եվ ամեն կողմից ձայնե՛ր ու ձայնե՛ր,
Քնքուշ, կատաղի, թախծալի, զվարթ…
Եվ ես ընկնում եմ, համբառնում եմ վեր,
Անզուսպ մոլեգնում կամ ծփում հանդարտ:

Լրբենի մի ձայն, — և ինչպես մրրիկ
Վազում է արյունս իմ երակներում,
Պայթում է սիրտս, և օձի նման
Բարձրանում եմ ես, թշշում, գալարվում:

Մի ձայն էլ ահա, — տկա՛ր, խղճա՛լի…
Եվ ես փոխվում եմ նորից ու նորից.
Ա՛հ, աստվա՛ծ, աստվա՛ծ, իմ փոթորկալի
Հոգին տանջվում է այսքան ձայներից:

Վայրէջք

Քառասուն տարի բըռնած ճանապարհ՝
Շիտակ, անվեհեր
Գընում եմ ես վեր—
Դեպ Անհայտը սուրբ, աշխարհքը պայծառ։

Քառասուն տարի ճամփովն ահարկու
Անցել եմ էսպես
Ու հասել եմ ես,
Խաղաղությանն եմ հասել ես հոգու։

Թողել եմ ներքև, մեծ լերան տակին,

Ե՛վ փառքը, և՛ գանձ,
Ե՛վ քեն, և՛ նախանձ—
Ամենը, ինչ որ ճընշում է հոգին։

Եվ էն ամենը, արդ նայում եմ ես—
Տեսնում եմ նորից

Իմ լերան ծերից—
Էնպես հասարա՜կ, դատարկ են էնպե՛ս…

Եվ ես իմաստուն ու բեռըս թեթև,
Անհոգ ծիծաղով,
Երգով ու տաղով

Իջնում եմ զըվարթ իմ լերան ետև։

Քրիստոսն անապատում

Անապատի մեջ խավար ու տխուր,
Ցրված քարերից մի քարի վըրա,
Գլխակոր նըստած, մտախոհ ու լուռ՝
Աշխարհի մասին մըտածում էր նա։

Նրա ճակատը մութն էր ավելի,
Քան անապատը գիշերվա մթնում,
Մտածում էր նա՝ սեր-լույս ծավալի
Մարդկային կյանքի մութն անապատում։

Աչքի առաջև անց էին կենում

Սըրով, արյունով խուժադուժ ազգեր,
Անճար ու տըկար լաց էին լինում
Աղքատը, այրին ու որբը անտեր…

Եվ անապատում մի քարի վըրա
Միայնակ նըստած մըտածում էր նա…

 Պատրանք

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

Թե հոգնել ես…

Թե հոգնել ես հաղթահարված,

Կյանքի անվերջ հոգսերով,
Թե տանջվում ես արհամարհված
Բոցավառվող քո սիրով.

Թե կյանքի մեջ մի չար դիպված,
Մի ամոթ է քեզ ճնշում,
Թե չարաչար հիասթափված
Կյանքն ատում ես և գարշում,

Լավ իմացիր, ողջ անօգուտ
Պիտի հուզեն միմիայն քեզ,
Մի՛ սպառիր ուժը հոգուդ
Մտածմունքով կարճատես.

Հանգիստ եղիր, աղոթք արա,
Անհիշաչար եղիր միշտ,
Թող քո լացով չուրախանա
Քո թշնամին ամբարիշտ։

Կյանքի ցավը, բախտի խաղը,
Ատելությունն անմըտի,
Հավատացի՛ր, երբեք չարժեն
Վրդովմունքին քո սրտի։

Եվ այդ սիրտը քեզ չի տված,
Որ դու մաշես ամեն օր,
Այնտեղ պիտի ապրի Աստված,
Ոչ թե ցավեր նորանոր։

Տիեզերքի ընթերցումը

Որ հայացք ես ինձ տըվել վերամբարձ՝
Սուզվելու վերին սահմաններն արփի,
Որ միտք ես տըվել երկնաճեմ ու բաց՝
Չափելու ահեղ բացերն անչափի,

Որ կապել ես մեզ, հոգիս քեզ արել՝
Հոգուս անհունի հըրճվանքը տալով,
Բարձըր ճակատիս ժըպիտ ես վառել,
Վառել, զարդարել արփենի փայլով,

Անթարթափ աչքով, անխարխափ հոգով

Կարդում եմ քո վեհ ազդումներն անվերջ,
Կարդում եմ պայծառ, ուրախ ցերեկով,
Ու գիշերները ահավոր ու պերճ։

Վերանում է վեր հոգիս զըվարթուն—
Չըկա մոտ ու տար, չըկա վեր ու ցած,

Տիեզերքն ամբողջ հայրենիք ու տուն,
Ու ես մի ազատ՝ անտարբեր աստված։

Ժպտուն աչքեր

Դու մի՛ հավատա ժըպտուն աչքերին,
Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ՝
Բուսած կորըստյան անդունդի ծերին,
Միամիտ մարդկանց քաշելու համար։

Ահա պոետն էլ, պատրանքով հարբած,
Գերվեց մի անգամ ժըպտուն աչքերի,
Ու որքան տանջվեց, տառապեց խաբված,
Ու որքան սըրտում գանգատներ ունի…

Դու շատ մի՛ խաբվի ժըպտուն աչքերից,

Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ,
Ծըլում են սըրտի ավերակներից
Տըխուր հատակը ծածկելու համար։

Ահա պոետն էլ՝ տառապած մի մարդ,
Որ սըրտում էնքան գանգատներ ունի,

Բայց հաճախ էնպես ժըպտում է զըվարթ,
Ասես թե քեզնից բախտավոր լինի։

Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,

Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ

Ծով բարություն, շընորհք ու սեր

Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,

Սիրտս է առատ, լեն ու ազատ.

Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—

Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,

Աշխարհքով մին՝ ահա էսպես

Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր

Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,

Իր տրվածն եմ տալիս իրեն։

Рубрика: Գրականություն

Հովհաննես Թումանյան

Բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ. փետրվարի 19-ին: Թումանյանի ստեղծագործություններում մարմնավորված են հայ ժողովրդի հավաքական իմաստնությունն ու հանճարը, նրա տենչերն ու երազանքները:

Հովհաննես Թումանյանն սկզբնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, ապա Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան): 1883թ.-ից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887թթ. սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1893թ.-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվել գրական և հասարակական գործունեությամբ:

Նա գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ: Գրողի լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական: Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները: Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ: Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուր է համարել բանահյուսությունը: Այս սկզբունքով են ստեղծված «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները: «Հառաչանք» (անավարտ), «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղը՝ իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով: «Անուշ» պոեմում հավերժական ու անմահ սիրո հուզիչ պատմություն է: Հերոսուհին՝ Անուշը, կորցնելով իր սերը, կորցնում է նաև հոգեկան հավասարակշռությունը, չի կարողանում ապրել «պաղ ու տխուր» աշխարհում և իրեն նետում է գետը՝ վիշտը խառնելով Դեբեդի ալիքներին: Պոեմում Թումանյանը քննադատել է գյուղի հնացած, քարացած սովորույթները և նեղմիտ պատվախնդրությունը:  Թումանյանը ծավալել է նաև հասարակական և գրական լայն գործունեություն: 1905-1906թթ. հաշտարար դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է: 1918թ. հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին: 1899թ. նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ: Թումանյանի բազմաթիվ երկեր թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, տաջիկերեն, ուզբեկերեն, լիտվերեն, անգլերեն, պարսկերեն, իտալերեն, իսպաներեն, արաբերեն, ճապոներեն, շվեդերեն, չինարեն և այլ լեզուներով: Երևանում գործում է Թումանյանի թանգարանը, Դսեղում՝ տուն-թանգարանը: Նրա անունով են կոչվել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, հրապարակ Մոսկվայում, Երևանի տիկնիկային թատրոնը, փողոցներ, դպրոցներ, գրադարաններ Երևանում և Այսրկովկասի տարբեր վայրերում: 1980թ. սահմանվել է Հայաստանի գրողների միության՝  Թումանյանի անվան ամենամյա մրցանակը: 1957թ. օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը: ՀՀ թղթադրամներից մեկի վրա պատկերված է Թումանյանի դիմանկարը: Մահացել է 1923թ.-ի մարտի 23-ին:

Рубрика: Գրականություն

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ: «Վիհի եզերքին» փաստավավերագրական ֆիլմը

Վիհի եզերքին ֆիլմը նկարահանվել է 2017 թվականին:

ԳԱՆՁԱ-ն որտեղ ծնվել է մեծ բանաստեղծը՝ այդ ժամանակ մտնում էր Ռուսական կայսրության կազմի մեջ: Կառավարությունը գյուղացիներից գանձում էր բավականին բարձր հարկեր ուստի գյուղացիների դրությունը գնալով վատանում էր: Տարիներ անց, Մոսկվայում արդեն հայտնի ուսանողական ցույցերի կազմակերպիչն ու սուր քնադատական հոդվածներով հայտնի բանաստեղծը, ով հարենի գյուղում ուներ համեստ ու ռոմանտիկ երիտասարդի համբավ, հոգով ըմբոստ հեղափոխական էր, ով պրոպագանդում էր հեղափոխություն:

Արամը՝Վահանի ավագ եղբայրը, Վահանին տանում է Մոսկվա՝ սովորելու Լազարյան ճեմարանում: Հետագայում Վահանը Թիֆլիսում ծանոթանում է Ստեփան Շահումյանի հետ: 1905 ականներին Տերյանին ձերբակալում են , որպես հեղափոխության ակտիվ մասնակից: Դա ճակատագրական եղավ Տերյանի համար, ով դարձավ սոցիալ-դեմոկրատ: Բանտից դուրս գալուց հետո նա ժամանկավոր բնակվում է իր ընկեր Պողոս Մակինցյանի բնակարանում, ով ապրում էր ոմն ՝ Եկատիրինա Վլադիմիրովնա անունով կնոջ հետ, ով փորձում է սիրախաղ խաղալ Պողոսի լավագույն ընկերոջ հետ, սակայն Տերյանը բացառում է հարաբերությունների խեղաթյուրում: 1908թ Թիֆլիսում լույս է տեսնում ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ ժողովածուն, որը շատ լավ է ընդունվում բոլորի կողմից:

Վահանը սիրահարվում է Անթառամին, ում հանդիպում է Մոսկվայի հայկակակն եկեղեցում, բայց Սուսաննա Պախալովան , ով ի տարբերություն Անթառամին, տիրապետում էր կանացի հնարքներին, այնպես աննկատ սողոսկեց նրանց հարաբերություններում, որ Տերյանը ստիպված եղավ ամուսնանալ: Նրանց առաջին զավակը ծնվեց միայն 5 տարի անց:

1917 թվական, Արևմտյան Հայաստանից եկող լուրերը հուսահատեցրել էիր բանաստեղծին: Որբանոցներում շրջելիս նա խնդրում է երեխաներին գրի առնել այն ինչ նրանք տեսել են: Այս գրվածքները հետո լուրջ փաստաթղթեր են դառնում:

Рубрика: Գրականություն

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Ո՛րն է լավ, ո՛րը վատ.
Ես սիրում եմ աչքերըդ խոհուն
Եվ խոսքերըդ վհատ….

Ես սիրում եմ արտերը ոսկի
Եվ դաշտերը պայծառ,
Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,
Որ չասիր ու անցար…

Միայնակ՝ ես սիրում եմ նստել
Երերուն լույսերում,
Ես սիրում եմ երազ ու ըստվեր. —
Ես իմ սերն եմ սիրում…

Այս բանաստեղծության մեջ քնարական հերոսը նկարագրում է իր անպատասխան սերը; Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,
Որ չասիր ու անցար
:

Հորոսը այնքան է խճճվել, որ արդեն ինքն էլ չգիտի

այս տխուր աշխարհում
Ո՛րն է լավ, ո՛րը վատ.

«Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ»

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ
Ու ողջ կյա՛նքդ մի անսահման քաղցր նինջ…

Տերյան ընթերցելիս  մեզ թվում է, թե նա թախծի ու աշնան բանաստեղծ է, բայց այս երկուսից զատ Տերյանը նաև հիանալի սիրային քնարերգու է:

Վերջին ուղևորություն վավերագրական ֆիլմ

՛՛Վերջին ուղևորություն՛՛ վավերագրական ֆիլմը նկարահանվել է 2012 թվականին: Այն Վահան Տերյանի և նրա կնոջ՝ Անահիտ Շահիջանյանի, նրանց համատեղ կյանքի վերջին օրերի մասին է։ Բանաստեղծի խոհերն ու զրույցները, որենք գրվել են ավելի քան 100 տարի առաջ, թվում է՝ հենց այսօրվա մասին են։ Ֆիլմի համահեղինակներն են Հրայր Թամրազյանը և Գայանե Դանիելյանը։ Ազատություն ռադիոկայանի թողարկած այս ֆիլմում՝ Վահան Տերյանի դերում նկարահանվել է Արտաշես Մխիթարյանը, իսկ Տերյանի կնոջ դերում՝ Նարինե Գրիգորյանը։ Ֆիլմի ռեժիսորն է Հրայր Թամրազյանը, օպերատորը՝ Լևոն Գրիգորյանը։ Մոնտաժի հեղինակն է Հայկ Գրիգորյանը։

Ֆիլմը  հաղթող է ճանաչվել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Լավագույնը` 2012 թվականի հուլիս-օգոստոսին» մրցույթի «Նորարարություն» կատեգորիայում։ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը երաշխավորել է տեսաֆիլմը ավագ դպրոցում որպես ուսումնաօժանդակ նյութ օգտագործելու համար։

Ֆիլմը առաջին անգամ էի դիտում, այն բավականին տպավորիչ էր… Ես ինձ համար բացահայտեցի Վահան Տերյանին և՛որպես քաղաքական գործիչ և՛ որպես մեծ ու անձնվեր հայրենասեր: Նա երազում էր ստեղծել հոգևոր, այլ ոչ թե նյութական հայրենիք: Նա նյութական հայրենիքին անհոգի դիակ էր անվանում: Տերյանը իր հայրենիքի ու ժողովրդի հոգևոր փրկությունը տեսնում էր ժողովրդի եվրոպականացման մեջ: Նա մեզ համարում էր աշակերտ ՝եվրոպայի առջև: Նրա հայցքը ուղղված էր դեպի եվրոպական մշակույթ ու մտածողություն: Նա կոչ էր անում ընդունել եվրոպական կուլտուրան, մտնել նրանց շարքերն, որպես կուլտուրական ազգ՝ պահպանելով ազգային դիմագիծը:

Քաղաքական առումով, Տերյանը իր ժողովրդի փրկությունը կապում էր կոմունիստների և հոկտեմբերյան հեղափոխության հետ, բայց Լենինն ու Ստալինը իրենց կեղքին չէին հանդուրժի Տերյանի նման նվիրյալ իր ժողովրդի համար: Նրան կարճ ժամանակ անց ազատեցին պաշտոնից, իսկ 1919 հոկտեմբերին հույժ գաղտնի հանձնարարությամբ ՛՛ակսորեցին՛՛ Թուրքեստան :

Ճամփորդության ժամանակ Տերյանի առողջական վիճակը խիստ վատանում է և նա ու իր 20-ամյա կինը՝ Անահիտը չշարունակելով ճամփորդությունը գնում են Օրենբուրգ՝ Անահիտի ծանոթների մոտ, որտեղ էլ ըստ ֆիլմի Տերյանը անցկացնում է կյանքի վերջին օրերը:

Рубрика: Без рубрики, Գրականություն

Վահան Տերյան (կենսագրություն)

Վահան Տերյան 

Ծննդյան անուն Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան Ծնվել էհունվարի 28 (փետրվարի 9), 1885 Ծննդավայր ԳանձաԹիֆլիսի նահանգՌուսական կայսրություն Վախճանվել է հունվարի 71920[1] (34 տարեկանում)Վախճանի վայր ՕրենբուրգԽորհրդային Ռուսաստան[1]Մասնագիտություն բանաստեղծթարգմանիչգրող և հասարակական գործիչ Լեզու հայերեն[2]Ազգություն հայ Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ՌԽՖՍՀԿրթություն Մոսկվայի պետական համալսարան և Լազարյան ճեմարան Ուշագրավ աշխատանքներՄթնշաղի անուրջներԳիշեր և հուշերՈսկի հեքիաթԵրկիր Նաիրի և Կատվի դրախտ Ամուսին Սուսաննա Տերյան

Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նախնիները 1830 թվականին Ջավախքում վերաբնակություն էին հաստատել Կարինի Կարճնկոց գյուղից: Տոհմագրությունը սկսվում է տեր Ղազարից, ում թոռը՝ Սուքիասը, ապագա բանաստեղծի հայրն էր: 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր ՄյասնիկյանիՊողոս ՄակինցյանիՑոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։

1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը[3]։

1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։

Վահան Տերյանը բացառիկ դեմք է 20-րդ դարի հայ պոեզիայի պատմության մեջ: Նա հեղաշրջեց գեղարվեստական մտածողությունը՝ բերելով նոր աշխարհայացք ու պատկերային համակարգ, նոր գրական լեզու, նոր արվեստ

Ծննդյան անունՎահան Սուքիասի Տեր-Գրիգորյան
Ծնվել էհունվարի 28 (փետրվարի 9), 1885
ԾննդավայրԳանձաԹիֆլիսի նահանգՌուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 71920[1] (34 տարեկանում)
Վախճանի վայրՕրենբուրգԽորհրդային Ռուսաստան[1]
Մասնագիտությունբանաստեղծթարգմանիչգրող և հասարակական գործիչ
Լեզուհայերեն[2]
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ՌԽՖՍՀ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան և Լազարյան ճեմարան
Ուշագրավ աշխատանքներՄթնշաղի անուրջներԳիշեր և հուշերՈսկի հեքիաթԵրկիր Նաիրի և Կատվի դրախտ